Արծրուն Հովհաննիսյան. Չտեսած պապս - Mediamax.am

14005 դիտում

Արծրուն Հովհաննիսյան. Չտեսած պապս


Լուսանկարը`


(Սույն շարադրությունը հրապարակվում է մրցույթից դուրս եւ դրամական մրցանակի չի հավակնում)

 

«Իմ տատիկը, իմ պապիկը» լավ վերնագիր է ընտրված ու հերթականությունն էլ է շատ հետաքրքիր. առաջնահերթությունը տատիկ, նոր պապիկ... Մեծերը միշտ ասում էին, թե հայկական ավանդական ընտանիքում տատիկները պատից ներս տան մամիկի  կարգավիճակով ավելի ազդեցիկ են եղել. պատից դուրս տղամարդիկ  էին, պատից  ներս  կանայք:

 

Ես, ցավոք, պապիկ չեմ տեսել, բայց տատս, ժողովրդական լեզվով ասած, շատ «боевик»  կին էր: Իմ աչքերում տատս տպավորվել է առաջին հերթին իր մարտական, տղամարդկային կեցվածքով: Ամեն առավոտ իր օրը սկսվում էր տղամարդկանց նման՝ 1-2 բաժակ օղի խմելով և լավ  նախաճաշելով: Շատ թափով կին էր տատս, մեծ, ծանր ձեռք ուներ: Աչքերում տառապանք ու հպարտություն կար միաժամանակ: Այս ամենը, իհարկե, կյանքի փորձությունների և տեսած դաժանությունների հետևանքն էր: 13 տարեկանում ամուսնացրել էին մի երիտասարդի հետ, որին կես տարի հետո աքսորել էին Սիբիր: Մի տարի անց ամուսնացել էր պապիկս հետ: Պապս`Արշակի Արզոն առաջին կնոջ մահվանից հետո երկրորդ անգամ էր ամուսնացել: Տատս հարս էր եկել ու պահում էր երկու որբ երեխեքի՝ քանի որ պապս կարճ ժամանակ անց գնացել էր պատերազմ: Պատերազմի տարիներին 14-15 տարեկան աղջիկ լինելով, շատ հաճախ տղամարդու գործ էր արել, որպեսզի կարողանար այդ երեխաներին, երկու հորաքույրներիս պահել: Ինչպես ինքն էր սիրում ասել. «Ուրիշ կնգտիք փոցղ կենեին, ես՝ եղան»:

 

Ինչպես ժողովուրդն է ասում. «կյանքը տատիս սարթացրել էր»: Տատս էլ էր հաճախ կրկնում այդ բառը և, իսկապես, նա սարթացել էր այնքանով, որ տղամարդու հայհոյանքներ էր տալիս երբեմն: Եթե ինչ-որ բան իրեն դուր չէր գալիս տղամարդու հայհոյախառն կպնող խոսքերով արտահայտվում էր: Ճշմարտապաշտ էր, ոչ մի սխալ բան չհանդուրժող ու չընդունող, ցանկացած սխալ բան միանգամից պիտակավորող, ճակատին ասող, ըմբոստ կին էր: Շատ էր սիրում մականունավորել մարդկանց՝ ըստ իրենց արարքների ու բնավորության: Լինելով չափազանց պահանջկոտ՝ միշտ դժգոհում էր ամեն ինչից ու ամենքից, անգամ սեփական աղջիկներից: Միակ մարդը, ում հետ նա իր կռիվներով, հայհոյանքներով, ծանր բնավորությամբ հանդերձ հարմարվել էր, մայրս էր: Փոքրամարմին արիստոկրատ գերդաստանի այն հայուհին, ով տատիս հագն ու կապը մշտապես փայլուն էր պահում: Տատիս շորերը իրենց պահեստային տարբերակներով, որոնք դրված էին «ղուտիկում», մշտապես պսպղում էին, իսկ երեք օրը մեկ տատիս լողացնում էր մայրս: Տատս մարմնով երկու անգամ մեծ էր մորիցս: Երբեմն ինձ թվում էր, թե մի օր տատիս գրկելուց մորս մեջքը կկոտրվի: 2-3 օրից ավել հորաքույրներիս՝ իր աղջիկների տանը չէր դիմանում, ետ էր վերադառնում փեսաների գերդաստանների մասին հինգ հարկանի հայհոյանքներով:

 

Ընդհանուր առմամբ, շատ ծանր բնավորություն ուներ տատս, բայց շատ հետաքրքիր ու կոլորիտով մարդ էր: Ինքը կաթոլիկ էր, բայց, երբ ես փոքր էի, մեր գյուղի միակ առաքելական եկեղեցին ինքն էր տնօրինում՝ դուռը բացում-փակում, մաքրում, մոմեր դնում, աղոթքներ ասում, սրբապատկեր էր տեղադրում: Շատ խիստ հավատացյալ էր. կիրակնամուտին և կիրակի գործ չէր անում, երեկոյան անպայման աղոթքով էր քնում, առավոտյան աղոթքով արթնանում: Կարդալ չգիտեր, հազիվ ստորագրում էր: Երբ 7-րդ դասարանում էի սովորում, հիվանդացավ ու պայման դրեց, որ եթե ես Աստվածաշունչը իր համար մինչև վերջ կարդամ, ապա ինքը կլավանա: Կարդացի, մի քանի օրից ոտքի ելավ, բայց կարդացի մինչև վերջ, ամեն երեկո իր քնելուց առաջ կարդում էի:

 

Տատս շատ էր պատմում պապիս մասին, ում, ցավոք, չեմ տեսել: Ինքն այդ պահերին ինձ համար ինչ-որ առումով մարմնացնում էր թե′ պապին, թե′ տատին, որովհետև ինքը ամեն ինչին անդրադառնում էր ամուսնու կյանքով ու պրիզմայով: Ճիշտ է, մենք պապիս չէինք տեսել, բայց զգում էինք, որ իր ազդեցությունը տատիս վրա մեծ է: Պապս, հատկապես պատերազմից հետո, կնոջը բավականին լավ էր նայել: Տատս Խորհրդային Միության ամենալավ հանգստավայրերում էր եղել և շատ էր սիրում պատմել, թե ինչպես ինքը, ռուսերեն ոչ մի բառ չիմանալով, գնացել եւ հանգստացել է Միջին Ասիայում, Մերձբալթյան երկրներում և այլուր: 5-6 տարեկան էի, երբ տատս հերթական տարին հանգստանալու մեկնելիս ինձ էլ տարավ իր հետ Վրաստան: Ռուսերեն գրեթե ոչ մի բառ չգիտեր, սակայն ինչ-որ իրավիճակում հայտնվելիս, սկսում էր շատ ագրեսիվ, տղամարդու ձայնով և համառությամբ իր ուզածը ներկայացնել և հասանելի դարձնել մարդկանց: Տատիս անունը անձնագրով Մանյա էր, բայց գյուղում ընդունված էր իրեն «Մանյակ» ասել: Ինքը շատ հպարտ էր իր անունով: Շատ ծանր ու հպարտ կյանքից հետո տատս, ցավոք, շատ բարդ մահ ունեցավ: Մի կարճ ժամանակ, երբ մենք տատիս հետ ապրում էինք հորեղբորս տանը՝ Սիբիրում, սիրում էինք կատակել նրա հետ ՝ ասելով, թե կարող է ամուսնուդ միամիտ այստեղ գտնենք:

 

Սակայն, ցավոք, այնպես ստացվեց, որ մայրս հիվանդացավ և իրենից շուտ մահացավ: Տատս արդեն ավելի ծեր էր ու ավելի շատ խնամքի կարիք ուներ, բայց նրա համար ոչ մի կերպ ընկալելի և ընդունելի չէր, որ իրեն պետք է 18-20 տարեկան հարսները խնամեն: Կնոջս շատ էր սիրում, բայց մորս չափ չէր վստահում: Երբ հորեղբայրս Սիբիրից եկավ մորս թաղմանը, կարճ ժամանակ հետո հասկանալով, որ տատիս վիճակը լավ չէ, նրան իր հետ տարավ Սիբիր՝ չնայած բոլորս դեմ էինք դրան: Հետաքրքիր է, որ տատս էլ էր ուզում գնալ, կարծես՝ ինչ-որ բան էր ձգում նրան: Գնաց Սիբիր, վախճանվեց ու այնտեղ էլ թաղվեց: Այսպես, առաջին ամուսնուն գտնելու մասին մեր կատակները, կարծես, փոխաբերական իմաստով իրականություն դարձան: 

 

Այսքանից հետո, երևի թե ժամանակն է ինչ-որ բան ասել պապիցս: Նրա մասին պատմությունները, բնականաբար, լսել եմ առաջինը տատիցս, ապա հայրիկից ու հորեղբորիցս: Սակայն պապս այնքան հետաքրքիր մարդ է եղել, որ նրա մասին բոլորն էին խոսում գյուղում: Երբ ես փոքր էի, գյուղացիներն ինձ հարցնում էին՝ ում տղան եմ, ասում էի «Կարոյի տղեն եմ», որին ի պատասխան հնչում էր. «Արզոյի Կարո՞յի»:  Արշակի Արզո՝ այսպես էին պապիս ասում գյուղում, չնայած, որ անձնագրով նրա անունը Արզուման էր: Իսկ երբ անունս էին հարցնում,պատասխանում էի Արծրուն, մեծահասակները գրեթե միշտ չէին տարբերում և ասում էին, թե պապիս անուն են դրել:

 

Հետագայում անվանս հետ կապված հետաքրքիր մի իրադարձություն տեղի ունեցավ, որը փոխեց ողջ կյանքս: Պապս եղել է սովորական աշխատող մարդ. սելվոր, գյուղի բաղնիք է աշխատացրել,  որոշ ժամանակ հարկահավաքություն է արել: Սակայն շատ կենսախինդ կատակասեր, ասող-խոսող մարդ է եղել՝ համաձայն տարեց մարդկանց վկայության:

 

Պապիս չտեսնելը ես որպես անձնական ողբերգություն էի ընդունում՝ համարելով որ տատիկ-պապիկի առումով ևս երեխաները որբություն են ունենում: Միշտ նախանձով էի նայում նրանց, ովքեր տատիկ-պապիկ ունեին: Սա ինձ համար շատ լուրջ խնդիր էր, մանավանդ, որ ես, կռվի ու պատերազմի պատմությունների սիրահար լինելով, միշտ հարցուփորձ էի անում Հայրենական պատերազմին մասնակցած, կռված պապիների, ստացած մեդալների և այլնի մասին: Մինչդեռ իմ պապը ևս մասնակցել էր պատերազմին, որն ինձ համար մեծագույն հպարտություն է մինչև օրս: Ավելին, վերջերս  հաջողվեց մանրամասն պարզել իր անցած մարտական ուղին՝ նա հասել էր մինչև Բուդապեշտ, որի մասին շատ էր պատմել հորս և հորեղբորս, ովքեր սիրում էին կրկնել նրա խոսքերը:

 

Երկար տարիներ անց մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ: Հայրս և մայրս միշտ  պատմում են, որ իմ անունը Արծրուն կնքելու պատմությունը հետևյալն է. երբ ծնողներս երեխայի էին սպասում և սեռը դեռ հայտնի չէր, հայրս երազ էր տեսել, որտեղ մի տարիքով ծերունի նրան ասել էր, որ տղա կունենաս և անունը կդնես Արծրուն: Այս պատմությունը, բնականաբար, մեր ընտանիքում շատ հայտնի էր և գրեթե ամեն ծնունդիս միշտ ասվում էր: Անցան տարիներ, ես արդեն 29 տարեկան էի, երբ Ազգային արխիվում ուսումնասիրություններ էի կատարում և փորձում էի նաև մեր գյուղի պատմությունը վերհանել, քանզի գյուղի մասին գիրք էի ուզում գրել: Մեր գյուղի ծխամատյանը գտա, որը պահպանվել էր մինչև 1918թ.՝ թուրքերի առաջին արշավանքը: Ի զարմանս ինձ, ծխամատյանում հայտնաբերեցի, որ պապիս իրական անունը ոչ թե Արզուման է, այլ Արծրուն, սակայն որևէ մեկը, անգամ ինքը, իր կենդանության օրոք չի իմացել դրա մասին: Հասկանալի է, թե ինչպես է սա տեղի ունեցել, քանզի ծխամատյանում գրանցված և առօրյայում օգտագործված անունները գյուղերում հաճախ շատ տարբեր են եղել: Առաջին փաստաթուղթը, որում իր անունը այդպես ձևափոխված, աղավաղված տարբերակով՝ որպես Արզուման արձանագրվել է, եղել է 23-24 տարեկանում՝ խորհրդային կարգերի ժամանակ: Պապս 7-8 տարեկան է եղել, երբ իր հորը նախանձից սպանել են, որից հետո մորը 1918-ին սպանել են թուրքերը: Այդ պատճառով անվան իրական, ճիշտ տարբերակը անծանոթ է եղել իր համար:

 

Երբ բացահայտեցի, որ կրում եմ պապիս իրական անունը և այդ խորհուրդը, որը չգիտեմ, թե ինչպես փոխանցվել է, ինձ մոտ շատ բան փոխեց և հիմա կրկնակի, նույնիսկ տասնապատիկ անգամ ափսոսում եմ, որ հնարավորություն չեմ ունեցել տեսնել պապիս:

 

Հիմա պապիս նկարը կարմիրբանակային զինվորի հագուստով ու մեդալով կախված է գլխավերևումս: Այս պատմությունները կյանք են, ես ինչ որ առումով դեռ նախանձում եմ այն մարդկանց, որոնց պապիկները նրանց ձեռքերը բռնած այգի ու մնակապարտեզ են տարել, օրոր են ասել ու քնացրել: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին