Ասպրամ Սարատիկյան. «Չեմ ուզում տեսնեմ քո դուռը փակ տատի...» - Mediamax.am

5072 դիտում

Ասպրամ Սարատիկյան. «Չեմ ուզում տեսնեմ քո դուռը փակ տատի...»


Լուսանկարը`


Պապս տատիցս մեծ էր մեկ տարով, այդ իսկ պատճառով դպրոցում մի շրջան վատ առաջադիմություն է ցուցաբերել, որպեսզի մնա նույն դասարանում և տատիկիս հետ դպրոց գնա: Տատիս գեղեցկությանը շատերն են նախանձել, ջահել տարիների լուսանկարները ՝ որտեղ տատս երկար և ոսկեգույն մազերով է դրա վառ վկայությունն են,  ասում է.

 

- Ասպրամս ինձ է նման, ջահել վախտվան էլի, հիմի արդեն ձեր սիրուն լինելու վախտնա, -միայն տխրել էր, որ մի օր տեսավ կարճ սանրվածք եմ արել...

 

- Աղջիկը երկար մազ կունենա, պոչ կկապի, հյուս կանի, եսիմ այ բալա, երևի մոդան փոխվելա...

 

Դպրոցական տարիներին նա իր գեղեցկությանը զուգահեռ շատ անկոտրում կամք է ունեցել, և որպեսզի խուսափի պապիս հետապնդումներից դպրոցի ամենախիստ ուսուցիչներից մեկին ով պապիս հորեղբայրն էր գանգատվել է թե` «Քո բարեկամը ինձ մի մեծ քարով խփել է»:

 

Խեղճ պապս հարազատ հորեղբոր կողմից մի այնպիսի պատիժ է ստանում, որ երկար ժամանակ մոռանում է տատիս անունը:

 

Անցնում են տարիներ: Ինչպես ասում են ճակատագրից չես փախչի, տատիս էլ չհաջողվեց փաղչել իր ճակատագրից, և ամուսնացավ պապիս հետ՝ համատեղ ունենալով երեք որդի: Միջնեկ հորեղբայրս վաղ լքեց կյանքը, ես ընդամնեը երեք տարեկան էի, այդ տարիքից տատս իմ հիշողության մեջ մնաց միշտ սև գլխաշորով, բայց մարդասեր ու անչափ հյուրասեր կին:

 

Երբ ինչ-որ մեկը խոսում էր մարդկային կորստից տատս ասում էր որ ինքը Աստծո հետ փակել է իր հաշիվները, ու ինձ պինդ գրկում, կարծես վախենալով որ այդ կորուսը կարող է նորից իր դուռը թակել...

 

Ես բակից տուն չէի գալիս՝  միայն խիստ անհրաժեշտության դեպքում , համերգ էի կազմակերպում, ես էլ հանդես գալիս որպես հաղորդավար.

- Իմ գարնան արև, իմ կանաչ տերև տուն արի, հաց կեր, էլի կգնաս, - ասում էի էսա կգամ և շարունակում խաղս, տատս նորից էր կանչում.

- Աղջի տուն արի, ցուրտա, արի շոր հագի.

- Հա տատի էսա կգամ, - և չընդհատելով խաղս մոռանում էի որ պետք է տուն գնամ, ի վերջո համբերությունն սպառվում էր նորից էր կանչում.

- Տուն արի այ չեփիչ (քոսոտ այծ), հերիքա բոլա մայմունություն անես,  դե էնքան ապրեմ որ քի (քեզ) տելեվիզրով տենամ,  դրա տեղն արի մի գիրք կարդա, որ գաս տեսնես դուռը փակ  տատն ու պապն էլ գրեզմանուտմը (գերեզմաններում) էն վախտ կհասկանաս տատն ու պապն ով են,  որ ասածս չես լսում: 

 

Անցնան տարիներ, տատիս հոգում փայփայած երազանքն իրական դարձրի, հարևանների մոտ անասելի հպարտություն էր զգում, երբ ասում էին, թե թոռիդ հեռուստացույցով տեսել ենք, բայց ձայնը իրանը չէր, երևի ինքը չէր.

 

- Չէ քո թոռն էր, եմաճի (այ) անգրագետ, իմ թոռը ինձա քաշել ինձ, և ցիտում  Օմար խայամի իմաստուն մտքերից.

 

- Կվիրավորես ընկերոջդ՝ կվաստակես թշնամի.

 

Ափսոս տատիս ոգևորությունը երկար չտևեց, մեկի վերքը դեռ թարմ կորցրեց նաև մյուս որդուն...

 

- Տատի կյանքն ու մահը բարեկամներն են, դու հո լավ գիտես, մենք կանք, իսկ ինչ ասեն մարդիկ ովքեր չունեն ոչինչ.

 

- Երբ դու կունենաս, կսեղմես դոշիդ, միայն էդ ժամանակ ինձ կհասկանաս բալա...

 

Չեմ ուզում տեսնեմ քո դուռը փակ տատի...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին