1213 դիտում

Աղվան Ասոյան. Տատիս խորհրդավոր դաջվածքը



Տատս գնաց «բախչես» ասելով: Կյանքի վերջին րոպեներն անընդհատ աչքիս առաջ են: Ոչ մեկին չէր ճանաչում: Ես էլ նոր էի աշխատանքի ընդունվել, չէի հասցնում հաճախ այցելել: Մտա պալատ, անունս տվեց, դա մեր վերջին կիսաշշուկ զրույցն էր: Գնալուցս մի քանի ժամ հետո տատս էլ չկար: Մոտ 20 թոռների միջից ամենաշատն ինձ էր սիրում, չնայած, խոսքը մեր մեջ, ոչ թե ինձ, այլ անունս: Պապիս անունն էր: Դռի ու առողջ կին էր: Խոշորամարմին, փարթամ մազերով: Կյանքի 80-րդ տարում բոլոր ատամները տեղում էին, խոշոր, հայեցի քթին մեծ խալ ուներ: Նրա այցեքարտն էր:  Կյանքի բոլոր թաքուն պատմությունները գիտեի, միայն ինձ էր պատմում: Կային դրվագներ, որ անգամ 5 զավակները չգիտեին: Չգիտեմ՝ դրանցից քանիսն էր հորինովի: Բայց մի բան հետը տարավ գերեզման: Աջ ձեռքին դաջվածք ուներ, ավելի ճիշտ՝ նակոլկա: Արդեն չեմ էլ հիշում՝ քանի անգամ եմ հարցրել: Մանկուց ինձ տանջող ամենամեծ հարցն էր, որն էդպես էլ մնաց անպատասխան: Ոչ ոք չգիտեր խորհրդավոր դաջվածքի պատմությունը: Ձեռքին անունն էր գրված՝ Սիրիկ, թեև այդ անունով նրան քչերն էին ճանաչում, երևի միայն անձնագրային բաժնի աշխատողներն ու թոշակ բաժանող էն ջահել տղեն: Մեկ մեկ թվում էր՝ տատս դրան ինձնից շատ էր սիրում: Երևի դա էր պատճառը, որ մանկուց ատում եմ բոլոր թոշակ բաժանողներին: Բոլորը նրան Ջեմմա էին ասում:  Ինչևէ, շեղվեցինք: Տատիս խորհրդավոր դաջվածքն էդպես էլ մնաց մութ պատմություն: Բոլոր հարցերիս նույն պատասխանն էր տալիս՝ ջահել եմ էղել, անցել գնացել ա: Միակ հուսալի ինֆորմատորս Աղուն տատն էր՝ տատիս մեծ քույրը, բայց հարցն ինձ համար դարձավ ճակատագրական: Հենց տատիս դաջվածքի մասին հարցն էլ Աղուն տատին դրդեց, որ նա դիմի ծայրահեղ միջոցների՝ ժառանգաբար  փոխանցված կոպալով ուղիղ գլխիս (Աղուն տատի մահից հետո կոպալն ինքս եմ վառել):

Մի բան եմ պարզ հիշում, ամեն անգամ դաջվածքի մասին հարցից հետո նայում էր այգու կողմ՝ բախչին: Սեփական դրախտավայրն էր, մոծակները չլինեին, էնտեղ էլ կքներ:  Կատուների մասին խոսելն էլ ավելորդ էր, բիոհոսանքներով զգում էին՝ Ջեմմա տատը մոտակայքում է, բախչա մտնել չարժի: Յուրաքանչյուրը սեփական ողնաշարի վրա զգացել էր տատիս ամբողջ ցասումը, երբ թեկուզ մեկ անգամ սխալմամբ համարձակվել էին մտնել սոխի մարգերի մեջ: Մի անգամ նույնիսկ ես եմ զգացել: Տատիս մահից հետո բախչեն էլ առաջվանը չի: Դա փաստում են բոլորը, ով գոնե մեկ անգամ եղել է մեր տանը:

Մահանալուց առաջ ձեռքով նշան արեց, որ մոտ գամ, համբուրեց ու երկու բան ասաց՝ հարսս (երազում էր պարել հարսանիքիս, նշանադրությանս օրն էլ անընդհատ էս խոսքերն էի հիշում): Չգիտեմ, երևի նախանամություն էր՝ տատիս ու հարսի անունները գրեթե նույնն են, ավելի ճիշտ, նույն անունի տարբեր հնչերանգներ՝ Սիրիկ-Սիրան:
Հետո ձեռքով ցույց տվեց խորհրդավոր դաջվածքն ու ասաց՝ բախչես:

Հիմա այգին խնամում եմ տատիս պես, գուցե ոչ մի գաղտնիք էլ չկա, գուցե էդպես ասաց, որ ամբողջ կյանքում այգին խնամելով փնտրեմ ինձ տանջող հարցի պատասխանը: Մի բան հաստատ գիտեմ, էս պատմությունը ես էլ իմ սերունդներին եմ պատմելու, որ նրանք էլ փնտրեն խորհրդավոր դաջվածքի պատմությունը՝ նույնքան խորհրդավոր դարձած այգին խնամելով:

Հ.Գ. Տատիս մահից հետո առաջին նորմալ բերքն այս տարի հավաքեցի: Այնքան շատ էր, որ տեղ ու դադար չկար: Բայց կա ավելի հետաքրքիր բան: Առաջին անգամ բերք տվեց տատիս տնկած խնձորենին, հատկապես այս մեկի վրա շատ էր դողում: Բերքը տվեց, ու դեռ չհավաքած երկրորդ անգամ ծաղկեց, ուղիղ հինգ ծաղիկ, նույնքան տառ էլ անունն ուներ՝ ՍԻՐԻԿ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am