1059 դիտում

Անի Գաբուզյան. Պապիկս՝ կուլտային ֆիլմ



Նկարիչ պապիկս ֆիլմ էր: Նման ֆիլմեր սովորաբար չեն նկարում: Ֆիլմը կամ համր է, կամ հնչուն, կամ սև ու սպիտակ է, կամ գունավոր, էլ չեմ խոսում ժանրի մասին: Պապիկը հնարավորինս սյուռ ֆիլմ էր, որ ամեն շաբաթ և կիրակի օրերին մեծ էկրան էր բարձրանում Վերնիսաժում:

Պապիկիս համր կադրերն՝ ի դեմս մանկության, ժամանակի ընթացքում սովորույթների էին վերածվել, որոնք սահուն կերպով երեխաների ու թոռների կենսակերպն են դարձել: Հացը երբեք չթափելը ամենասրբազան սովորույթն է, որ երեխա ժամանակ քաղցը հաղթահարած պապից կարելի է փոխառել:

Պապիկս հնչուն շարժանկար դարձավ տատիկին հանդիպելուց հետո: Իմ օպերաների և գրականության սիրահար, արիստոկրատ ուսուցչուհի տատիկին սիրահարվելը լավագույնն էր, ինչ կարող էր տեղի ունենալ պապիս հետ:

Պապիկիս սև ու սպիտակ կադրերը կապվում էին արմատների հետ: Հարութ պապս, կամ Հաթին, ինչպես իրեն ավելի հաճախ անվանում էին, Վանից էր սերում: Վանա կատուներին հատուկ վեհությունն էր իր մեջ կրում, Վանա լճի խորհրդավորությունը: Երազում էր սահմանները բացվելուն պես չոքեչոք Վան գնալ, Այգեստանի իր հայրական տունը գտնել, նստել տան շեմին ու աշխարհի ամենահամեղ ձուկը նախքան համտեսելը վրձնել կտավի վրա: Տառեխների չհանդիպեց, բայց նկարած իշխանները մեր պատերի գլխավոր ուտեստներն են:

Պապիկի գունավոր կադրերը նկարահանվել են Ֆլորենցիայում, որի փողոցներով նա ոչ թե ոտքերով է թափառել, այլ մտքերով: Նեապոլիտանական երաժշտության սիրահար Հաթիս՝ Իտալիայի նկատմամբ խորին հարգանքն ու սերն արտահայտում էր Վերնիսաժում գնորդներին որպես իտալացի ներկայանալով և ազգանվան փոխարեն իտալերեն շեշտադրությամբ Անտանելի բառն արտաբերելով: Կոլորիտ չէ, բա ի՞նչ է:

Ժանրը բարդ է: Ֆիլմեր կան չէ՞, որ նկարագրության մեջ ժանրը մի բան է գրված, բայց դիտելիս լրիվ այլ ժանրին բնորոշ զգացողություններ ես ունենում: Այ դա պապիկիս մասին է: Շիկակարմիր, եռանդուն պապիկս ինժեներ էր՝ սրտի խորքում գեղանկարիչ դառնալու փափագով: Համբերատար, լուռ ու խաղաղ ճանապարհով, երբեք չվնասելով մասնագիտությանը, հասավ Վերնիսաժ՝ ամեն շաբաթ և կիրակի օրերին Գալուստի և Վանիկի մեջտեղում իր նկարների ցուցահանդես-վաճառքը կազմակերպելով և լավագույն կտավը՝ այսօր էլ կանգուն ծառի վրա կախելով: Վերնիսաժը մի ուրիշ պատմություն է: Այնտեղ նույնիսկ իմ և եղբորս «գլուխգործոցներն» են ցուցադրվել և հաջողությամբ գնորդներ գտել. շատ փոքր էինք, մոտ 4 տարեկան: Մի օր պապիկի մոլբերտի մոտ մեզ Շագալ ու Պիկասո էինք երևակայել՝ թղթերի վրա ծառ, տուն ու ագռավներ նկարելով: Եվ եթե ընտանիքի անդամներին պետք էր ինչ-որ համոզիչ փաստարկներով ապացուցել, որ իսկապես ծառ, տուն ու ագռավներ ենք նկարել, պապիկը նման ձևականությունների կարիք չուներ: Փոխարենը վերցրեց մեր «կտավներն» ու հաջորդ օրը գնաց իր արվեստանոց-աշխատավայր՝ Վերնիսաժ, և, ինչպես վերը նշեցի, մեր կտավների համար արժանի գնորդ գտավ:

Պապիկի մասին մտքերն իր ներկերի ու վրձինների բույրն ունեն: Իր դալիական բեղերով և ստիլյագա կենսակերպով Երևանի կոլորիտի մեջ լավագույնս տեղավորված պապիկն իմ կյանքի միակ ավարտուն ֆիլմն է՝ իր երիտասարդության Ֆելինիական դինամիկ կադրերից սկսված՝ մինչև Անտոնիոնիական հանդարտությունը: Պապիկին՝ որպես ֆիլմ վերանայելու հնարավորությունն այսուհետ իմ մեջ պետք է փնտրեմ՝ իր երազանքները, սովորությունները սեփականաշնորհելով, Վերնիսաժ այցելելով ու Վանիկին, Գալուստին ողջունելով, Վան ու Ֆլորենցիա հասնելու հստակ ծրագիր կազմելով,  ու ականջներիս մեջ ամուր պահպանելով իր քնքուշ ձայնն՝ ինձ «Վանա լուսնյակ» ասելիս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am