Ռազմիկ Մարտիրոսյան. «Գոհար տատիկիս արկածները» - Mediamax.am

1903 դիտում

Ռազմիկ Մարտիրոսյան. «Գոհար տատիկիս արկածները»


Լուսանկարը`


- Պատերազմի տարին հացի փշրանքներով կապրեինք, -պատմում է տատիկս, ով մինչև հիմա վախ ունի, թե էլի սով է սկսվելու, և պարտադիր մի քանի կտոր հաց է դնում իր ափսեի կողքին, երբ սեղան ենք նստում: Երկրորդ աշխարհամարտին փոքր է եղել, բայց լավ հիշում է, թե ինչ հետևանքներ է թողել պատերազմն իրենց ընտանիքի վրա: Այդ հիշողություններն էլ ստիպեցին նրան ամբողջ կյանքում աշխատել և այնպես անել, որ հետագայում երեխաներն ու թոռները հնարավորինս քիչ բանի կարիք ունենան: Բայց այս պատմությունը տխուր բաների մասին չպետք է լինի, քանի որ տատիկս կենսուրախ և աշխույժ կին է. նույնիսկ բազում դժվարություններից հետո չի ընկրկել և չի կորցրել ամեն ինչին թեթև նայելու կարողությունը:

 

Տատիկիս պատմություններն այնքան եմ լսել, որ երբ մի բառ ասում է, արդեն գիտեմ՝ շարունակությունն ինչ է լինելու: Հենց սկսում է պատմել, ասում եմ՝ սուս, ու ես շարունակում եմ: Շատ ուշադիր ինձ է նայում ու բարկացած ասում. «Խելառ անդեր, հերիք է տնազս էնես»: Այո-այո, տատիկս գյումրեցի է, ու թեև արդեն տասը տարուց ավելի է՝ լքել է Գյումրին, մեկ է՝ շարունակ կրկնում է, որ իր «Լեննագանը» ուրիշ է:

 

Փոքր ժամանակ քիչ էի այցելում տատիկիս. Գյումրի գնալ չէի սիրում: Մոտ 16 տարեկան էի, երբ նա տեղափոխվեց մեզ մոտ, և սկսվեցին Գոհար տատիկիս արկածները: Այդպիսի անվանումով թղթապանակ ունեմ համակարգչիս մեջ, որտեղ տատիկիս նկարներն ու նրա գեղեցիկ բարբառն ի ցույց դնող տեսանյութերն են: Գյումրիում երկար տարիներ միայնակ ապրած կինը, որն աշխատանքից հետո նույնիսկ հեռուստացույց դիտելու հնարավորություն չուներ, քանի որ ապրում էր հոսանքազրկված թաղամասում, ինձ դեռ շատ էր զարմացնելու:

 

Մեկնել էր Նյու Յորք՝ մորաքրոջս մոտ, բայց չդիմացավ: Ես մտածում էի, թե այնտեղի մշակույթն է իրեն օտար, քանզի, երբ հարցնում էինք՝ տատ, ինչո՞ւ վերադարձար, պատասխանում էր. «Իլաք չէ՝ ձեր Ամերիկան: Ամեն ինչը անհամ. այնտեղ ապրող հայերն էստեղի հայերի նման չեն, չէի կրնա հետները շփվե, հաց չէի կրնա ուտե, որովհետև մեջը համ չկար, ջրի մեջ էլ համ չկար, մի խոսքով՝ իմ Լեննագանս, իմ Հայաստանս ուրիշ է»:

 

Բայց հետո պարզվեց, որ լավ էլ հավանել է այնտեղի մշակույթը, քանի որ Նյու Յորքից վերադառնալուց հետո ամերիկյան փոփ էր լսում: Դե, ես շոկի մեջ էի, բայց մյուս կողմից՝ հաճելի էր նման տատիկ ունենալը: Իսկ ծիծաղս զսպել չէի կարողանում, երբ փորձում էր նմանակել Շակիրային, բայց մոտը, բնականաբար, չէր ստացվում: Բարկանում էր, ասում՝ քա ըսիգ ի՞նչխ ըդպես կենե: Շատ եմ սիրում տատիկիս հետ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան դիտել, քանի որ ամբողջ ընթացքում փորձում է նմանակել արտիստներին, իսկ դրանից զվարճալի բան դժվար է պատկերացնել:

 

Բոլոր ընկերներս սիրում են տատիկիս, նույնիսկ նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչում, քանի որ շատ եմ պատմում նրա արկածների մասին: Որոշ տեսանյութեր ու նկարներ հրապարակում եմ, և ինչ խոսք, երբ իմանում է՝ խելոք-խելոք ասում է. «Տղա, ամոթ է, ընչի՞ խայտառակ կենես: Հմի կըսեն մեծ կնիկ է ու ինչեր կենե»: Փորձում եմ հանգստացնել նրան՝ ասելով, որ բոլոր ընկերներս իրեն շատ են սիրում, որևէ վատ բան չեն մտածում, ընդհակառակը՝ շատ են ուրախանում: Դե, մի քիչ մխիթարվում է, զգում եմ, որ դեմ չէ, բայց շարունակ կրկնում է. «Ըստոնք ի՞նչ գուզեն ընձմե»:

 

- Տատ, քո մասին եմ գրել, հավանո՞ւմ ես:

- Է, լավն է, բայց մարդիկ պիտի կարդան ու խնդան. քեզնից լավ բան հո չէ՞ի տեսնելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին