Մարիամ Սարգսյան. Դեդո՜, ես քեզ այնքա՜ն շատ եմ սիրում - Mediamax.am

1615 դիտում

Մարիամ Սարգսյան. Դեդո՜, ես քեզ այնքա՜ն շատ եմ սիրում


Լուսանկարը`


Հիմա, երբ ոչինչ չեմ կարող փոխել, երբ պատեպատ զարկվելս, ճչալս, ողբալս ոչինչ չեն կարող փոխել․․․ այնքան եմ ուզում գրկել քեզ։

 

Մեզ բաժանում էր ընդամենը 15կմ․, բայց գյուղն ասես աշխարհի մյուս ծայրում էր։

 

Ամռան զով  գիշերներին, երբ մեր Մուշկապատում էինք՝ Արցախի ամենաբարձրադիր գյուղերից մեկում, դու պատմում էիր անցած օրերիդ մասին։ Քո հուշերում ամենաթանձրը բանակային օրերդ էին՝ Սովետական հզոր բանակն ու դու՝ ավագ սերժանտ Լեւ Սարգսյանդ։

 

Հինգ երեխաներդ, հավանաբար, քեզնից այնքան ջերմություն չէին ստացել, ինչքան  թոռներդ։ Ոչ մի գորովագին բառ, քո սերը արարքներիդ մեջ էր, քո  ջերմությունը՝ անտառից  գրպանումդ  բերված ամառային տանձի, դաշտերից քաղված վայրի ելակի փնջերի ու ամեն անգամ հրաժեշտի պահին արցունքոտված աչքերիդ մեջ։

 

Չհամաձայնվեցիր ապրել երեխաներիցդ որեւէ մեկի հետ, դու էիր՝ քո մենությունն ու քո  քարակերտ գյուղը։

 

Մի անգամ, չգիտեմ ինչպես համաձայնվեցիր, բայց ամանորը միասին նշեցինք։

 

«Սա իմ կյանքի լավագույն ամանորն էր», - չթաքցրիր ապրումներդ։

 

․․․․

 

Նստած էի քո կողքին, մուգ կապույտ կոստյումդ էիր հագել։ Օտարոտի հարցրիր․ «Ձեզ է՞լ են այստեղ պահում», - դու ինձ չճանաչեցիր ու չիմացար, որ դու ինչ-որ ծերանոցում կամ հյուրանոցում չես, այլ հարազատներիդ կողքին՝ սիրով  ու հոգատարությամբ շրջապատված։

 

Մարդիկ Այցգեյմերի հիվանդությունը հաճախ շփոթում են ծերունական հիվանդության հետ։

Գիտակցությունդ ակնթարթներով էր գալիս, դու ապրում էիր  քո ստեղծած աշխարհում, քո հուշերում, այլ իրականության մեջ։

 

Շուտով լրանում է մի տարին, ինչ ապրում եմ մեղքի անտանելի զգացումով։ Անհեթեթ մի խոսակցության, չհասկացվածության պատժառով չայցելեցի քեզ կյանքիդ  վերջին մի քանի ամսում։

 

Դեդո՜, գիտես ինչքան անհեթեթ է խոստովանելն ու հասկանալը, որ զղջումս, ցավս, հառաչանքս ոչինչ չի փոխում, որ անզոր եմ ժամանակը հետ տալ ու գրկել քեզ։

 

Գյուղը դատարկ է առանց քեզ, մանկությունս գողացված, բոլոր մրգերն անհոտ ու խակ։

 

Հիմա կարող եմ տասնյակ  պատճառաբանություններ բերել, ասել, որ ծանր էր քեզ տեսնելը, հասկանալով, որ ինձ ու քեզ շրջապատող ոչ մեկի չէիր ճանաչում կյանքիդ վերջին ամիսներին։ Ասել, որ․․․ ասել ցանկացած բան։

 

Դու ինձ չէր ճանաչում, բայց ես հո քեզ ճանաչում է՞ի, ես հո կարող է՞ի քեզ փաթաթվել (եթե անգամ մտածեիր՝ ո՞վ է այս օտար աղջիկն, որ հանդգնում է գրկել ինձ)։

 

Ինչքա՜ն եմ ուզում պտտել ժամանակն ու քո ամանորները կախարդական դարձնել։

 

Դու հեռացար այս կյանքից ո՛չ որպես հինգ երեխաների հայր ու պապիկ, դու հեռացար որպես սովետական հզոր բանակի ավագ սերժանտ Լեւ Սարգսյան, իսկ ես ապրում եմ հոգի քրքրող մեղքի զգացման հետ եւ այնքան եմ ափսոսում, որ ժամանակին չասացի այն, ինչ հիմա ասելն ուշ է։

 

Դեդո՜, ես քեզ այնքա՜ն շատ եմ սիրում։ Ներիր ինձ։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին