Վան Ահարոնյան. Պապուս չկայացած հանդիպումը... - Mediamax.am

2927 դիտում

Վան Ահարոնյան. Պապուս չկայացած հանդիպումը...


Լուսանկարը`


Սյունիքի մարզի, Մեղրիի Մալև (վերին Ալդարա) գյուղում թուրքերի վրեժից փախած ծագումով Սասունի Ահարոնք գյուղից մի ընտանքիում ծնվում է Ահարոնյան Վան (Վանյա) Տիգրանին՝ ընտանիքի անդրանիկ որդին: Եթե ուզենամ մի քանի բառով նկարագրել ինչպիսի մարդ էր նա, կասեմ. արկածախնդիր, խստաբարո, արգաշարժ, ճկուն ու անվախ: Չուներ ոչ ձեռքի շնորհք, ոչ էլ սովորելու մեծ ցանկություն, բայց անվախ էր ու խելացի, ու հենց այս ունակությունները այս մարդուն դարձրին լեգենդար անձնավորություն ոչ միայն իր հարազատ, բարեկամ, ծանոթների մեջ, այլև շատ ու շատ անծանոթների համար:

 

18 տարեկան հասակում մեկնում է 2-րդ համաշխարհային պատերազմ: Առաջին իսկ կռվի ժամանակ պատանին աչքի է ընկնում արիությամբ, ճկունությամբ, և նաև վիրավորվում է առաջին անգամ: Զուգահեռ դիվիզիոնում ծառայում էր նաև տարեց հայրը՝ Ահարոնյան Տիգրան Վանին, սասունցի ֆեդայի Յովհաննէս Գեւորգեանի թոռը, ով ծնված օրվանից տեսել ու լսել էր միայն թուրքի ավերն ու կոտորածը, նախկինում արդեն կռվել Զանգեզուրի ինքնապաշտպանության համար, և այժմ, չնայած մեծ հասակին և հին վերքերին, որոշում է որդուն հնարավորինս մոտ լինել և իր ներդրումն անել նաև 2-րդ համաշխարհային պատերազմում՝ սայլով մատակարարելով զինամթերք ու պարեն: Ամեն անգամ աչքի ընկնելուց, և հրամանատարից թույլտվություն ստանալուց հետո Վանը այցելում էր հորը, իր բաժին ծխախոտ ու շաքար տանում նրան. ողջ կյանքում այդպես էլ չընդունեց ոչ ծխախոտը հոտը, ոչ էլ շաքարի քաղցրությունը:

 

Մի անգամ Վանը հաջողացնում է խփել և ոչնչացնել ցածր թռչող թշնամու Միսեռշմիտը: Դեպքը այնքան ունիկալ պայմաններում է լինում, որ հետագայում թերթերն են գրում այդ մասին: Խմիչք, կոնֆետներ և հանգստյան մի քանի օր ստացած հերոսը շտապում է իր հերթական հաջողությամբ ուրախացնել և աչքալուսանք անել հորը: Սակայն այդ հանդիպումը պիտի մնար չկայացած: Հրամանատարը մոտեցավ և կախ աչքերով պատասխանեց. «քեզ քաջ պահի՛ր, հորդ կորցրած զինվո՛ր». Ցավոք թշնամու հերթական ռմբակոծության ժամանակ արկը չէր վրիպել Տիգրանի սայլից. նույնիսկ մասունքներ չմնացին մեծ պապուցս՝ թաղելու համար. ծված օրվանից կռիվ տեսած մարդը այդպես էլ չունեցավ գերեզման: Պապս բաժանեց ողջ բերածը հոր ընկերենրին, իսկ ինքը, չօգտվելով մնացած ազատ օրերից, վերադարձավ կռիվ: Սա ընդամենը մի դրվագ...

 

Պապիի մասին ինձ միշտ պատմում են, ինչպես լեգենդի, այնքան մեծ, որ կարելի է գրքեր գրել: Նրա հերոսությունների մասին գրվել է սովետական մամուլում: Նա մեծ հեղինակություն էր ոչ միայն ընտանքիքի, բարեկամության և շրջապատի, ոչ միայն Երևանում, Մեղրիում, Քաջարանում կամ Կապանում, այլ նաև թուրքերի մեջ. Սովետական իշխանության տարիներին նրան սիրում և հարգում էին, Նախիջևանում, Զանգեզուրում և Արցախում ծանոթ թրքական ընտանիքները, դիմում էին նրան և խորհուրդ հարցնում նրանից՝ փորձելով ամեն կերպ սիրաշահել: Արցախյան շարժման հենց առաջին օրերից որոշել էր՝ որդու կամքին հակառակ, կամավոր անդամագրվել, բայց ֆրոնտում ստացված վերքերը թույլ չէին տալիս (իր գլխի և ոտքերի արկային բեկորներ կային, որ բժիշկները չէին հանում՝ ասելով, որ կվնասի թե առողջույթանը և թե նյարդային հանգույցներին, ինչպես նաև մինչև կյանքի վերջին վայրկյանը նա ապրեց մեկ երիկամով): Ասում էր՝ պիտի գնամ դրանց դաստիարակեմ. տաճիկին չի կարելի ձեռքով դիպչել, պիտի «սապյոռսկի լապատայով» ծեծես, նա համերաշխ է միայն, երբ վախենում է: Ցավոք ինձ վիճակված չէր շփվելու պապիս հետ…

 

Նա մահացավ հենց իմ ծնվելու օրը, ինձ փոխանցելով իր արտաքին նմանությունները, Հայրենիքի ու կռվի նկատմամբ սերը, մեր ցեղի ավանդները, և մեծագույն պատիվ՝ լինել Ահարոնյան Վան Տիգրանի՝ ֆիդայիների, զինվորների ու հերոսների զավակ: Հպարտ եմ քեզնով իմ ծուռ Սասունցի, պըլ Մալևցի, իմ հերոս Պապ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին