716 դիտում

Նունե Մաթեւոսյան. Իմ պապիկ



...Խոստանում եմ որդուս
Քո անունով կոչել,
Թե դեմ լինեն անգամ։
Գուցե ամեն անգամ,
Նրան կանչելով,
Քեզ իմ կողքին կզգամ:
 
Պապիկ... Ընդամենը մի բառ, բայց և այնքա՜ն իմաստ, ընդամենը մի բառ, բայց և մի ամբողջ կյանք։ Կյանք, որը ես կարողացա ճանաչել հենց քո՛ շնորհիվ, բայց որը էլ առաջվանը չէ։ Գիտե՞ս՝ այստեղ շատ բան չի փոխվել, նույն շենքերն են, ու մարդիկ էլ են նույնը, օրերն ու տարիներն էլ նույն պտույտով հաջորդում են իրար, միայն թե հիմա նրանք դատարկությամբ են լցվել։ Էլ առաջվանը չեն։ Իսկ այդտե՞ղ, ինչպե՞ս է այդտեղ։ Գիտեմ, էլի չես պատասխանելու, բայց ես շատ եմ ուզում իմանալ, որ առանց մեզ լավ է։ Ուզում եմ հավատալ, որ հիմա, երբ նայում եմ երկնքին ու մտածում քո մասին, դու տեսնում ես ինձ... կամ գոնե զգում։ Իսկ դու ինձ էլի հիշու՞մ ես, ինչպես ես քեզ։ Կարող ես չասել, գիտեմ՝ հիշում ես։

Իսկ գիտե՞ս, պապի՛կ, ես հաճախ եմ քայլում մեր այն հին փողոցներով ու այգիներով, ամեն անգամ հիշում քո խոսքերն ու խրատները կամ պատմությունները, որ պատմում էիր այդ փողոցների մասին։ Ու ամեն անգամ վախով եմ անցնում մեր հին տան մոտով, քանի որ ավելի է մեծանում տուն մտնելու ցանկությունը։ Թեև այնտեղ վաղուց արդեն ոչ ոք չի ապրում, ու քեզնից հետո հիմա պատերին հիշողության փոշին է մնացել։ Ես կարող եմ պատուհանից ներս նայել ու տեսնել քեզ քո հին աթոռին նստած, տեսնել ինձ՝ գլուխս ծնկներիդ դրած, բայց, պապի՛կ, այդ պատկերներն էլ են վաղուց փոշոտվել, ու քո աթոռն էլ դատարկ է հիմա։ Ինձ թվում է, որ նա ևս հիշում ու կարոտում է իր վրա ճոճվող ու իր թոռնիկներին իր անցյալը պատմող բարի ծերուկին։ Իսկ հիշու՞մ ես՝ մենք ամեն անգամ խնդրում էինք նորից ու նորից պատմել նույն պատմությունը։ Մենք չգիտակցելով ցանկանում էինք անընդհատ լսել քեզ, կարծես գիտեինք, որ այդ ձայնի կարիքը դեռ շատ ենք զգալու։ Ու, ընդհանրապես, քո կարիքը ես այնքան շատ եմ զգում։ Երբեմն ցավի հասցնող զգացողությամբ ցանկանում եմ տեսնել ու խոսել քեզ հետ ու նույն ցավով ատում եմ ինձ անկարողությանս համար։ Նույն ցավով ատում եմ այն, որ չեմ կարող արտասանել այս բառը այնպես, ինչպես գրում եմ։ Չէ, ես բառը չեմ մոռացել, ես մոռացել եմ նրա նշանակությունը։

 Ասում են՝ ամեն մի կարոտ մի անուն ունի։ Այսօր կարոտս քո անունով եմ կոչում, պապի՛կ, քո ու մեր անցյալով ու մի հիմար բառով, որը ես կոչել եմ «ինքնաներում»։ Չգիտեմ՝ երբևէ կներե՞մ ինձ չասված խոսքերիս, կարոտով փակված աչքերիդ համար, երբեմն աչքերս մոռացության քողով ծածկելու համար։ Իսկ դու ինձ կներե՞ս մութ գիշերներին երբեմն հանգիստ քնելուս համար։ Այդ գիշերներին, պապի՛կ, իմ սենյակում միշտ մի փոքրիկ կրակ է լինում վառված։ Տարօրինակ է, բայց ես միշտ փորձում եմ ինչ-որ նմանություն գտնել ձեր միջև։ Չգիտեմ՝ ինչու։ Գուցե պայքարի, ապրելու ցանկության համար։ Նայում եմ ու մտածում, որ երբ մոմի կրակը մարի, ես կարող եմ լուցկու մի փայտիկով կյանք տալ նրան, նոր կյանք։ Պապի՛կ, քո աչքերին նոր լույս տալ ես չկարողացա, ների՛ր...
 
Հ.Գ. Մի՛ վախեցեք ասել մարդկանց՝ որքան եք սիրում նրանց ու մի՛ վախեցեք սիրելուց, քանի որ կգա ժամանակ, երբ արդեն ուշ կլինի, շա՜տ ուշ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am