Մերի Աբգարյան. Իմ պապիկը - Mediamax.am

4494 դիտում

Մերի Աբգարյան. Իմ պապիկը


Լուսանկարը`


Ճենապակյա վաղուց դատարկ մի մե՜ծ բաժակ… մեծ մի լուսանկար… խոսուն հայացք... անընթեռնելի լռություն....

 

Հոգու, հույզի... գրքի՛ մարդ.... Պապս է...

 

11 տարեկանում անսահման պիտի լիներ բերկրությունս, երբ առաջին անգամ պապիս շքեղ գրադարանից մենումիայնակ օգտվելու հնարավորություն տրվեց, առավել քան հիշարժան դառնար պահը պիտի, երբ փոքրիկ մատներիս վստահվեց դեղնականաչավուն կազմով ոչ հաստ գիրքը, որ մեր տանն աստվածաշնչյան արժեք ուներ կարծեք...

 

Հայրենական պատերազմի, ասել է թե՝ նաև պապիս մասին պատմող գիրք, որը դարձավ իմ ու լույս դարձած պապիս առաջին ծանոթության հիմքը, որը թեպետ 11 տարեկան աղջնակին մեկառմիշտ  կտրեց հեքիաթների նկարազարդ գրքերից, բայց որի էջերում պապիս շնչավոր ձեռագրով արված բազմաթիվ նշում-գրառումները  համակեցին ինձ կյանքի՛ հեքիաթով ապրելու առեղծվածով...

 

…ու ես այդուհետ վայրկյան առ վայրկյան էլ ավելի շփվող դարձա պապիս գրքերի, դրանցում տեղ գտած տասնամյակներ առաջվա օրացույցներից պոկոտված էջերի, փոքրիկ, բայց մեծարժեք գրառումներ պարունակող խունացած, այդուհանդերձ հիշողությամբ բուրող թղթերի հետ...ու ես այսպիսով՝ պապիս ձեռագրով, որևէ միտք շտապելային տրամադրությամբ, փութկոտությամբ այստեղ-այնտեղ գրելու նրա սովորությամբ, լուսանցքում արված ալիքավոր նշմամբ, նրա իսկ ձեռամբ ընդգծած ցանկացած բառի ներքո ենթատեքսեր որոնելու ճիգով ճանաչեցի՛ պապիս և այնպե՜ս ճանաչեցի, որ հիմա ինքս անգամ ապշում եմ  «պապիս չեմ տեսել» միտքն արտաբերելիս…

 

Ասում են՝ պապս մարդկային խորը էությամբ, խորությամբ հանդերձ՝ տարողունակ լռությամբ աչքի ընկնող մարդ էր...

 

Ասում են՝ պապս խոսում էր, երբ բոլորը լուռ էին և լռում էր պապս, երբ խոսում էին բոլորը... Պատասխանը գիտեմ. պատերազմ տեսածները խոսում են, պատերազմածները՝ լռում...

 

Ասում են՝ ամեն անգամ, երբ կյանքը հերթական վայրիվերումների ժամանակ վեհություն կամ վհատություն էր պատճառում, պապս ձեռքն էր առնում պատերազմի դաշտից հետը տուն բերած հեռադիտակն ու գնում անհա՜յտ հեռուներին նայելու...

 

Ասում են...

 

Իսկ ես կասեմ....

 

- Պա՜պ....

 

…հիմա, երբ հոգուս մի նժարին խորը էությունդ է, մյուսին՝ պատերազմածի լավատեսությամբ թաթախուն տարողունակ լռությունդ, հպարտությանս սլաքը վեր է բարձրանում…

 

…հիմա, երբ ուղեղումս անջնջելիորեն դաջված է գրառումներիցդ մեծագույնը ՝ «Կեղտոտ բաժակով մաքուր ջուր չես խմի», կենսական բոլոր բաժակներում զուլալություն հաստատելը դարձել է նշանաբանս...

 

… հիմա, երբ ձեռքիս Բեռլինից բերածդ հեռադիտակն է,  քո իսկ կերտած պատմության հեռուներին եմ նայում…

 

… հիմա ճենապակյա վաղուց դատարկ բաժակովդ կում-կում կյանք եմ խմում, կյանք եմ առնում հիմա ամեն մի մտքիցդ... Պա՜պ...

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին