844 դիտում

Հերմինե Ղարիբյան. Իմ պապիկը...



Դետալներ կան` մանկությունից մեզ հետ են մինչև մեր կյանքի վերջին շունչը: Ամեն շրջափուլ հաղթահարելիս դու նորից վերաարժեւորում ես դրանք, խնամքով մաքրում ժամանակի փոշին ու տեղավորում հիշողությանդ նրբագույն ծալքերում, որ չխամրեն, որ կենցաղը իր անմշակ, սուր կամ բութ կողմերով չփչացնի դրանք:

Իմ մանկության դետալներն էլ հյուսվում են պապիկիս պատմությունների շուրջ, որոնց ես սպասում էի ամեն երեկո` սրտատրոփ ու  հետաքրքրասիրությամբ:

Դրսում սարսափելի ձմեռ էր, Գեղամա լեռներից փչող վայրենի բուքը ծածկում էր ամբողջ գյուղը, ներսում միայն դրսի փոթորկից կատաղած վառարանն էր շարունակ ճարճատում:

Տըկ-տըկ-տըկ... պապիկի ոտնահետքերն են, արդեն ճանաչում էինք:  Ես ու եղբայրս վազում էինք, առանց իրար հերթ տալու պապիկի ձեռքից խլում ձեռնափայտը, դնում դռան տակ ու պապիկին համարյա հրելով արագ հասցնում սենյակ:

Փոքրիկ չարաճճիներին բնորոշ համառությամբ  ամեն օր ստիպում էինք պապիկին ամենայն մանրամասնությամբ պատմել իր կյանքի պատմությունը:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա հայրը կամավոր մեկնել է ռազմաճակատ` յոթ երեխաների խնամքը թողնելով կնոջ ու այն ժամանակ տասներեքամյա որդու ուսերին:

Ու պապիկս ստիպված էր ժամանակից շուտ մեծանալ: Հպարտությամբ, մեծի պատվախնդրությամբ իր ուսերին է առնում փոքրիկներին պահելու պատասխանատվությունը:

Հիմա մեղմ ժպիտով, բայց աչքերում շողացող թաքուն արցունքներով է հիշում մանկության տարիները. «Մորս հետ աշխատում էինք գյուղացիների տներում: Բոլորը ծանր պայմաններում էին, բայց աշխատանքիս դիմաց ինձ իրենց հավաքած բերքից էին տալիս, նոր թխված լավաշ կամ մի կտոր պանիր», - հիշում է պապիկս:

Այսօր, երբ ամեն չնչին խնդրից մեծ պատմություն եմ սարքում ու կյանքս շիլաշփոթի վերածում, իրավիճակից ելքեր փնտրելիս բախվում եմ պապիկիս` կյանքի իններորդ տասնամյակի շեմին, անսահման խնդիրներ հաղթահարած, բայց  դեռ երիտասարդ, աշխատասեր, կենսախինդ, երգը` շուրթերին...

Ես տրտնջում եմ, ինքն ինձ հակառակ ժպտում ու շարունակում է աշխատել:

Պապիկի ժպիտի մեջ ամեն անգամ մեր մանկության հետաքրքրասեր հայացքն եմ գտնում. այդպես ժպտում էր, երբ տասներոդ կամ քսաներոդ անգամ ստիպում էիք նույն պատմությունը պատմել:

Նրա մանկահասակ եղբոր ու քրոջ մահվան պատմություններն ամենաշատն էին տպավորել մեր` դեռ ոչինչ չտեսած երևակայությունը:

Հիմա տառ առ տառ ականջներումս հնչում է պապիկի ձայնը, նույնիսկ գրելիս չխնդրեցի, որ նորից պատմի. արդեն հասկանում եմ` վերքեր կան` չեն սպիանում:

«Հայրս երազում երեխաներին տեսել էր, նամակ էր գրել մորս: Պատասխան նամակում ստիպված էինք խաբել նրան: Հայրիկը երբեք չպիտի իմանար, որ քույրս` ցրտից, եղբայրս թոնրից ստացած այրվածքներից մահացան. իրեն չէր ների, մեզ` նույպես», - հիշում է պապիկը:

Ժամանակը ի զորու չէ մոռացնել կատարվածը, այն շարունակ խամրելով պատմություն է դարձել մեզ համար, բայց Վազգեն պապս մինչև այսօր իր սենյակի մի անկյունում թաքուն պահում է հոր նամակները, դրանց մեջ այնքան հայրենասիրություն ու խիզախություն կա, որ պապիկը, այն ժամանակ մեզ, հիմա իր ծոռնիկների համար հաճախ է կարդում, ուզում է հայրենասեր ու պիտանի մարդիկ դառնանք:

Ամեն անգամ չթաքցրած հրճվանքով եմ նայում պապիկիս ու իր փոքրիկ ծոռնիկների խենթություններին. նա իր կորցրած մանկությունը վերագտավ փոքրիկների մեջ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am