Կարինե Ասատրյան. Իմ տատիկը - Mediamax.am

1494 դիտում

Կարինե Ասատրյան. Իմ տատիկը


Լուսանկարը`


Տա´տ, ամառն արդեն անցավ, դու նույնպես անցար ամռան հետ՝ տարիներ առաջ՝ արևոտ հուլիսին: Իսկ հիմա իմ հիշողություններում գարուն է, քո փոքրիկ ու համեստ  տան բակում ծաղկած ծիրանին, հիշո՞ւմ ես... Ճյուղերին խիտ-խիտ բացված ծաղկաբաժակների մեջ ել ու մուտ էին անում հարևան բակի մեղվապահի փեթակի հարյուրավոր մեղուները. նրանց աշխույժ բզզոցն ականջումս է: Լսում եմ ձայնդ.

 

- Կյաժի´կս, հեռո´ւ կանգնիր, կկծեն, - իսկ հետո ասում էիր, - այս տարի լավ ծիրան կլինի, ցոգոլ էլ կուտես, կյաժի´կս:

 

Իմ ծիրանաբո՜ւյր տատ: Հանկարծ հիշեցի, որ քո մայրիկի անունն էլ Հայաստան էր: Հայաստան նախատատիս դուստր, իմ ծիրանաբո՜ւյր տատ:

 

Մեկ շաբաթից սկսվում էին թափվել ձյունի պես սպիտակ ծաղկաթերթերը ու գետինը ձմեռ չեկած սպիտակում էր,  քո սպիտակած երկար մազերի պես, իսկ մենք՝ ես և քույրս, ծիրանի ծառից գույնզգույն թելեր էինք կախում. հիշում եմ, թելերի ի՜նչ գունավոր կծիկներ ունեիր, տա´տ: Քանդում էինք... կապույտ, դեղին, կարմիր, կանաչ, կախում էինք ճյուղերից, պարում դրանց տակ ու խճճվում բազմագույն թելերի մեջ: Դու ժպտում էիր, ի՜մ գույնզգույն մանկությունն օրորող տատ ու ոչինչ չէիր ասում, չէիր նախատում: Իսկ ինչքա՜ն խնամքով էիր սանրում երկար-երկար մազերդ, տա´տ, հյուս էիր անում, հետո ոլորում երկտակ, բոլորում դեմքիդ շուրջ: Ու նախատատս էր կանգնում աչքիս առաջ՝ Հայաստանը: Դու չէիր նախատում մեզ, երբ խանգարում էինք ծիրանի ծառի դիմաց հավաբնում հանգստացող հավերին: Չէիր նախատում, երբ գուռը լցրում էինք սառը ջրով ու լողանում մեզ համար փոքիրկ ծով հիշեցնող այդ մի քիչ էլ մամռոտ ավազանում, ի´մ տատ-մայրիկ: Այո´, այո´, քույրերով այդպես էինք դիմում քեզ, չգիտեմ ինչու, հենց այսպես՝ մամա: Հարևան երեխաները զարմանում էին և  հարցնում. «Ինչո՞ւ ես տատիդ մամա ասում»: Ես պատասխանում էի. «Չգիտեմ»: Լավ է, երբ երկու մայր ունես աշխարհում: 

 

Տունդ շատ հեռու չէր մերից: Երգելով քայլում էինք քո տուն բերող ճանապարհով ու երբ հասնում էինք բանջարանոցդ պաշտպանող փայտե դռնակին, քամու պես վազում էինք. դու պատուհանի մոտ հաճախ էիր նստում ու տեսնելով մեզ՝ աչքերդ փայլում էին, իսկ մենք երջանկանում էինք. նորից խորոված կարտոֆիլ ենք ուտելու:

 

Այսօր ծիրանին չկա, տա´տ, իսկ ծիրանը շուկայից ենք գնում: Երևի երբ թոռները մեծանում են, ծիրանը շուկայից են գնում... իսկ ճերմակ ծաղկաթերթերով ծիրանի ծաղիկներ ոչ մի տեղ չեն վաճառում, տա´տ, որովհետև գարունն անցել է, իմ մանկության գարունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին