«Շարքային» հեղափոխականները՝ 100 օր անց - Mediamax.am

exclusive
13076 դիտում

«Շարքային» հեղափոխականները՝ 100 օր անց


Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

Հենրիկ Վանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ ոստիկանների հետ
Հենրիկ Վանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ ոստիկանների հետ

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

Անելյա Գուբրյանը
Անելյա Գուբրյանը

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

Բելլա Սահակյանը
Բելլա Սահակյանը

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

Բելլա Սահակյանը` ընկերների հետ
Բելլա Սահակյանը` ընկերների հետ

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս


Նրանք պայքարեցին ազնիվ, ծնողներից թաքուն, դասադուլ ու գործադուլ արեցին, համոզեցին անհավատ մեծերին, անփորձ ընկերներին, շատացան  ու հասան իրենց ուզածին: Նրանք վաղուց վերադարձել են իրենց առօրյա կյանքին, լուռ կարոտում են պայքարի օրերը ու սպասում՝ իրենց շնորհիվ Նոր Հայաստան դարձած երկրի ավելի լավ ապագային: 

 

«Շարքային» հեղափոխականներին օրեր շարունակ նկարել էր Մեդիամաքսի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանը։ Ամիսներ անց փնտրել ու գտել ենք նրանցից մի քանիսին ու զրուցել «իրենց հեղափոխության» մասին: 

 

Հենրիկ Վանյան, 19 տարեկան, բարմեն

 

Նկարի օրն ապրիլի 23-ը է. առավոտվանից Կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկանները շատ բարկացած ու թշնամական հայացքներով մեզ էին նայում: Երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմացանք, ես ու մանկությանս ընկերը (նկարի մյուս տղան) սրճարանում էինք, անմիջապես հետ վազեցինք՝ Կառավարության շենքի մոտ. ուզում էինք պարզապես նույն ոստիկանների դեմքերին նորից նայել: Նրանց մեծ մասն արդեն ժպիտով էր, չնայած կային մի քանիսը, որ այդպես էլ լուրջ կանգնած մնացին: Մենք չէինք ուզում ոստիկաններին փաթաթվել, շնորհավորել. պատահական ստացվեց.... Առաջ ինձ թվում էր, որ հենց հեղափոխություն լինի, նրանց բոլորին հերթով պետք է պատասխանատվության ենթարկել, բայց հրաժարականի օրն ուրախ էինք, ամեն ինչ մոռացանք: 

 

Բոլորը խմում, ուրախանում էին, տարբեր ազգի մարդիկ խառնվել էին հայերի հետ... Չնայած այդ օրը շուտ տուն գնացի, որովհետեւ հետո արդեն մի քիչ հարամություն սկսվեց: Բոլորը սիգնալները միացրել էին, կախվել մեքենայի պատուհաններից, խմել... Ի դեպ նրանց մեծ մասը հաստատ կապ չուներ հեղափոխության հետ:

 

***

 

Պայքարում էի անարդարության դեմ, երբ կարող են փողոցում ինչ-որ մեկի սպանել կամ ծեծել ու նրանց ոչ մի պատասխանատվության չենթարկել: Ինքս անարդարություն չեմ զգացել, բայց, օրինակ, ընկերոջս օրենքի խախտմամբ բանակ էին տարել. հոգեկան որոշակի խնդիրներ ուներ, մի օր էլ պոստում ինքնասպան էր եղել: Նրան բանակ էին տարել, որ որոշ մարդկանց տեղը լրացվեր: 

 

Պայքարում էինք նաեւ տնտեսական վատ վիճակի դեմ, ֆինասական խնդիրների պատճառով վերջին 4 տարիներին իմ բոլոր ընկերներն ու բարեկամները լքել են երկիրը, երեւի ես վերջինն եմ այստեղ մնացել: 

 

***

 

Իմ ծանոթներից շատերը կային, որ այդ օրերին չէին ուզում մասնակցել, բայց ես նրանց համոզում էի: Երբ օրվա վերջում աշխատանքային ժողով էինք անում, ասում էի՝ այստեղ նստելու տեղը գնացեք ցույցի, ասում էին՝ միեւնույն է՝ ոչ մի բան չի փոխվելու: Մարդիկ մտածում էին, որ այդ ամենը լուրջ չէր, ասում էին՝ «կապիկություն» է, դրա համար սկզբում չէին պայքարում: 

 

Ամենադժվարը ոչ թե հաց չուտելն էր, ջուր չխմելը, օր ու գիշեր փողոցներում անցկացնելը (օրական 20 կմ քայլում էի ու ընդհանրապես չէի հոգնում), այլ այն, երբ կողքինդ ասում էր՝ անիմաստ է, մի գնա ցույցի. մի տեսակ քո դուխն էլ էր ընկնում:

 

Հենրիկ Վանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ ոստիկանների հետ Հենրիկ Վանյանն ու Դավիթ Հովհաննիսյանը՝ ոստիկանների հետ

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

 

Դավիթ Հովհաննիսյան, 19 տարեկան, մարզիկ

 

Ապրում եմ Մոսկվայում. արդեն երեք տարի է արտագաղթել ենք: Ապրիլի 17-ին եկա Հայաստան, մինչեւ հեղափոխության վերջը չկարողացա մնալ, փաստաթղթերիս հետ կապված խնդիրներ կային: Եկել էի ընդամենը մի շաբաթով նոր անձնագիր վերցնելու համար, բայց մնացի մինչեւ մայիսի 7-ը:  

 

***

 

Երբ պարոն Փաշինյանը սկսեց իր քայլարշավը Գյումրիից, հասկացա, որ մի մեծ բան է սկսվում: Մինչեւ Երեւան գալս ծնողներս մի լավ խոսեցին հետս՝ չգնաս ցույցերին, մարտի 1-ին հիշում ես` ինչեր եղան, աչքերդ կհանեմ, թե գնաս... Սկզբում ընկերներիս ասում էի՝ ծնողներիս խոսք եմ տվել, չեմ մասնակցելու, բայց հենց ամսի 20-ին ընկերս (նկարի տղան), առաջարկեց գնալ, 10 րոպե մնացինք ու չհասկացանք՝ ինչպես սկսեցինք բոլորի հետ այդ լոզունգները գոռալ... Հաջորդ օրը ընկերներով արդեն փողոց էինք փակում: Ցենզուրայից դուրս կլինի, որ պատմեմ, թե հետո ինչ խոսակցություն ունեցա հայրիկիս հետ. մեղմ ասած, նա տոմս էր առնում, որ հետեւիցս գա Հայաստան: Համոզեցի, որ ինձնով էլ է որոշվում, հայրիկիս ասացի՝ քեզանից երեք հոգի էլ գա, ես չեմ պատրաստվում պայքարը թողնել: 

 

***

 

Արդեն ուզում եմ հետ գալ Հայաստան, գուցե մի 5-6 տարուց: Երբ նոր էինք տեղափոխվել Ռուսաստան, ցանկություն չունեի Հայաստան վերադառնալու, իսկ հիմա մի ամիս է սրտանց ուզում եմ այցելել, չստացվեց այս անգամ ու շա՜տ վատ զգացի:

 

Անելյա Գուբրյանը Անելյա Գուբրյանը

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

 

Անելյա Գուբրյան, 17 տարեկան, դպրոցական

 

Ցույցերի սկսել եմ մասնակցել դեռ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակներից: Ծնողներս չգիտեին, ես մենակ էի գնում, որովհետեւ իմ տարեկից ընկերներս չէին ուզում գալ, չէին հասկանում՝ ինչի համար էին մարդիկ պայքարում, վախենում էին... Ինձ նման մի քանի աղջկա էի գտնում, նաեւ հեռու ծանոթներին էի փողոցներում տեսնում. նոր ձեւով սկսում էինք ընկերանալ ու միասին պայքարել: 

 

Երբ սկսեցի Թավշյա հեղափոխությանը մասնակցել, կրկին ծնողներիս չէի ասում. վախենում էի. գուցե այլեւս չթողնեին տանից դուրս գալ: Պատճառաբանություն փնտրելու կարիք չկար. այդ ընթացքում ընդունելության քննությունների համար էի պարապում եւ մշտապես տանը չէի, բայց իրականում ոչ դպրոց էի գնում, ոչ պարապմունքների, ոչ էլ աշխատանքի (երեւանյան գինետներից մեկում նաեւ մատուցողուհի էի աշխատում): Ֆեյսբուքով հետեւում էի, թե որ փողոցն են փակում ու միանում էի նրանց: Ինձ համար ավելի կարեւոր էր հեղափոխություն անել եւ ընդունվել համալսարան այն երկրում, որում ես եմ ուզում սովորել ու աշխատանքի ընդունվել իմ ուժերով: 

 

Մի անգամ ոստիկաններից մեկը հարցրեց տարիքս, հետո շատ կոպիտ ասաց՝ անչափահաս, գնա գիրքդ կարդա...

 

***

 

Մի օր նկատեցի՝ հայրիկս ֆեյսբուքում կիսվում է հեղափոխության լայվերով ու մեկնաբանություններ անում, թե ինչ լավ է՝ բոլորը դուրս են գալիս պայքարելու, հայրիկին ասացի, որ ես էլ եմ գնում, ասաց՝ բա ինչի՞ մի բերան չես ասել, ես էլ հետդ կգայի: Հուզիչ էր նաեւ՝ երբ հետո հայրիկին ու մայրիկին տեսնում էի ցույցի ժամանակ ընկերների հետ պայքարելիս: 

 

Ամենաոգեւորիչ ու ուրախ օրը Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն էր: Երբեւիցե նման ուրախություն չեմ հիշում Հայաստանում: 

 

***

 

Սովորել եմ այնպիսի դպրոցներում, որտեղ մեծամասամբ պատգամավորների ու բիզնեսմենների երեխաները կամ հարազատներն են հաճախում: Մեր դպրոցում հեռախոս չէր թույլատրվում օգտագործել, բայց պատգամավորներից մեկի բարեկամին կարելի էր: 

 

Ավարտական քննության ժամանակ էլ իմ դիմաց նստած էր մի հայտնի գործարարի տղա, ուսուցիչը իմ թեստից նայում էր պատասխաններն ու նրան շշուկով ասում էր: Արդյունքում, նա 20 էր ստացել, ինձնից բարձր... Վստահ եմ՝ հեղափոխությունից հետո նման երեւույթները փոխվելու են. գուցե, հիմա ես ինձ վրա չզգամ, բայց տարիներ անց փոքր եղբայրս նման երեւույթների չի հանդիպի: 

 

***

 

Ոգեւորությունը չի անցել, հիմա մի տեսակ պատասխանատվություն եմ ձեռք բերել. ես եմ հեղափոխությունն արել, ես եմ փոխել, ինքս փոխվել, դարձել ավելի կայուն ու ուժեղ: Հեղափոխությունից հետո զգում եմ, որ մի տեսակ մեծացել եմ:

 

Բելլա Սահակյանը Բելլա Սահակյանը

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

 

Բելլա Սահակյան, 20 տարեկան, բարմեն 

 

Հայրս Ղարաբաղի պատերազմի մասնակից է, ազատամարտիկ է, հաշմանդամություն ունի: Առաջին շաբաթն այս պաստառով էի ցույցերին մասնակցում: Գաղափարը փոքրուց ունեմ, քոլեջում էլ երբ մեզ թեմաներ էին տալիս գրելու, ես միշտ շեշտում էի, որ մենք ազատ ենք, բայց ազատ չենք, որովհետեւ հաշմանդամություն ունեցող անձն ազատ չէ... Գրեցի այդ տողերն ու ուրախացա, որ մարդկանց կարող եմ ցույց տալ, մարդիկ գոնե կսկսեն մտածել, որ չնայած գլոբալ խնդիրներին, պետք է նաեւ նման հարցերին ուշադրություն դարձնել: 

 

Մարդիկ նկարում էին ինձ, նկարվում էին հետս, հարցնում էին՝ որտեղ է կռվել պապաս ու ճանաչողներ էլ էին լինում: Եղել է նաեւ, որ ոստիկան գրկի ինձ. կանգնեցի, որ կարդա, նայեց ժպտաց, մոտեցա, գրկեց, լացս եկավ... Կային նաեւ ոստիկաններ, որ կարդում էին, հայացք փախցնում ու ծիծաղում... 

 

Բելլա Սահակյանը` ընկերների հետ Բելլա Սահակյանը` ընկերների հետ

Լուսանկարը` Էմին Արիտսակեսյան/Մեդիամաքս

 

***

 

Սկզբում ցույցերին չէի գնում. չէի հավատում, որ ինչ-որ բան կփոխվի: Նյարդային վիճակում էի, տեսնում էի՝ բոլորը մասնակցում են, իսկ ես ոչ, բայց երբ հիշում էի նախկինում ինչ էր կատարվում, մտածում էի՝ ավելի լավ է իմ գործն անեմ, ամեն ինչ ունեմ, ի՞նչս է պակաս: Աշխատավայրումս՝ Կասկադի Green bean սրճարանում, նստած էի, երբ Բաղրամյանն էին փակել, պայթուցիկներ տրաքացրեցին, այստեղից երեւում էր ամեն ինչ: Դրանից հետո որոշեցի, որ կապ չունի՝ ինչ կլինի, ես ուզում էի իմ ժողովրդի կողքին լինել ու պայքարել: 

 

***

 

Պապաս շատ է հավատում, որ կփոխվի ամեն ինչ... Անընդհատ ասում է՝ Նիկո՜լը, Նիկո՜լը, մտովի ընկերություն է անում հետը. մաման էլ ինչ-որ չափով հավատում է: Մայրս էլ զինծառայող է եղել, բայց զինծառայությունից նրան հեռացրել են, որոշել էին կանանց ու հատկապես հին աշխատողների ազատել: Հիմա հույս ունի, որ գուցե նորից աշխատի. ուրիշ ոլորտում իրեն երբեք չի պատկերացրել: 

 

Իմ դեպքում, սիրտս արագ չի խփում այն մտքից, որ մեզ մոտ ինչ-որ բան է փոխվել. հավատում եմ, որ լավ է լինելու, ավելի վատ չէր կարող լինել, էլ ո՞ւր: 

 

Ամալի Խաչատրյան 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին