Վահան Զաքարյան. Simply the Best - Mediamax.am

1719 դիտում

Վահան Զաքարյան. Simply the Best


Լուսանկարը`


Քաղաքի աղջիկ էր տատս: Ավարտելով Շահումյանի անվան վաղուց արդեն ոչ ծխական դպրոցը՝ ընդունվել էր ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետ: 4 տարի շարունակ սովորում էր գերազանց առաջադիմությամբ, երբ հանկարծ մի օր հայրը մեկ արկղ ալյուր գնեց: Պարզվում է՝ ալյուրը գողացած էր: Տատիս զրկեցին իր երազանքից: Այնքան էր սիրում ապագա մասնագիտությունը, որ դեռ երկար տարիներ, հենված դատարանների պատուհաններին, լսում էր, թե ինչպես են ընթանում դատական նիստերը: Նվիրական ցանկությունը չիրականացավ, սակայն աշխարհին՝ իր բոլոր մանրուքներով հանդերձ, սկսեց նայել իրավաբանի խորաթափանցությամբ: Անգամ մոտենալով կյանքի 9-րդ տասնամյակին՝ ամենայն մանրակրկիտությամբ ձևավորում էր ոչ միայն սեփական, այլև դուստրերի և թոռների «օրակարգը»:

 

«Որոշում էր», թե ով ինչ պետք է հագնի, որ ժամին տնից դուրս գա և վերադառնա տուն, երբ լինենք օդանավակայանում, որ հանկարծ չուշանանք թռիչքից…

 

Դեռ մեկ շաբաթ առաջ կազմում էր հաջորդ շաբաթ օրվա ճաշացանկը՝ հոգալով, որ այն բավարարի մեզնից յուրաքանչյուրին:

 

Ծննդյանս օրը երբեք չեմ սիրել: Հիմա էլ չեմ սիրում: Այն ինձ համար առիթ էր մի քանի օր տատիս վայելելու մեր տանը: Երբեք երկար չէր մնում: Գնահատում էր իր ազատությունը և շտապում սեփական բնակարան՝ դուռը միշտ բաց պահելով հյուրերի առաջ:

 

Ինքն իր ծննդյան օրը սիրում էր: Ամեն շնորհավորողին գումարելով վերջինիս տան անդամներին՝ երեկոյան մի աստղաբաշխական թիվ էր ստանում: «Հալալ է, տատ, ասում էի ես և մտածում, որ եթե «էս ֆեյսբուքները» չլինեին, մեզ՝ նորօրյա հերոսներիս, քանի հոգի կշնորհավորեր:

 

Ի դեպ, «ֆեյսբուքների» մասին: Մի օր տատիս առաջարկեցի գրանցվել Օդնոկլասնիկներում: «Ուզում ես՝ գրանցի, բայց վախենամ՝ բոլոր օդնոկլասնիկներս արդեն մեռած լինեն», - իրեն բնորոշ նրբանկատությամբ կատակեց տատս:

 

Վերին, անգամ նյարդայնացնող աստիճանի հյուրընկալ և հոգատար կին էր: Գտնվելով Երևանից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ինձ անպայման գլխարկ դնելու ցուցում էր տալիս: Կերակրում էր՝ առանց հարցնելու՝ քաղցած եմ թե չէ:

 

Շաբաթ օրերը տատիս տանն անհանգիստ էի գիշերում: Մտքումս պահում էի, որ առավոտյան պետք է համտեսեի իր «ֆիրմեննի» գոգոլ-մոգոլը, մեր ասած՝ գոգլին: Իսկ կարկանդակները… Ամեն շաբաթ երես չէր տալիս, բայց երբ հերթը հասնում էր դրանց…

 

Տատս հեռացավ մոտ երեք տարի առաջ՝ իրենից հետո թողնելով վառ և միայն դրական հիշողություններ, անսպառ հումոր և մեզանում թևավոր դարձած տասնյակ արտահայտություններ:

 

Տատս հեռացավ՝ մեզ համար մնալով պարզապես լավագույնը:

 

Այսօր էլ, երբ ուշ երեկոյան տնից դուրս եմ գալիս, ականջներումս ակամայից զրնգում է տատիս ձայնը.

 

- Ի՛նչ պարտադիր ա….

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին