Գոհար Մանուկյան. «Գուբեռնատի ցեղից» ու բադրիջանի վառ երանգով - Mediamax.am

4446 դիտում

Գոհար Մանուկյան. «Գուբեռնատի ցեղից» ու բադրիջանի վառ երանգով


Լուսանկարը`


Մարգո տատիս բոլորն էին հարգում, բայց ոչ միայն այն պատճառով, որ տարեց կին էր: Գնահատում էին  խստությունը, և այն, որ ուղղախոս էր առանց քաղաքին բնորոշ սեթևեթանքի: Թեև տատիկս իրեն երբեք էլ գյուղի կին չէր համարել: Գործնական հայացք ուներ բոլորիս նիստ ու կացին, ընտանեկան հարցերում հատկապես սարթ էր: Նրա գործնական պահվածքը ոչ թե բնավորության գիծ էր, այլ դժվար կյանքի պարտադրած կենսափիլիսոփայություն:

 

Տատիս հայրը երկար չէր ապրել, բայց հասցրել էր երեք անգամ ամուսնանալ: Ընդ որում, կանայք չէին լքում նրան. մահանում էին: Ամեն անգամ իրենց հետևից թողնելով երեք կամ չորս երեխա: Նույն հոր ու տարբեր մայրերի երեխաներից մեկն էր Մարգարիտան:

 

Անվան նման էլ իրեն էր վերաբերվում. միշտ խնամված պիտի լիներ: Մի օր ընկերուհիներով տուն մտանք, տեսնենք` Մարգոս պառկել էր, կոսմետոլոգը հեռացնում էր դեմքի ծերունական մազերը: Դիմահարդարը գալիս էր ամիսը մեկ, վարսավիրը` քսան օրը մեկ, որ մուգ բադրիջանի վառ երանգով գունազարդի տատիս գլուխը: Մինչև կյանքի վերջին րոպեն այդպես էլ չթողեց, որ մի օր մի սպիտակ հայտնվի: Զուսպ էր նաեւ սնվելիս. քիչ ու առողջ, քաշն էլ` անփոփոխ. 58 կիլոգրամ: Տատս թաքցնում էր նաև տարիքը. վերջում խոստովանեց, որ պապիցս մեծ է վեց տարի: Հետո պարզեցինք` տասը:

 

Մաքրամոլ էր: Առավոտվա վեցից ոտքի վրա էր. տունը մաքրում` անցնում էր բակ, բակից` փողոց, եւ այդպես մինչեւ հարեւանների դուռ ու երդիկ: Ութին վերկացն էր: Փոքր հարսը միայն առաջին օրն էր սխալվել. ութն անց երկու րոպեին վեր էր թռել տատիս հայտնի բղավոցից` գուբեռնատի ցե՞ղ է, ի՞նչ է: Տղերքին պաշտում էր, հարսներին ընդունում` ի գիտություն: Բայց եթե ձայնը բարձրացնեին հարսի վրա, ինքը փոխում էր ճամբարը` սրանք գուբեռնատի ցեղ են` ասում էր ու հարսներին պաշտպանում:

 

Սկզբում հաց, հետո` ուսում. երեխաների դաստիարակության մոդելը, որ բերել էր գյուղից, փոխանցեց թոռից թոռ: Հենց զավակներին բարձրագույն կրթություն տալու համար էլ հեռացել էր գյուղից: Ու մինչեւ իր երեխաների հերթը կհասներ, ուսման տվեց իր անթիվ-անհամար քույր-եղբայրների զավականերին ու ամուսնու քույրերին: Մինչդեռ ինքը նույնիսկ դպրոցը լիարժեք չէր ավարտել: Ապրել էր մի տանը, որտեղ լիքը անմայր մանուկ կար ու մեկ զույգ կոշիկ. ով շուտ արթնանար` դրանով դպրոց կգնար:

 

Պապիս մի կերպ էր հանդուրժում: Արամայիսը պանրի գործարանում տեխնոլոգ էր, ինքը` բանվոր: Ու բոլոր սիրուհի-քարտուղարուհիների մասին լսել, մի քանիսին` տեսել ու միշտ լռել էր, բայց չէր ներել: 3-դ երեխան ունենալու հաջորդ գիշերն իսկ լքել էր համատեղ անկողինը:

 

Թոռներ շատ ուներ, բայց Գայանե-Գոհարը` ես ու ավագ քույրս, ուրիշ էինք: Մինչեւ ամուսնանալը մի սենյակում էինք քնում: Ամեն տարի միասին «Ջերմուկ» առողջարանում պիտի հանգստանայինք` շատ չէ, գոնե 24 օր: Սա ավանդույթ էր, որ եկել էր խորհրդային տարիներից. Կիսլովոդսկից, Ժելեզնովոդսկից հետո` գոնե Ջերմուկ:

 

Ամեն Ամանորին մատներով ցույց էր տալիս, թե քանի տարի անցավ` ու ես չամուսնացա: Յոթերորդը վերջինն էր. էդ տարի խորը շունչ քաշեց: Հետո երեք տարի էլ պարտաճանաչ հաշվեց, որ հղիանամ: Այդ ժամանակ արդեն ծանր էր` անկողնային: Բժիշկներն ասել էին, որ ցանկացած էմոցիոնալ լուր վնաս է սրտին: Մի օր մտա իր սենյակ (արդեն քիչ էր խոսում), երկու ձեռքով «բարուր» ցույց տվեց, ես գլխով արեցի: 3 օր անց Մարգո տատս չկար: Իրեն ոչ սազական լռությամբ գնաց: Չորս տարի է անցել, ու ամեն անգամ տատիս հիշելիս մտածում եմ` տեսնես հասկացա՞վ, որ մի քանի ամիս էլ ապրեր` բարուրը ձեռքն էր առնելու:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին