Աննա Գարեգինյան. Տատիկս - Mediamax.am

2209 դիտում

Աննա Գարեգինյան. Տատիկս


Լուսանկարը`


«Տատի՜կ ջան, որ քո համար հեքիաթ պատմեմ, կլավանա՞ս... ի՞նչ անեմ, որ լավանաս, տա՜տ ջան... ».

 

Հիմա զգում եմ տատիս` միշտ տաք ձեռքերի ջերմությունը, ափը` ափիս մեջ` բարի ժպիտը դեմքին։ Նստում էի տատիս կողքին ու միասին խաչբառ էինք լուծում։ Տատիկն ամեն ինչ գիտեր, տատիկն ամեն գիրք կարդացել էր... հպարտանում էի տատիկովս, ինքն էլ` ինձնով։ Հիմա ասում են` Օրժենի դաստիարակած երեխեն ա է՜... բա ողջ չլիներ, տեսներ, ուրախանար...

 

... Ես հարազատ տատ ու պապ չտեսա, Օրժեն տատիկս էլ` հարազատ թոռնիկ, բայց բոլորից հարազատ հոգիները հենց ի՛մ ու իր մեջ են եղել, բոլորից հարազատ տատիկս` իրականում մեր վերևի հարևանուհին...

 

... Ես չոքեչոք բարձրանում էի վերևի հարկ, դռան մոտ ուրախության ճիչեր արձակում ու մի քանի վայրկյան հետո արդեն տատիս գրկում էի։ Ջերմ ու փափուկ գրկում քնում էի, արթնանում, խաղում, ուրախանում... Տատին ծաղիկներ շա՜տ էր սիրում։ Միշտ լսում էի` խոսում ու գուրգուրում է ծաղիկներին։ Ես էլ միշտ խնամում էի իր հետ, չէի վնասում ծաղիկները։ Տատիկիս ծաղիկների բույրը մինչև հիմա զգում եմ...

 

Տատիկն ամենից արագ էր պատասխանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի հարցերին։ Համոզում էի, թե գնանք, դու էլ մասնակցիր, հաստատ կհաղթես... Մասնակցել չստացվեց, բայց մինչև հիմա տատիկի ձայնն ականջներումս է՝ բոլորից առաջ ճիշտ պատասխանը հնչեցնելիս....

 

Նոսր էր տատիկի մազերը, ձյան պես սպիտակ մաշկ ուներ, հոգին էլ` մաքուր ու ազնիվ։ Հիշում եմ` բարձրահարկ շենքի ամենավերևի հարկում էին ապրում։ Մայրս տանում էր, ինձ թողնում տատիկի տանը։ Կես ժամ հետո զանգահարում, հարցնում էր, թե Օրժե՛ն, Անուլը հո չի՞ ընկել պատուհանից։ Տատիկս ասում էր` ընկել ա երկու անգամ, բայց իջել բերել ենք։ Հիմա խաղում ա տանը: Ասում էր ու ժպտում։

 

Եվ հիմա մի պահ հետհայացք եմ նետում դեպի մի աշխարհ, որը կոչվում է մանկություն, տեսնում եմ` Տատիկը մի փոքրիկ շիկահեր աղջնակի ձեռքը բռնած զբոսնում է` ժպտում ու խոսում հետը, գրկում, ուրախանում ասած մի խոսքով... Մանկությանս ամենագեղեցիկ հուշերն են հյուսվում նրա շուրջ, նրա հետ ու նրանով... Իսկ ես չեմ էլ ցանկանում հիշողությանս մեջ արթնացնել այն մասը, երբ նրան տեսա... ինքն ինձ չտեսավ... նրան տեսա... բայց ձեռքս չբռնեց, չխոսեց, չհամբուրեց...

 

Թող այդ ամենը ներսումս քնած մնան, ինչպես տատիկս էր այդ օրը քնած։ Քնած էր՝ ամենագեղեցիկ ժպիտը դեմքին, ամենահարազատ նոսր մազերով ու նուրբ ու փափուկ մաշկով...

 

Ես հարազատ տատիկներիս չեմ հիշում, տատիկիս հարազատ թոռնիկները` իրեն։ Բայց հարազատ ու անկեղծ տատ ու թոռ սրտերը նույն կերպ են բաբախել թե՛ իմ, թե՛ տատիս ներսում...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին