Շուշանիկ Ասատրյան. Պապս - Mediamax.am

1768 դիտում

Շուշանիկ Ասատրյան. Պապս


Լուսանկարը`


Առավոտ շուտ պետք է դուրս գանք, որ հասնենք ժայռեր ուղեկցող լեռներին: Քաղաքի փողոցներն անգամ առավոտյան յոթին խեղդում են իրենց  մեքենաշատ բնավորությամբ, մեկ-մեկ թվում է՝ քաղաքի փողոցը բազմամեքենա ծնող է: Քաղաքից դուրս եկանք,  մտանք  հարթավայրեր, ուր ամեն խաղող ունի իր գերդաստանը:

 

Առաջին շարքը հիշեցնում է  գերդաստանի  նախահորը, հետո վերջը չի երևում, իրար կողք կանգնած են խաղողապապերն  ու բերրի  բերքով  օրինակ են ծառայում վերջում կանգնածին, կարգն է էդպիսին:

 

Ընթացքում քամին վարսերս նուրբ շոյում է ու ուսուցչի պես զգոնություն տալիս, որ  բաց չթողնեմ  ոչ մի  փշուր հող: Հայկական էսքիզները ողողում են  ամբողջ ճանապարհը, լեռներն ավելի շատ գույներ ունեն քան հմուտ նկարչի գունապնակը: Նախանձում եմ աչքերիս, որ  մտովի շոշափում են լեռան ծերպի  արևածածկ քարերը:

 

Հատվածներ կան, որ իմ հայրենիքում կողքից փակված են, մենք պաշտպանում ենք մեր հողն ու ընտանիքը: Մի քանի դրվագներ բաց եմ թողնում, քանի որ հողակույտը փակել է կողքի պետության երևացող սահմանը:

 

Քանի գնում ենք բարձրանում ենք, անտեսելով այն ցուցանակը որ հուշում է թե ճանապարհը ինչ ընկերություն է ապահովում: Ես համարում եմ ճանապարհս ապահովողը հենց դաշտերի կրքոտ ու վայրի ծաղիկներն են, մի վայրկյան հայացք գցելիս էնպես են գրավում, որ տղա լինեի անկեղծ  սիրո դեպքում կնվիրեի իմ սիրածին, բայց աղջիկ եմ ու երազանքս է՝  քաղեմ, բույրը զգամ կամ դնեմ գլխիս ու խնդրեմ, որ նկարեն, որպես հուշ:

 

Ճանապարհային հիվանդությունս ինչքան էլ փորձի ընկճել, գտել եմ մի կոճակ, որ փրկում է անհարմար պահերից, մի քիչ թմրեցնում է ինձ, բայց ճանապարհն ավելի ուժեղ է ու կամքս հաղթում է քնին, որ վայելեմ բաժանվող ու չվերջացող ճանապարհները:

 

Առաջին լեռան տեսանելիությունը ապահովում է երկնքում  ազատության  բույրը վայելող արծիվը: Ճախրանքն ազատ է, անվախ ու հստակ:

 

Պապիս տուն տանող ճանապարհը անցնում է ոլորաններով, որոնց բացումը սկսվում է մի  քանի կիլոմետր ընդգրկող, բայց  ամբողջ կյանքի համար սիրելի վայր ապահովող մի տեսարանով: Մշուշոտ, բայց լուսավոր, եղևնիներով լցված մի տարածք, որ երկու կողմից  գրկել է  ճանապարհը: Ես գիտեմ որ այնտեղ սկյուռիկներ  շատ կան:

 

Անտառն անցնում ենք,  գալիս է օձագալար մի ճանապարհ, որն ինձ հիշեցնում է հիստերիկ կնոջ բնավորություն, քանի որ մեկ իջնում է, մեկ բարձրանում ու այնքան է պտտվում, որ խմածս կոճակը մեկ-մեկ սկսում է հրաժարվել իր պատասխանատվությունից: Մեքենայում  շատերն անծանոթ են, ամոթն օգնում է հաղթահարել  գլխապտույտ ճանապարհը:

 

Բարձրանում ենք ճանապարհով, անցնում մի մեծ թունելով որն ազդարարում է, որ պապիս տուն հասնելուն մնացել են հաշված րոպեներ: Մտովի զգում եմ պապիս տան բույրը, որտեղ մանկությունս գամակի վրա իր համար պառկած հանգստանում է, մինչև հասնեմ ու էլի դառնամ մանուկ:

 

Պապիս տունը  լեռներից  մի քանի մետր կտրված բլրի ամենաբարձր տեղում է: Քաղաքից բարձրանում եմ քիչ վերև: Դարպասների մոտ սպասում է պապս, ափերի մեջ՝ ընկույզներ:

 

Ճամփեն չվերջացավ. Ինձ բերեց պապիս տուն, ճանապարհը դեռ շատ սպասված մարդկանց է տանում իրենց սպասողների մոտ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին