Քրիստինե Նազարյան. Ամենաթանկից մի մասնիկ - Mediamax.am

1283 դիտում

Քրիստինե Նազարյան. Ամենաթանկից մի մասնիկ


Լուսանկարը`


- Պաա~պ, պաապիի, ախր, գիտես, ես չեմ կարող:

 

- Երբեք չհանձնվես:

 

Ամենալուսավոր մարդու վերջին խոսքերը:

 

Այս խոսքերը երբեք այսքան խորն ու ազդեցիկ չէին եղել, որքան հիմա:

 

Ինչ-որ մեղմ թախիծ պարուրեց ինձ` անհասկանալի ու արտասովոր: Կարծես ամեն ինչ տակնուվրա եղավ նորից: Այս խառնաշփոթ մտքերից ինձ սթափեցրին արցունքի կաթիլները: Այո’, ճիշտ նույն զգացողությունն էր, միայն տարիներ առաջ:

 

Սենյակիս անկյունում մի նկար է դրված, որից սիրակեզ, լուսավոր մի շող ամեն ժամ գալիս ու փարվում է ինձ, իսկ աչքերը` խոր, նայում են անվերջ, խորհուրդներ տալիս, ամոքում հոգիս ու օգնում ապրել:

 

Ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, բայց մի՞թե ժամանակն այնքան զորեղ է, որ մոռացնել կտա նկարի դեմքը, նրա ամեն մի շարժումը, խոսքը, հայացքը...

 

Հաճախ եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչ է կյանքը, ինչու՞մ է կայանում նրա իմաստը և, կամ ինչու՞ են մարդիկ շարունակ տանջվում: Սակայն անտեսելով տխուրն ու վատը, նշում եմ, որ կյանքը յուրաքանչյուրիս մոլորակն է, հեքիաթային աշխարհը, ուր ամփոփված են գեղեցիկն ու ներդաշնակը, վերապրումն ու մոռացումի դառը հուշերը: Կյանքը սիրում է ապրողին, նրան, ով անհոգ է, ուրախ, գուցե փոքր-ինչ խենթ, բայց, միևնույն ժամանակ կյանքը գնահատող: Ու պապս դրա վառ դրսևորումն է եղել տարիներ շարունակ:

 

Երանի~ կարողանայի ժամանակը ետ շրջել.այդ ժամանակ չէի զգա, թե ինչ է ցավը, կորուստը, լացը,մենությունը, բայց, ավա~ղ, հասարակ մահկանացուներին վերապահված չէ այդ զորությունը:

 

Սա այն օրն էր, երբ կյանքում առաջին անգամ հասկացա, որ աշխարհն ինչքան գեղեցիկ է, նույնքան վտանգավոր է: Աշխարհը կորցրեց գունեղությունը.դարձավ սև-սպիտակ` իր բազմաթիվ երանգներով: Ժամանակը կանգ առավ: Ես քարացել էի ապրելու ցանկությունը կորցնելու՞ց, թե՞ ապրելու կորցրած հույսը գտնելու ցասումից: Որոշեցի` «Երբե'ք չհանձնվել»: Հասկացա, որ Կյանքի Պատերազմը գեղեցիկ է, երբ նրան նայում ես հերոսի աչքերով: Այնտեղ մարդ կռվում է ինքն իր տեսակի դեմ, բացահայտում իր եսը, հանճարը,թրծում է հոգին, ձգտում կատարելության:

 

Ինչքա~ն ապրած ու չապրած րոպեներ մնացին, ինչքան ասված ու չասված բառեր մնացին օդում կախված, ինչքա~ն ու ինչքա~ն: Մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ եմ փոխում իմ ներկայությամբ, հետո վերագտնում եմ ինձ. ես քո ստվերն եմ, քո ինքնությունն եմ այս երկրի վրա:

 

Երբեմն, մենության ժամերին, երկար նայում եմ նկարին, և այնպես է թվում, թե նա այստեղ է` նստած կողքիս, շոյում է վարսերս, ու զգում եմ սրտիս արագ զարկերը, բայց, ավա~ղ, երազը երբեք երկար չի տևում. այն միշտ ավարտվում է ամենաքաղցր պահին... բայց ու՞ր փնտրեմ, որ նորից գտնեմ նկարի այն բարի էակին: Սա, թերևս, այն բազում հարցերից մեկն է, որ պատասխան չունի: Սակայն ես այն չեմ էլ ակնկալում, քանզի վաղուց սովորել եմ, նկարն է սովորեցրել լինել ամուր, ուժեղ, կոփված, ամեն ինչում լավը տեսնել ու կորստի մեջ ոչ ոքի չմեղադրել: Այժմ եմ հասկանում, որ այն մեծապես փոխել  է ինձ. դարձրել ավելի հասուն, խոհուն: Չլիներ այդ նկարը ես կլիեի այն բազմաթիվ անհոգ աղջիկներից մեկը, ովքեր չգիտեն կյանքի, մեծի հարգը, նրանց անչափ թանկ լինելը:

 

 Կո'չ եմ անում բոլորիդ` Երբեք Չհանձնվել, ինչ էլ, որ լինի,պայքարել մինչև վերջին շունչն ու արժանապատիվ մեռնել; գնահատել էն ամենաթանկերն, ինչ կա Ձեր կյանքում, միգուցե հետո հանգամանքները խանգարեն...

 

Դու եկար ինչպես երազ, ապրեցիր կյանքդ ուրախ ու գնացիր երկնի հեռուն` թողնելով հյուսված հեքիաթ քո մասին: Պաա~պիիս, երկնքում են մեռնում արծիվները, ու թեև ժամանակը քեզ համար էր ստեղծված,բայց դու` հավիտենության: Ու թող եղիցի լույս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին