Հայ երեխաներին դեպի Արարատ տանող «խենթ» Եվգենիան - Mediamax.am

exclusive
9274 դիտում

Հայ երեխաներին դեպի Արարատ տանող «խենթ» Եվգենիան


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Եվգենիա Ֆիլատովան
Եվգենիա Ֆիլատովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ե.Ֆիլատովայի արխիվից

Լուսանկարը` Ե.Ֆիլատովայի արխիվից


Լոռեցի դպրոցականները Շնող գյուղից լուսադեմին էին դուրս եկել։ Երեւան հասնելու համար մոտ չորս ժամ է պետք, չհաշված՝ կանգառները։ Պիտի հասցնեն Խոր Վիրապում լինել, զբոսաշրջիկների հետ հերթ կանգնել՝ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների խուցն իջնելու համար, ու, ամենակարեւորը, տեսնել Արարատը։

 

Արդեն մեկ ու կես տարի ամիսը 1-2 անգամ Լոռիի ու Տավուշի հեռավոր գյուղերի երեխաները գալիս են Երեւան։ Այս այցելությունների ժամանակ «առաջին անգամ»-ները շատ են՝ ոմանք առաջին անգամ են տեսնում Արարատը, զբոսնում Երեւանում, առաջին անգամ կանգնում շարժասանդուղքին ու սելֆիներ անում Կասկադի ֆոնին։

 

Նախաձեռնությունը Եվգենիա Ֆիլատովայինն է։ Հայրական կողմից հայկական արմատներով Եվգենիան Հայաստան առաջին անգամ այցելել է 2014-ին։

 

«Ու աշխարհը շուռ եկավ ինձ համար։ Մեջս ծնվեց հայրենիքի զգացողություն, ու սկսեցի սարսափելի կարոտել Հայաստանը։ Մոսկվայում թողեցի ամեն ինչ ու տեղափոխվեցի։ Ինձ ասում են՝ խենթ ես։ Այո՛, համաձայն եմ, բայց այսպես ինձ ավելի լավ եմ զգում, ու չնայած բոլոր դժվարություններին՝ երջանիկ եմ, ոչ մի տեղ չեմ գնալու Հայաստանից», - պատմում է Եվգենիան։

Եվգենիա Ֆիլատովան Եվգենիա Ֆիլատովան

Լուսանկարը` Մեդիամաքս

Մինչ Երեւանում հաստատվելը՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանին ծանոթանալիս՝ գյուղերում հաճախ առիթներ էր ունենում երեխաների հետ շփվելու։ Ու հենց այդ ժամանակ, ինչպես ինքն է ասում,«երկնքից գաղափար ընկավ գլխին»։ Հեռավոր բնակավայրերի բազմաթիվ երեխաներ երբեւէ չեն տեսել Արարատն ու Երեւանը։ Գյուղական դժվար առօրյան ու հոգսերը մայրաքաղաք այցելելու ժամանակ ու հնարավորություն չեն թողնում։ Եվգենիան որոշեց ստեղծել այդ հնարավորությունը։

Լուսանկարը` Ե.Ֆիլատովայի արխիվից

«Կարծում եմ, որ պետք է այս երկրում մի բան անել։ Եթե լինեի գործարար՝ փորձառու եւ կարողությունների տեր, արտադրություն կհիմնեի, աշխատատեղեր կբացեի։ Բայց ես այդ հնարավորությունը չունեմ, իսկ ինչ-որ օգտակար բան անելն ինձ համար անհրաժեշտություն է։ Երեխաների այցելություններ կազմակերպելն այն է, ինչ ես կարող եմ անել»։

 

Ծանոթացավ Օձունի հոգեւոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանին, նրա օգնությամբ սկսեց Օձունի հարակից համայնքների երեխաներին բերել Երեւան։ Այս տարի նաեւ Տավուշի հեռավոր գյուղերի դպրոցականների համար է այցելություններ կազմակերպում։ 

Լուսանկարը` Ե.Ֆիլատովայի արխիվից

Փորձում են «տեղավորվել» փոքրիկ բյուջեի մեջ։ Որպես կանոն՝ գյուղում գտնում են միկրոավտոբուս ունեցող մեկին ու վարձում նրա մեքենան։ Ճանապարհից պանիր, երշիկ, հաց են գնում ու սենդվիչներ սարքում, քաղաքում զբոսանքի համար՝ թխվածքաբլիթ ու պաղպաղակ։ Երեւանյան «Մեր գյուղ» ռեստորանն էլ նրանց մշտապես անվճար հյուրընկալում է։

Լուսանկարը` Մեդիամաքս

Երթուղին հիմնականում անփոփոխ է՝ Խոր Վիրապ, հետո՝ Երեւան՝ Էրեբունի թանգարան, Կասկադ, Կարապի լիճ, Հանրապետության հրապարակ։ Տղաները բացօթյա սրճարանների կողքով անցնելիս՝ կանգնում են էկրանների առջեւ՝ ֆուտբոլ դիտելու, աղջիկները լուսանկարվում են եւ համեմատում գյուղի ու քաղաքի կյանքը:

 

«Մենք էս աղմուկին սովոր չենք, գյուղում ավելի հանգիստ է։ Բայց էստեղ առավելությունները, հնարավորությունները շատ են։ Երկու տարուց դպրոցը կավարտեմ ու կգամ Երեւան՝ սովորելու։ Գյուղում ապագան պատկերացնելը մի քիչ դժվար է»,- պատմում է Մերին։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեւանի կամ մեծ քաղաքների լավ կողմն այն է, որ այստեղ զբաղմունքը շատ է, երեխաները կարողանում են իրենց ցանկացած վայրը գնալ, եւ այստեղ կյանքը կանգնած չէ։ Ուզում ենք գյուղում կյանքը բարելավել, ինչ-որ հետաքրքիր բան մտցնել մեր առօրյա», - ասում է 10-րդ դարանում սովորող Վահանը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Շնողի երեխաների արդեն երրորդ խումբն է Երեւանում: Նրանց ուղեկցում է Արցախյան ազատամարտի մասնակից Նունե Ալիխանյանը: Նրա հետ զրույցն ընդհատում է Գառնիկը՝ «շատ լավն էր Կարապի լիճը»: Մինչ այդ հարցրել էի տպավորությունների մասին, չէր պատասխանել. երեւի ամաչել էր: Հիմա ոգեւորված ասում է, որ Շնող վերադառնալիս առաջինը Կասկադի մասին է պատմելու, եւ որ կուզի նորից Երեւան գալ՝ ծրագրավորում սովորելու:

 

«Երեխաներին ճանապարհելուց հետո քայլում եմ քաղաքով՝ դեմքիս լայն ժպիտ։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այնքան լիցքեր եմ ստանում։ Սա նրանց համար ուրախ, երջանիկ, վառ զգացողությունների օր է: Ընդլայնում են իրենց ծանոթ աշխարհի հորիզոնները, հասկանում են, որ հայրենիքն իրենց մարզի սահմաններից ավելի մեծ է։ Հայ երեխաները մաքուր են, հայրենասեր։ Սկզբում հուզվում էի արտասվելու աստիճան, հիմա արդեն սովորել եմ»,- պատմում է Եվգենիան:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այցելություններին մասնակցել ցանկացողները շատ են, հնարավորությունը՝ սահմանափակ։  Ծանոթ ու անծանոթ մարդկանց փոքրիկ նվիրատվություններով է Եվգենիան կազմակերպում այցերը։ Ֆեյսբուքի էջում տեղադրում է լուսանկարներ, պատմում երեխաների ոգեւորության մասին, ընկերները տարածում են գրառումներն ու գտնում աջակիցներ, հաճախ՝ անծանոթ մարդկանց: Եվգենիան ծրագիրն իրականացնում է անշահախնդիր: Ասում է՝ սոցիալական ցանցերում այցելությունների մասին գրում է, որ շատերն իմանան ու օգնեն, PR-ի կարիք չունի:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երազում է գտնել մշտական աջակիցների, որ այցելությունները շարունակական լինեն: Մոտ 80 հազար դրամ է անհրաժեշտ Հայաստանի ամենահեռավոր բնակավայրի 16 երեխաներին Երեւանն ու Արարատը ցույց տալու համար:

 

«Հայաստանում դեռ շատ են երեխաները, որոնք Արարատը չեն տեսել։ Երազում եմ նաեւ Երեւան այցելություն կազմակերպել Արցախի երեխաների համար։ Երեխաները լսել են՝ «միացում-միացում», բայց ինչ է նշանակում Մայր Հայաստան, չգիտեն»։

 

P.S. Եթե ցանկանաք աջակցել Եվգենիա Ֆիլատովայի նախաձեռնությանը, կարող եք կապ հաստատել նրա հետ այս էջի միջոցով.

 

https://www.facebook.com/EsKtesnemAraraty/։

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին