Հասմիկ Ռաֆայելյան. Հռիփսիմե՞, թե՞ Գեղեցիկ տատս - Mediamax.am

2930 դիտում

Հասմիկ Ռաֆայելյան. Հռիփսիմե՞, թե՞ Գեղեցիկ տատս


Լուսանկարը`


- Ես էնքան սիրուն եմ էլե, որ մեր քավորըն՝ անունը մտես գացե, խա, Նուրջանըն, ինձի որ կնքած են,ասել ա՝ էս իսկական գեղիցիկ ա, անունն թող ըլնի Գեղեցիկ։

 

Այս պատմությունը 81-ամյա տատս ամենալավն է հիշում և ամեն անգամ պատմելիս նույն ոգևորությունն է ապրում։

 

Հինգ կամ վեց տարի առաջ Հռիփսիմե տատիկս աշխարհի ամենաառողջ, ամենակայտառ մարդն էր։ Նա էր մշակում մեր գյուղի այգին, նա էր մեզ ոգևորում, որ չալարենք ու կարտոֆիլ ցանենք մեր գյուղի անջուր հողատարածքում։ Մինչև այսօր հիշում եմ տատիս դեմքի ուրախությունը, երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք ու վայելում հալալ քրտինքով հավաքած ու կրակի մեջ եփած կարտոֆիլը։ Մինչև հիմա էլ հիշում եմ հարևանի զարմացած հայացքը, երբ պատմում էր, թե ինչպես է տատիկս ոտքով ջարդում փայտի հաստ կտորները։ Չեմ մոռանում տատիկիս թխած գաթաները, որոնք անպակաս էին մեր սեղաններից, նրա՝ «Բանակ եմ գնում, սիրասու՛ն մայրիկ» երգը եղբորս՝ բանակ ճանապարհելիս։ Դեռ իմ մտքում են տատիս բոլոր կատակները, հատկապես, երբ վառվել էր մեր այգու «քոլիկը», և այնտեղ էր մնացել նրա դրամապանակը։

 

Ես ամեն բան հիշում եմ, բայց  տատս է մոռացել։ Նա այսօր էլ նույն ուժի տերն է։ Նա կարող է ծառ բարձրանալ ու բալ հավաքել, կարող է ամենաշատը պարել թոռների հարսանիքներին, կարող է երգել բոլոր բանակայինների համար, բայց չի հիշում, թե երբ պետք է անի դա։ Գարնանը կարմիր մասուր է փնտրում, իսկ աշնանը՝ իր սիրելի կանաչիները՝ շուշան, սիբեխ։ Եվ բավական է՝ նրան հակառակվես և ասես.

 

- Ախր, տա՛տ, հիմա մասուրը կանաչ ա, հավաքելու ժամանակը չի։

 

Նա միանգամից կասի.

 

- Ես դպրոցն լավ եմ սովրած. հազար տարեկան եմ, ուրեմն դու պիտի ինձ խելք սովրցնե՞ս։

 

Այո՛, նա հիշում է ,որ դպրոցում շա՜տ լավ է սովորել, բայց չի հիշում, որ երեք րոպե առաջ արդեն հարցրել է՝ բա իմ տղես դո՞ր ա, ձկա՞ն ա գացե։

 

Ամենահետաքրքիրը Գեղեցիկ տատիս հետ հեռուստացույց դիտելն է։ Լուրերի թողարկում նայելիս  անպակաս է նրա՝ «աշխարքի վերջն էկե, բալա՛» ու ֆիլմեր դիտելիս՝ «Հասո, էս դու է կխաղա՞ս» արտահայտությունները։ Տատիս միշտ թվում է, որ հայկական հաղորդումների մասնակիցները օտարազգիներ են և ամեն անգամ  նա վստահորեն ասում է՝ «էս բրազիլացիք լավ էլ սիրուն ազգ են»։

 

Հռիփսիմե տատիկս այնքան ռոմանտիկ է, որ պատրաստ էր Սևանից ոտքով Հրազդան հասնել, և այնքան ռեալիստ, որ գիտի, որ իր ժամն արդեն եկել է:

 

Չնայած տատիս վատ հիշողությանը, չնայած հազիվ եմ համոզում, որ չգնա չհասած տանձ հավաքելու և չնայած նույն բանն օրվա ընթացքում անընդհատ կրկնելը նյարդայինացնում է, բայց ամեն անգամ տատիս տեսնելիս, ուզում եմ գրկել նրան ու ասել. «Երկա՛ր ապրիր, տա՛տ, քանի դու կաս, ես թոռ եմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին