1483 դիտում

Սվետլանա Առաքելյան. Պապս ու տատս



Դռան թակոց:

- Նե´րս արի, հորեղբա´յր:

- Չէ´, բալե´ս, եկել եմ ձեզ տանելու:

Օդում կախված գույժ եմ զգում... ու... տատն էլ չկա...

Աշխարհը փլվեց գլխիս, մթնեց, անխիղճ ցուրտ զգացի, ու չկային այլևս տատիս ձեռքերը, որ միշտ տաքացնում էին ցրտից փայտացած մատերս... Սառել էին...

Տատ... կարոտել եմ նույնիսկ այդ բառն արտասանելուն:

Տա´տ, ո՞նց էիր կարողանում բոլորիս  այնպես սիրել, որ մինչև այժմ էլ թոռներիցդ յուրաքանչյուրը վստահ է, որ ամենից շատ հենց իրեն ես սիրել: Ուզում եմ քո զարդարած գաթան ու քո պատրաստած «ճմուռն» ուտել, երգերդ լսել, լսել քո պատմությունները ծանոթ ու անծանոթ մարդկանց մասին: Հարյուր անգամ լսել էի տորթի պատմությունը, բայց էլի խնդրում էի պատմել, թե ինչպես էր մի տղա  գլուխ գովել, որ տորթ է կերել: «Նիկո´լ, տորթն ի՞նչ է, ի՞նչ գույն ու  համ  ունի»: Հարցերի տեղատարափին մի քիչ դիմանալուց հետո Նիկոլը գլուխն ազատելու համար ասել է. «Մութ էր, ես ի՞նչ գիտեմ` ինչ համ ուներ»:  Դա դեռ ոչինչ, բա կինոյի պատմությունը: Ուրեմն, պատերազմից հետո գյուղում կինո են ցուցադրելու, պատկերացնո՞ւմ եք... Չապաևի մասին: Տատիս` գերությունից փրկված հայրը դստերը կինո է տանում: Տատս սպասում է կինոյին, չկա ու չկա... Ու երբ արցունքն աչքերին հայրն ասում է` տեսար ի´նչ մարդ էր Չապաևը, տատս վախեցած հարցնում է. «Որտե՞ղ էր կինոն»: Ամբողջ ընթացքում  նայել է աղմկոտ պրոյեկտորին ու  կինոյին սպասել…

Պաշտում էի պապիս մասին նուրբ խանդով համեմված պատմություններդ: Ի´նչ հիացմունքով էիր պատմում ձիավորիդ մասին, որին սիրահարված էին բոլոր աղջիկները: Ուժեղ, գեղեցիկ, աշխատասեր պապիս մասին, որին կյանքն երես չէր տվել մանկուց: Ի՞նչ է մանկությունը ծեր տատի խնամքին մնացած ինը տարեկան որբուկի համար: Ի՞նչ մանկություն, երբ ֆենոմենալ հիշողությամբ ու մաթեմատիկական կարողություններով օժտված երեխան դպրոցի փոխարեն հանդ էր գնում, որ հովվի աշխատանքով կերակրեր տատին ու քույրերին: Մանկությանդ դառը հետքն ամենից շատ երևում էր ամպրոպի ժամանակ տագնապող քո  ծով աչքերում: Իննամյա  երեխայի աչքերն էին դրանք, որոնցում դրոշմվել էր կողքին կանգնած հովվի կայծակնահար- անկենդան հայացքը...

Պա´պ, տա´տ, չգիտեմ` դուք գոհ էիք ձեր կյանքից, բայց ես երջանիկ եմ, որ դուք եք եղել իմ կյանքում: Մանկությունս լիարժեք էր ձեզնով: Պա´պ, չստիպեցիր կարգապահ ու աշխատասեր լինել, այլ վառ օրինակ ծառայեցիր բոլորիս համար: Չէիր ստիպում հարգել քեզ, մարդիկ քեզ տեսնելիս ինքնաբերաբար էին ոտքի կանգնում: Չէիր ստիպում, բայց  արքայավայել կեցվածքիդ ու խառնվածքիդ առջև բոլորն էին խոնարհվում: Իզուր չէ, որ քեզ «царь» մականունով էին կնքել:

 Ինչպիսի՞ն կդառնայիր, եթե ծնվեիր այլ տեղ, այլ պայմաններում, չգիտեմ, բայց վստահ եմ` աշխարհը մեծ մարդ կորցրեց: Մե´ծ, առանց տիտղոսների ու մեդալների, քո տեսակով ես մեծ, իմ անփոխարինելի, տանջված ու... մանկացա´ծ պապ: Երանի´ կարողանայի քեզ տեսնել էլի, թեկուզ  չճանաչեիր ինձ, ինչպես մեր վերջին հանդիպման ժամանակ, նայեի փայլը կորցրած աչքերիդ  ու ասեի. «Ո՞նց ես, պա´պ...»


Երբ կարոտից խեղդված արցունքներս հոսում են, ու զգում եմ, որ անզոր եմ, ոչինչ չեմ կարող փոխել, մտածում եմ` մի քիչ վատը լինեիք, որ հանգիստ  բաց թողնեի ձեզ, չտառապեի... Պա´պ... Տա´տ... Կարոտել եմ ձեզ, ամեն մեկդ հեռանալով տարաք մանկությանս մի մեծ հատված, ու ես մեծացա... Լիակատար երջանիկ կլինեի, եթե մյուս տատիս ու պապիս էլ հասցնեի մի քիչ երկար տեսնել: Պապիցս մնացել է միայն անսահման սիրով լցված վերջին գրկախառնությունն ու… սուրճի բույրը, որ էլ ոչ մի սուրճից չեմ զգացել: Տատիս ապուրների ու պապիս սուրճի բույրերը  մանկությանս անվերադարձ  բույրերն են…

Շնորհակալ եմ…
 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am