Մանուշ Բաղրամյան. Իմ տատիկն ու պապիկը - Mediamax.am

880 դիտում

Մանուշ Բաղրամյան. Իմ տատիկն ու պապիկը


Լուսանկարը`


Երբևէ ինքներդ  Ձեզ հարց տվե՞լ եք, թե ինչպիսին կլինեք  Դուք, երբ լինեք  Ձեր  տատիկի ու պապիկի տարիքին:

 

Երևի բոլորս ենք մեր տատիկին ու պապիկին իդեալ դարձնում ու  փորձում նմանվել:

 

Գիտեք, հաճախ  եմ մտածում, որ բոլոր ծերերի նման իրենք էլ են միշտ դժգոհ, իրենք էլ են կյանքից նեղացած (երևի դրա համար են միշտ մրթմրթում քթների տակ):

 

Հիմա եմ հասկանում, նրանք միշտ աղոթում են իրենց զավակների լավ կյանքի համար:

 

Տատիս՝ կյանքից դառնացած աչքերում հաճախ եմ արցունքներ նկատում: Այնքա՜ն ասելիք կան այդ աչքերում, երբ դրանք նայում են միակ որդու՝ պատից կախված նկարին. «Հերոս է որդիս, հերոսի մայր եմ ու հպարտ եմ»՝ կարելի է կարդալ նրա լռության մեջ: Այնքան խոսուն են աչքերը, այնքան խոսուն է լռությունը, որքան հարցեր են անպատասխան մնացել, եւ որքան չասված խոսքեր են մնացել, որ հիմա լուռ  ու լացակումած աչքերով է ասում իր որդուն:

 

Այս բարի ու համեստ կնոջը կյանքը չի կոտրել՝ չնայած հասցրած հարվածներին: Նա երբեք չի խոսում իրեն տանջող հարցերի մասին, միայն երբեմն խոսելով ինքն իր հետ՝ ասում է. «Օ՜ֆ, չգիտեմ, չգիտեմ»:

 

Պապս  խոսել շատ է սիրում՝ ի հակադրություն տատիս: Նրա հետ երբեք չես ձանձրանա: Կխոսի անվերջ, կպատմի իր անցյալի մասին, իր երիտասարդության խենթ ու խելառ օրերից: Նրա պատմությունների մեծ մասն արդեն անգիր գիտենք բոլորս ու հաճախ իր հետ հավասար պատմում ենք: Իր խոսքը գրեթե միշտ այսպես է սկսում՝ Մեր թվերին այսպես, մեր թվերին այնպես,  ու այստեղ հասնում  է տատս՝ ասելով՝ Մեր թվերն անցան, էլ չկան: Այս ծերուկն արտաքուստ խիստ ու կոպիտ կարող է թվալ, բայց հոգին մաքուր է, սիրտը՝ բաց: Մենք հաճախ ենք բանավիճում այս կամ այն հարցի շուրջ ու իսկապես, շատ բան եմ սովորում այդ բանավեճերի արդյունքում: Գրագետ ու կիրթ մարդ լինելով ՝ մեծ տեղ է տալիս կրթությանը ու մեզ՝ իր 5 թոռնիկներին, դեռ դպրոցական տարիներից հորդորել լավ սովորել:э

 

Այնքան կուզենայի ունենալ տատիս աշխուժությունը, պապիս իմաստությունը, նրանց երկուսի տոկունությունը:

 

Ահա այսպիսին են նրանք՝ իմ սիրելի տատիկն ու պապիկը: Ու քանի դեռ նրանք կան իմ կյանքում, ես ինձ մանուկ եմ զգում:

 

Սիրենք նրանց, քանի դեռ նրանք մեր կողքին են, այլապես հետո իզուր կլինեն նրանց համար թափած արցունքները….

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին