753 դիտում

Աննա Երանոսյան. Իրար նման ու իրարից տարբեր տատս ու պապս



Հակադրությունների պայքար ու միասնության անսպառ ձգտում, երևի հենց այս բառերը կկարողանան ամբողջությամբ բնութագրել տատիս ու պապիս՝ կյանքիս ամենակարևոր մարդկանց: Տարբեր են նրանք ինչպես մետաղադրամի երկու կողմերը, բայց միևնույն ժամանակ ջրի երկու կաթիլների պես նման են իրար: Պապս բռնկուն է, բորբոքվող, քմահաճ, իսկ տատս՝ այդ լուսե կինը, որը բնության մի մասնիկը իր մեջ է կրում, հանգիստ մարդ է, աշխատասեր, նուրբ ու բարի, պապիս ցանկությունները ու քմահաճույքները լուռ տանող ու երբեք  իր բեռից չբողոքող: Հաճախ են վիճում իրար հետ, բորբոքվում, բայց հաշտության պահը շատ չի ուշանում, երկար չեն կարողանում կռված մնալ, չէ որ կարծես մի մարդ դարձած լինեն այս տարիների ընթացքում, իսկ մարդ ինքը իր հետ երկար կռված չի մնա: Հիշում եմ դեռ մանկության տարիներից շատ էի հպարտանում նրանցով: Մի անգամ երբ փոքր էի դպրոցում հանձնարարել էին պապիկների կենսագրությունը գրել,  ես պապիս խնդրեցի, որ օգնի, նա սկսեց պատմել իր ապրած կյանքը՝ ինչպես է սովորել, հաղթահարել շատ դժվարություններ ու իր գիտելիքների ու աշխատասիրության միջոցով շատ մեծ բարձունքների հասել: Մի մեծ հպարտություն սկսեցի զգալ, որը դժվար թե կարողանամ բառերով արտահայտել:
   
Տատս կարծես մի մեծ հանրագիտարան լինի, որ գիտի բոլոր հարցերի պատասխանները, տան ամենասիրած սենյակը իր մեծ գրադարանն է, որ շատ քչերին է ներս թողնում: Իր  գրադարանում բոլոր գրքերը խնամքով դասավորում է ու հատ-հատ գիտի՝ որ գիրքը, որ դարակում է դրված: Մեկ-մեկ հարցնում էի՝ կարդացել է բոլորը, ու տատս սկսում էր պատմել գրքերի սյուժեները, ու զգում էի, որ կարող եմ նրան անվերջ լսել ու չձանձրանալ: Երբ գնում էի ու գիրք ուզում կարդալու համար, մի պայմանով էր տալիս, որ ուշադիր կարդայի ու հետո իր բոլոր հարցերին կարողանայի պատասխանել գրքի վերաբերյալ: Երբ դեռ դպրոցական էի պապս ու տատս նստած Շեքսպիրի «Համլետն» էին քննարկում (սիրում են իրար հետ գրքեր քննարկել), ու պապս ասաց, որ գնամ ու կարդամ հետո միասին կքննարկենք: Տատիկից վերցրի գիրքը,  մի շնչով կարդացի ու գնացի,  որ քննարկենք: Տատս միշտ այնպիսի հարցեր էր տալիս, որոնց կկարողանայի միայն պատասխանել գիրքը  շատ ուշադիր կարդալու դեպքում: Ու երևի հենց այդ հարցերն էին, որ ինձ ստիպեցին սիրել գիրքը: Երբեմն զարմանում եմ՝ ինչպես կարող է մի մարդու մեջ այդքան բարություն ու ջերմություն լինլ, ինչպես կարող է մի կնոջ մեջ այդքան շատ սեր ու անսպառ հոգատարություն լինել:

Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի տատիս ոսկե ձեռքերով պաատրաստած հարիսան, որը մի ամբողջ հարստություն արժեք, ոչ մի տեղ դեռ այնքան համեղ հարիսա չեմ կերել, ինչքան տատիս պատրաստածն է:

Տատս ու պապս մի ամբողջություն են իմ գիտակցության մեջ, ճիշտ է երկու մարդ են  բայց իրար ձուլված, իրար էության մեջ անէացած: Չեմ կարող պատկերացնել մեկին առանց մյուսի, հիշում են երբ տատս հիվանդանում էր պապիկս երկար չէր դիմանում ու ինքն էլ էր հիվանդանում:

Ու հիմա եմ հասնակում, որ կյանքում կան մարդիկ, որոնց ամբողջ կյանքում պետք է շնորհակալ լինես, քանի որ իրենց մի մասնիկը քո մեջ ես կրում, ու իրենց մի մասն ես դու: Ու ես շնորհակալ եմ տատիս ու պապիս ինձ այսպիսին դարձնելու համար, ինձ այսքան սիրելու ու այսքան  հոգատար լինելու համար: Առանց նրանց ես գուցե չլինեի այնպիսին, ինչպիսին, որ կամ ու գուցե չունենայի այն ամենը, ինչ հիմա ունեմ: Տատս ու պապս  կյանքիս իդեալներն են  ու  երանի թե կարողանամ նրանց նմանվել...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am