Սիրանուշ Բադալյան. Իմ պապը (տես՝ Ձմեռ պապ) - Mediamax.am

5862 դիտում

Սիրանուշ Բադալյան. Իմ պապը (տես՝ Ձմեռ պապ)


Լուսանկարը`


Մեզ ո՛չ գյուղն էր կապում, ո՛չ քաղաքը, պապս ո՛չ հողագործ էր, ո՛չ ուսուցիչ, իսկ ես և՛ միամիտ էի, և՛ անփույթ, որ թյուրիմացաբար կարծում էի, թե ինձ պես ու իմ չափ ոչ ոք չի սիրում իր պապիկին:

 

Հիմա, երբ ես կարող եմ շատերին պատմել քո մասին, ես, որ մինչև վերջին վանկն ու հանգը թաղված եմ բառախաղերի մեջ, ինձ բառազուրկ մեղավոր եմ զգում թղթին ապացուցել չկարողանալուս համար, թե դու հատկապես ինչով էիր բացառիկ (իսկապես չգիտեի, որ պապիկներն այդքան նման են):

 

Տարիների ծխամորճում ես իրար եմ խառնում տարածություններն ու ժամանակը՝ մտաբերելով տասնյակ պատմություններ, որ հեշտությամբ կարող են հուզել կամ ժպիտ հարուցել, զվարճացնել կամ զգաստացնել, տպավորվել կամ մոռացվել, և որքան երկարում է զգայական շղթան, այնքան ես փորձում եմ մտքիցս իբր թռցնել, որ քո մասին պատմելու համար ունեմ առավելագույնը հինգ հարյուր բառ. սա քեզ չի՞ հիշեցնում այն գրավիչ սահմանափակումների մասին, որոնք դու դնում էիր իմ առջև, որ ես ի վերջո չհաշտվեմ անպարտաճանաչության՝ ինձ այնքան համահունչ սինդրոմի հետ:

 

Փոխարենը դու չունեիր սահմաններ և կարող էիր ուզածիդ չափ բռնկել իմ մանկության ամենաքմահաճ կայծերն ու մտքի խնամքով առանձնացնել քո կարծիքով հիշարժանը: Ես էլ առարկություններ չունեի (գոնե քո դեմ) և կարող էի ինքնագոհ համաձայնել ընտրությանդ, բայց այդ ժամանակ ես շատ էի երեխա՝ կռահելու համար, որ շուտով հիշողություններն իրենք են մրցելու հետդ, ավելի ուշ՝ պարտվելու քեզ՝ անվերապահորեն թողնելով որպես լավագույն հուշ:

 

Ամբիցիաները հանկարծ կտրում են էմոցիոնալ թելը: Ես արագորեն աչքի եմ անցկացնում գրված բառերի քանակը և որոշում չսպառել քեզ թվերի արանքում. այսօր արցունքները տանուլ են տալու:

 

Բայց ամեն դեպքում մենք գյուղ չունեինք, իսկ ունեցած քաղաքն էլ, մեր մեջ ասած, քաղաքին նման չէր, մինչդեռ այժմ ես կրկնակի միամիտ ու անփույթ եմ, որ սիրածդ ժպիտով բացում եմ իմ ու քո ամենատաք գաղտնիքը. չարժե՞ ասել արդյոք, որ ամբողջ կյանքում Ձմեռ պապը հենց մեր տանն է ապրել, իսկ հրաշքները՝ ինձ հետ/իմ կողքին/իմ ներսում:

 

Եվ ինչ լավ է, որ ինձ ու քեզ ոչինչ չի կապում, որովհետև ոչինչ չի բաժանել:

 

Երբեք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին