Գյումրիի զարկերակով ապրող ժամացույցները - Mediamax.am

exclusive
7547 դիտում

Գյումրիի զարկերակով ապրող ժամացույցները


Տիկին Սոֆիկը, Էմման ու Սուսաննան
Տիկին Սոֆիկը, Էմման ու Սուսաննան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Մկրտիչ Նալչաջյանը
Մկրտիչ Նալչաջյանը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Երկաթգծի կայարանի ժամացույցի մեխանիզմը
Երկաթգծի կայարանի ժամացույցի մեխանիզմը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Չուլոչնու ժամացույցի հին մեխանիզմը
Չուլոչնու ժամացույցի հին մեխանիզմը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Չուլոչնու ժամացույցի մեխանիզմը՝ մինչ երկրաշարժը
Չուլոչնու ժամացույցի մեխանիզմը՝ մինչ երկրաշարժը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Չուլոչնու ժամացույցի մեխանիզմն ու ժամանակին հետևողը
Չուլոչնու ժամացույցի մեխանիզմն ու ժամանակին հետևողը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Չուլոչնու ժամացույց
Չուլոչնու ժամացույց

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան


Մեդիամաքսի Գյումրիի թղթակից Անահիտ Հարությունյանը պատմում է քաղաքի նշանավոր ժամացույցների մասին:

 

Քաղաքի ամենաթանկարժեք ժամացույցը

 

1899 թվականի փետրվարին Հայաստանում առաջին գնացքը Թիֆլիսից հասավ Ալեքպոլ: Հետագայում այն շարունակեց ճանապարհը մինչեւ Կարս, Բաթում, Մոսկվա: 1979 թվականին կառուցվեց Լենինականի երկաթուղային կայարանը:

 

Շենքի ճարտարապետությունը խորհրդային մոդեռնիզի նմուշներից է, կառույցը զարդարում են հայտնի նկարիչների որմնանկարներ, հարթաքանդակներ:

 

- Շատ շքեղ կայարան էր, էն ժամանակ Մոսկվայից եկան ասեցին, ներկայացրեք պետական մրցանակի,- հպարտությամբ հիշում է ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը ու մեր խնդրանքով պատմում աշտարակի ժամացույցների մասին:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Աշտարակին երեք ժամացույց կա, երկուսը կարծես հսկում են գնացքների գալն ու գնալը, իսկ մյուսը հետեւում է քաղաքին ու շտապեցնում ուղեւորներին: Երեքն էլ էլեկտրոնային են եղել, իրար հետ նույն էլեկտրական թելով կապված:

 

- Ժամացույցի մեխանիզմը պատրաստեց Արզնի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի գլխավոր ինժեներ Կիմ Գալոյանը: Հայաստանում այն ժամանակ համաստեղության նշանների մասին քիչ գիտեին, ես որոշեցի, որ թվերի կողքին լինեն 12 համաստեղության նշանները: Աշխատել եմ քանդակագործ Երեմ Վարդանյանի հետ: Նա քանդակեց համաստեղության նշաններն ու կայարանի հարթաքանդակը,-պատմում է ճարտարապետն ու հասնում կարեւոր մի տեղեկության, որի մասին Գյումրիի կայարանի հնաբնակ աշխատակիցները գիտեն, բայց չեն բարձրաձայնում:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

-Այո՛, կայարանի ժամացույցի համաստեղության նշանները ոսկեպատ են: Օգտագործվել է 90 գրամ ոսկի: Տետրակի պես բարակ թերթերով ոսկի էր, պղնձե քանդակների վրա դրանով ենք պատել: Տարիներ են անցել, թե ինչքան է անձրեւն ու քամին լվացել, տարել, չգիտեմ,- զարմացնում է մեզ Ռաֆայել Եղոյանը:

 

Կայարանի այս շքեղ ժամացույցները աչքերը հառած գնացքներին ու քաղաքին զարգացմանը` նաեւ երաժշտությամբ ազդարարում էին սլաքի շրջապտույտի սկիզբն ու ավարտը: Բայց մի օր շվարած կանգնեցին սլաքներն ու գնացքները, քաղաքը ցնցվեց եւ ավերակի փոշով պատվեց:

 

Առաջ ու հետո՝ քաղաքի պատմության մեկ այլ ժամանակագրություն

 

Այդ նույն օրը նաեւ մեկ այլ աշտարակի ժամացույց հրաժարվեց աշխատել` լուռ սգալով, տառապելով ու սպասելով: Գյումրիի Լենինի (այժմ Անկախության) հրապարակի Գուլպա-նասկեղենի ֆաբրիկայի վարչական շենքի ժամացույցի սլաքները գուժում էին դեկտեմբերի 7-ի 11.41 րոպեն: Հենց այս րոպեից սկսվեց մի նոր ժամանակ՝ երկրաշարժից առաջ ու երկրաշարժից հետո:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Գյումրեցիների հայտնի «չուլոչնու» ժամացույցի հայացքում ամբողջ քաղաքի ցավն էր: Ամենաշատ զոհեր ունեցած հարեւան դպրոցի երեխաների ճիչը, ծնողների մրմուռը: Իսկ մյուս կողմում քույր աշտարակն ու ժամացույցը, որ ոչ թե հրաժարվեց աշխատել, այլ չդիմացավ ու փլվեց`իր հետ տանելով մի ամբողջ շենք ու ֆաբրիկայի 400-ից ավելի աշխատակիցների կյանք:

 

Շվարած ժամացույցը հետեւեց, թե ինչպես հրապարակը դարձավ հարազատին կորցրած մարդկանց միակ տունը, վրանների տակ կծկված ու հարազատի սուգը սգալու, իրար մխիթարելու, դարդին դարման անելու տեղը:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Բայց քաղաքի համար ժամանակը շարունակում էր հոսել եւ մի օր աղետը ազդարարող ժամացույցը դարձավ հիշողությունը թարմացնող ու ցավի վրա աղ լցնող խորհրդանիշը:

 

-Մարդիկ չէին նայում ժամացույցին, ամեն անգամ անցնելուց այն նորից հիշեցնում էր այդ օրը, ժամը, րոպեն ու վայրկյանը: Երկրաշարժից մեկ տարի անց Անկախության հրապարակում նշեցինք երկրաշարժի տարելիցը: Ոչ ոք չէր կարող խոսել: Մարդիկ եկել էին նկարներով, ով ում կորցրել էր: Միայն երաժշտություն էր հնչում: Ժամացույցը էդ օրը աշխատեցրեցին: Շատ հուզիչ ձեւով ընդունվեց, - արցունքները սրբելով պատմում է երկար տարիներ մարզի ու քաղաքի մշակույթի ոլորտը ղեկավարած Հասմիկ Կիրակոսյանը:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

- Ժամացույցը աշխատեցնելուն մարդիկ կսպասեին, ինչխօր կենդանություն էղներ, արթնացավ քաղաքը: Երկրաշարժից հետո քաղաքը մշուշի մեջ էր: Իսկ օր աշխատավ, զգացին, օր կյանքը առաջ կէրթա, կշարունակվի, - իրենց հուշերով կիսվում են 50 տարի Գուլպա-նասկեղեն ֆաբրիկայում աշխատող երեք կանայք:

 

Տիկին Սոֆիկը, Էմման ու Սուսաննան միմյանց օգնելով հանում են դարակներից ալբոմներն ու հիշում իրենց գործարանի ծաղկուն շրջանը, ապա նաեւ նկարներում գտնում իրենց կորցրած գործընկերներին, միայն հիշողություններում մնացած ֆաբրիկայի մյուս աշտարակն ու ժամացույցը, ապա նաեւ այն օրը, երբ սկսեցին շարժվել կանգնած սլաքները:

Տիկին Սոֆիկը, Էմման ու Սուսաննան Տիկին Սոֆիկը, Էմման ու Սուսաննան

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Ժամացույցը միայն մեկ տարի անց այդ նույն օրը ու նույն ժամին աշխատեց: Բայց մեխանիզմը նորից կանգնեց, միայն թե սլաքները այլեւս չէին ազդարարում աղետաբեր ժամն ու րոպեն: 1992 թվականին ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով ժամացույցը վերականգնվեց, որոշակիորեն փոխվեց արտաքին տեսքը, իսկ մեխանիզմը նորոգեց Վարպետ Լադիկը (Նիկոլայ Մնացականյանը), հրապարակում Լենինն էլ տեղը զիջեց Հայուհու արձանին:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Սակայն երկար ժամանակ չէր հնչում Արամ Խաչատրյանի «Լենինականյան կուռանտները» մեղեդին, որը մեծ կոմպոզիտորը նվիրել էր քաղաքին ու մինչ երկրաշարժը ավետում էր սլաքների ամեն մի ավարտուն շրջապտույտ:

 

Քաղաքի բոլոր ժամացույցների գլխավոր վերանորոգող ու պահապան Մկրտիչ Նալչաջյանին հաջողվել է վերականգնել վնասված մեխանիզմի որոշ հատվածները: Հիմա սլաքները շարժվում են հապաղմամբ. 5 րոպե ու միանգամից վազում են թվերի արանքով:

Մկրտիչ Նալչաջյանը Մկրտիչ Նալչաջյանը

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

- Ես մե քանիմ տարի առաջ երաժշտությունը զապիս էի երել, կլոր ժամերին կուտար: Հետո կտորըմ վնասվավ, Էնպես բդի էնեմ, օր գիշերը երաժշտությունը ցածր էղնի, ցերեկը բարձր: Հմի ժամանակ չունիմ օր էնեմ, բայց կվերանորոգեմ, - գործից կտրվելով պատասխանում է շատրվանների ու ժամացույցների մասնագետն ու անցնում հերթական աշխատանքին՝ հասցնելով նշել, որ կայարանի ժամացույցն էլ է ինքը «խոդի տվել»:

 

Ժամացույցների սլաքների առեղծվածը

 

- 1993-ից սկսեց աշխատել Գյումրիի կայարանի ժամացույցը: Էդ տարի ես էկա տնօրեն ու մեր աշխատողներով որոշեցինք աշխատցնել ժամացույցը: Մեր ժամացույցի Վարպետ Լադիկը էլ չկար, չգիտեինք ում դիմենք, վերջը գտանք վարպետ Մկոյին (Մկրտիչ Նալչաջյան),- պատմում է«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրի կայարան միավորման տնօրեն Վահան Գասպարյանը:

 

Սլաքները շարժվեցին, սակայն որոշել էին քաղաքի պատմությունը չսրբագրել: Երեք ժամացույցներից երկուսը սկսեցին ժամանակի հետ քայլել, բայց աշտարակի ձախակողմյան ժամացույցի սլաքները թողեցին 11.41 րոպեին կանգնած: Մյուս երկուսը սկսեցին համահունչ ու ճշգրիտ ցույց տալ ժամանակի հոսքը, իսկ երրորդը զրկվեց նույնիսկ մեխանիզմից:

 

Սակայն ժամանակի թելադրանքո՞վ, քաղաքի ռիթմի՞, թե՞ ամեն օր ծնվող գյումրեցիների կյանքի պահանջով, 25 տարիների ընթացքում սլաքները որոշել են շարժվել՝ոչ թե հետընթաց (որը ավելի հեշտ կլիներ), այլ առաջ: Սլաքների առեղծվածային ընթացքը կարծես պարտադրում է գյումրեցիների ու քաղաքի համար նոր պատմություն ու խորհրդանիշ: Այժմ այդ ժամացույցը ազդարարում է 12.05 րոպեն:

 

Մյուս երկու ժամացույցների աշխատանքին հետեւում են կայարանի բոլոր աշխատակիցներով: Խնամք պահանջող հարազատ ընկերոջը ճշգրիտ ընթացքի համար բարձրանում են 8 մետրանոց աշտարակը, երբեմն արագ ընթացք տալով 50-ամյակը բոլորող սլաքներին, որոնք հոսանքի բացակայությամբ չեն կարողացել սահել թվերի շուրջ:

 

Քաղաքի «վարը»՝ սիրո ժամադրավայրը

 

-Կինո Հոկտեմբերի ժամացույցը շատ-շատ հետաքրքիր ժամացույց է, շատ սիմվոլիկ, շատ ավանդական,- Հասմիկ Կիրակոսյան փայլող աչքերում կարծես արթնանում է ջահել օրերի հիշողությունները, իսկ ամեն մի «շատ» բառի մեջ անչափելի հույզ ու ուրախություն է ներդնում:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Կինո Հոկտեմբերը Գյումրիի առաջին կինոթատրոնն է եղել, որը իր դռները բացել է 1926 թվականին: Քաղաքի ամենամարդաշատ վայրն է եղել:

 

- Քաղաքը ուներ վար հասկացությունը: Թուրքի մայլի, Սլաբոդկի, Բոշի մայլի տղեքը, իրար օր կսեին, մենք վարը կեղնինք, էդ տեղը Կինո Հոկտեմբերի ժամացույցի տակ էր: Էդտեղ կհավաքվեին տղեքը, սիրահարվածները էդտեղ կժամադրվեին, հետո կէրթային կինո կամ այգի: Քաղաք, եթե գուզեիր մեկիմ տեսնեիր, հաստատ ըդտեղ կգտներ, -պատմում է Հասմիկ Կիրակոսյանն ու հավաստում, որ նախկինում Կինո Հոկտեմբերի ժամացույցը կլոր է եղել: Հետո չի աշխատել, իսկ վերջին տարիներին դարձրել են քառակուսի, ժամացույցի միայն մի կողմն է ժամանակը ցույց տալիս, մյուսում նկար է:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

-Մեր Շիրազը, Ֆրունզը, Շերենցը, էստեղ ման գուկային, ֆայտոնով էլ կֆռռային: Ազատ, անկաշկանդ ման գուկային, էն ժամանակ թիկնապահներ չկային, քաղսովետի նախագահը ազատ կզբոսներ, մարդիկ էլ ընտանիքներով գուկային կինո, - ասում է Խաչիկ պապն ու շարունակում իր նարդին Կինո Հոկտեմբերի ժամացույցի մոտ:

Լուսանկարը` Հրաչյա Վտոյան

Տարեց գյումրեցիների համար այս ժամացույցը ջահել օրերի երջանիկ օրերի վերհուշն է արթնացնում ու սովորության համաձայն իջնում են վար՝ հարազատ ժամացույցի մոտ:

 

-Ա՛յ, բդի քաղաքի ղեկավարությունը քաղաքը պահպանելու համար ամեն ինչ անեն: Մարդիկ հին քաղաք չունին, արհեստական դեկորներով հին քաղաք կստանան, բայց մեր քաղաքը առանց տանջվելու ունի հին քաղաք, ունի հին բրենդներ: Իրանք բդի պահեն, պահպանեն: Օրինակ պետք է էդ ժամացույցի մոտ լինի գրություն, օր ըսիկ քաղաքի վարն է, սիրո ժամադրվայրն է, - նշում է Հասմիկ Կիրակոսյանը:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները՝ Հրաչյա Վտոյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին