Սյուզաննա Թուսինյան. Պապը - Mediamax.am

1781 դիտում

Սյուզաննա Թուսինյան. Պապը


Լուսանկարը`


- Լուսի՜ն, աղջկան մի նեղացրու, թո՛ղ ինչ ուզում է անի․ ինքը վատ բան չի անի։

 

Մինչև հիմա էլ մորս հետ վիճելուց տարիների խորքից խուլ լսում եմ այս արտահայտությունը։

 

Պոլիտեխնիկի դասախոս էր եղել պապս, եթե չիմանայիր, որ թղթերում այդպես է գրված, իրենից չէիր զգա երբեք՝ հալված կարագի պես փափուկ էր մարդկանց ու տանեցիների հետ։

 

Հետաքրքիր մարդ էր՝ երեխա ժամանակ պատերազմի միջով էր անցել, բայց երբեք չէր պատմում այդ մասին։ Մեկ-մեկ, երբ ինչ-որ բանից դժգոհում էինք, հիշում էր, որ 10 տարեկանում ծտի պաշար է կերել (սով էր), 12-ում գուլպաներից սարքած ցեխոտ գնդակով ֆուտբոլ խաղացել, իսկ 15-ում՝ ուսում ստանալու համար 14 կլիոմետր գյուղից ոտքով քայլել Երևան։ Վերջ։ Պատերազմի մասին այսքանն էր խոսում։

 

Սովետական շրջանում ազնիվ սելխոզնիկից դաստիարակություն ստացած մարդ էր ու մի տեսակ ամոթով ու նեղվելով էր հիշում, որ գալիս ասում էին՝ Միշա Գրիգորևիչ, էս էրեխու գնահատականը դիր թող գնա, գիտես, պիտի դրվի։ Երևի հոգում խղճի ու պարտադրանքի անասելի մեծ կռիվ էր գնում անգամ տարիներ հետո, երբ վաղուց արդեն փակել էր Պոլիտեխնիկի իր սենյակի դուռն ու  հեռացել այնտեղից։ Դրա համար աշխատում էր երևի չհիշել։

 

«Անուշ» պոեմը, «Հառաչանքի առումը», «Դանթեականը» սկզբից մինչև վերջ անգիր իմացող ինժեներ-ստրոիտելը կես կատակ կես լուրջ անգամ մահից հետո մասնագիտությանս ընտրության հարցում լուրջ ներդրում ունեցավ։

 

Ում ականջի տակ օրերով ռադիոընդունիչի սկավառակ պտտեն, լուրեր լսեն, վերլուծեն, մեկնաբանեն և կողքի մարդը չբռնի ռադիոլրագրողի դառնալու ուղին։ Անհնար է։

 

Ու հիմա հաստատ գիտեմ՝ էլի մեծ ակնոցի տակից կնայեր ջղային, ուժերը կհավաքեր, որ բարկությունը գոնե  25 վայրկյանով հաղթանակի բարությանը ու կասեր․

 

- Լուսի՜ն, հանգիստ թո՛ղ աղջկան, չես տեսնում ուր է հասել, ինչեր է անում։

 

Ու կսրբեր հպարտության արցունքները իր մեծ կապույտ թաշկինակով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին