Արփի Ավետիսյան. «Եվ դարից երկար ձգվում է պահը…» - Mediamax.am

3797 դիտում

Արփի Ավետիսյան. «Եվ դարից երկար ձգվում է պահը…»


Լուսանկարը`


Շատերին ծանոթ տողը հիշեցի, իմ սիրելի գրողներից մեկի՝ Չինգիզ Այթմատովի հայտնի գրքի վերնագիրն է, միայն թե վերջին բառը «օրվա» փոխարեն «պահ» եմ դարձրել, պահ՝ կյանքի ու մահվան, այստեղի ու այնտեղի, իմանալիի ու անիմանալիի միջև։ Տեսե՞լ եք՝ ինչպես են երեխաները խաղում մաստակով. ձգում են այնքան, մինչև հասնում է անասելի բարակության ու… կտրվում… մարդու կյանքն էլ է այդպես. ընկած է կտրվելուց առաջ ու հետո եղած ակնթարթի միջև։

 

Տատս տենդի մեջ էր, մահվան տենդի մեջ։ Ամբողջ ընտանիքով ինչ ասես չէինք անում ջերմությունն իջեցնելու համար, բայց ապարդյուն։ Բժիշկն ասաց, որ մինչև առավոտ նա չի ապրի։ Այդ խոսքերն արդեն սովորական էին ինձ համար, քանի որ տատս յոթ ամսից ավելի լուռ ու մունջ գամված էր անկողնուն, և հաճախ էր եղել, որ բժիշկ էինք կանչել ու նա ոչ մի հույս չէր տվել։ Բայց այդ օրն ամեն բան այլ էր, ես համոզված էի, որ վերջը մոտ է։ Նստեցի կողքին, բռնեցի ձեռքն ու... կարոտը խեղդեց…

 

Սենյակում երկուսով էինք, նայեցի նրան… աչքերը փակ էին… դողում էր… Այդ դողը… կա ու չկայի միջև ընկած դող, որը ստիպեց մի վայրկյանում հասկանալ գրեթե մեկ դար ապրած տատիս դառն ու քաղցր կյանքի պատմությունների իմաստը, որոնց երբեք այդքան լուրջ վերաբերվելու ժամանակ չէի ունեցել։

 

Մտովի տեսա, թե ինչ սաստիկ էր դողում նա, երբ մի անգամ՝ մանուկ հասակում, չգիտեր ինչպես թաքնվել մորից, որովհետև պատառոտել էր իր զգեստն ու տիկնիկի համար շապիկ կարել: Իրենք աղքատության մեջ էին, իսկ այդ շատ թանկարժեք ու գեղեցիկ զգեստը հայրն էր գնել իր համար՝ Անդրանիկի սիրելի զինվոր Միսակը, երբ երկար տարիների բացակայությունից հետո մի քանի օրով վերադարձել էր պատերազմից: Գուցե նույնկե՞րպ էր դողում, երբ ցավերը խմիչքի մեջ խեղդած պապս տուն էր մտնում, չեղած տեղից պատմություն սարքում ու հարվածներ տեղում իր մեջքին։ Ինչպե՞ս էր դողալով փորձում համոզել հարևանուհուն, որ չի կարող անտեր թողնել իր որբացած չորս զավակներին ու նրա եղբոր հետ ամուսնանալ։ Ո՞նց էր դողալով բացում պատուհանագոգի գաղտնի անցքը, որի մեջ հավաքել էր հացի փռում տքնաջան աշխատանքից ստացած գումարը, որպեսզի ավագ որդու համար տուն կառուցի։ Հետո հիշեցի, թե ինչպես էին հուզմունքից դողում տատիս ձեռքերը, երբ իր պահած աքլորին մատաղ էր անում, որովհետև ես ու քույրս միաժամանակ համալսարան էինք ընդունվել…

 

Բայց սա ուրիշ դող էր…

 

Ձեռքս դրեցի Ալմաստ տատիս ադամանդից էլ փայլուն քրտնած ճակատին… Երբ փոքր էի, ինքն էր այդպես ձեռքը դնում ճակատիս ու հրաշագեղ հեքիաթներ պատմում։ Բայց այդ պահին ես ոչ մի հեքիաթ չհիշեցի: Խոնարհվեցի, համբուրեցի արևից էլ տաք ճակատն ու… կարոտը խեղդեց…

 

Լուսադեմին հնչեցին փողոցին կից եկեղեցու զանգերը, և տատիս արևատենչ հոգին, միախառնվելով զանգերի ելևէջներին, բարձրացավ ամպերից էլ վեր, արևից անդին, դեպի անսկիզբ ու անվախճան Կյանքի Աղբյուրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին