Անի Վարդանյան. Իմ տատիկը - Mediamax.am

3401 դիտում

Անի Վարդանյան. Իմ տատիկը


Լուսանկարը`


Քայլում եմ  փողոցով, ու ոտքերիս տակ հաճելիորեն խշշում են տերևները: Հոգուս մեջ խլրտում է կարծես գեղեցիկն ու հմայիչը ընկալելու հորդառատ զգացմունքը, որը ճիշտ նման է աշնանը երկնքից թափվող անձրևին: Ծառերի վրա քամուց դողացող ամեն մի տերև ինձ աշնան սիրտ է թվում, որ կարծես պատրաստվում է մեռնելու: Տատս էլ մահացավ աշնանը, ու տարվա այս հմայիչ եղանակն ինձ համար դարձավ տխրության խորհրդանիշ:

 

Ես տատիս ոչ միայն սիրում էի, այլ պաշտում էի որպես սրբություն: Կարոտում եմ նրան, ու այսօր, գրելով նրա մասին, գուցե մի քիչ թեթևացնեմ հոգիս: Այնտեղ, ուր Արամազդ լեռան գագաթից գալարվող ամպերը, փարվելով նրա լանջերին փռված «հարփազ նարգիզե» գորգին, սահում են դեպի փեշերը, ուր օդում անվերջ ուրցի ու դաղձի բուրմունքն է, գտնվում է գյուղն, ուր ծնվել է տատս: Տատս գեղեցիկ էր իր գյուղի զարմանահրաշ բնության նման: Գյուղն այդ Տաթևն է, մարդի'կ, իսկ տատիս անունը՝ Փառանձեմ: Իր բոլոր թոռների մեջ տատս անհասկանալի պատճառներով ամենից շատ ինձ էր սիրում: Նա մեզ պատմում էր իր մանկության դառն օրերի, դրանից հետո ապրած կյանքի մասին:

 

Փոքր էր, երբ հորը տարան ռազմաճակատ ու նա կորցրեց մանկությունը, մեկ օրում հասունացավ, դարձավ մոր, քրոջ ու եղբայրների խնամակալը: Սակայն հայրենականի հաղթանակը նրան ուրախություն չբերեց: Անագորույն պատերազմը կուլ տվեց հորն, ու ընդամենը տառաճանաչ տատս լծվեց մշակի չարքաշ աշխատանքին: Հետո ամուսնացավ պապիս հետ ու գնացին քաղաք:

 

Երբեմն ես անխոս նայում էի տատիս դեմքին, ձեռքերին ու ակամայից մտաբերում Սևակի տողերը.

 

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը,

Սար են շարժել, քար են շրջել այս ձեռքերը…

 

Ապրելով գողտրիկ այդ բնության մեջ նա կարծես թե կլանեց ամեն լավն ու բարին: Տատս գեղեցիկ, զարմանալի համեստ ու բարի կին էր: Ու այդպես համեստորեն նրան հաջողվել է լավ ու անթերի դաստիարակել, կրթության տալ իր բոլոր երեխաներին՝ հայրիկիս, հորեղբորս ու երկու հորաքույրներիս: Ես երբեք չեմ տեսել, որ տատիս համբերությունն, ինչպես ասում են, դուրս գա իր սահմաններից: Նա իրեն չափավոր էր դրսևորում բարկության և ուրախության պահերին: Երբեմն զարմանում էի, թե ինչպես էր նա այդքան տարիներ հաշտ ու համերաշխ ապրել բնավորությամբ իրենից տարբեր պապիկիս հետ, որին նույնպես շա՜տ-շատ էի սիրում: Մի բան պարզ էր. տատս կարողացել է իր բնավորությամբ հարթել ամեն մի խոչընդոտ ու դժվարություն:

 

Ահա թե ինչու տատիս շրջապատում բոլորը սիրել են նրան:

 

Աշնանային առավոտ է: Արևելքում հրե կոհակների մեջ լողում է բոսորագույն արեգակը: Նրա ցոլքերը խառնվում են աշնանային հրդեհվող անտառին, ու մի պահ թվում է, թե հրդեհվում է ամբողջ աշխարհը: Թվում է, թե տատս ուր որ է դուրս կգա անտառից՝ բարիքներով լի մեշոկը շալակին, բայց իրար կանչող կռունկների չուն, նրանց կտուցների կափկափոցը ցրում են մտքերս, ու ես մտնում եմ իրական աշխարհ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին