Թամարա Մուրադյան. «Հարցական նշանն» ու փետրվարի ծնունդը - Mediamax.am

1495 դիտում

Թամարա Մուրադյան. «Հարցական նշանն» ու փետրվարի ծնունդը


Լուսանկարը`


«Փետրվարի ծնունդ». պապիս, իբր թե վիրավորական խոսքն է՝ ուղղված տատիս, տատս էլ պապիս՝ թե բա, ա՛յ հարցական (ծերությունից պապիս մարմինը հարցական նշանի է նմանվել, այ այսպես՝ «?»): Հետո  տատս անպայման Ռոզայի մասին է մեջբերում՝ անիծելով իրենց միջնորդելու օրն ու անցնում առաջ՝ Ջուլիկը Մերուժին խանութ է ուղարկում: Ու հենց այդ ժամանակ Մերուժն է անիծում իրենց հանդիպումը. «Ա՛յ մարդ, ամեն օր խանութ»: Ապա անիծելու Ջուլիկի հերթն է՝ պապիս պահանջներին համապատասխան խանութի ցուցակ պետք  է գրի: 

 

- Մերու՛ժ, մատիտդ բեր:

- Եթե էս մատիտն էլ չպահեի, էս էլ չէր լինի, հը՛մ (անընդհատ «հըմ» ասելու սովորություն է ձեռք բերել):

- Ախ, էտ «հըմ»-ը… 

 

- Ի՞նչ գրեցիր, Ջուլի՛կ: Չէ՛, հացը ըտեղ մի գրի՝ այ այստեղ: …մի քիչ խորքից գրի օճառը: Մի հատ էլ բարձրաձայն կարդա գրածդ, - կանխատեսելով կնոջ արձագանքը, հաճոյացող ձայնով ասում է պապս ու լրացում անում, -մի հատ էլ «պաբիրոզ» գրի:

 

Գնում-գալիս է, տատիս տանը չտեսնելով, հարցնում է, թե որտե՞ղ է: Պապս դեռ էն գլխից է խանդոտ: «18 տարեկան եմ, պիտի հարցնեմ, նոր տեղ գնամ, չի էլ ամաչում: Իմ օրորոցը վառվեր, քեզ չհանդիպեի», - սրտնեղում է տատս ու էլի Ռոզա ու Ռոզա…  

 

Իսկ Ռոզայից ինքն էլ ոչնչով հետ չի մնում՝ երբեմն զույգերի է միջնորդում: Բայց դե պապիս սրտով չէ. «Քեզ մի օր ծեծելու են»:

Ասում է ու ամեն անգամ կնոջն ուղեկցում: Միայն թե նախ, իր ասած, «պեխերն» է  կարգի բերում: Եվ եթե նախկինում դրանք խնամքով ու հավասար կտրում էր, հիմա, ինչպես ինքն է իրեն բնորոշում՝ «քոռ մարդ է, քոռ մարդն ու՞մ ա պետք»: Ու ինչ տեսք էլ որ դրանց տալիս է, հպարտորեն կարծիք է հարցնում. «Ջուլի՛կ, տես ո՞նց ա»:  Իսկ Ջուլիկի բարկությանը չափ չկա. «Էլի խայտառակել ես քեզ»: Իր հպարտության առարկան իսպառ վերացնելուն, սակայն, պապս համաձայն չէ: «Ազի՛զ ջան, եթե  սափրեմ, դոկումենտացիաս պետք ա փոխեմ. նկարներում պեխերով եմ»:

 

Հա՛, մի բան էլ՝ դուռը թակելիս այնքան մոտ է կանգնում դռանը, որ դիտանցքից միայն «պեխերն» են երեւում խոշոր պլանով: 

 

Տատիս՝ պապիս ուղղված նկատողության թեման նաեւ վերջերս հարեւանուհու դիտողությունն էր: Ասել է. «Մարդդ մի տեսակ է քայլում»:

 

- Մի քիչ արագ քայլի, էլի:

- Բայց ես ի՞նչ ունեմ շտապելու, ա՛յ Ջուլիկ:

 

Պապս չի շտապում հավատալ նաեւ մեր պատասխաններին: Ամսաթիվ է հարցնում ու հակառակվում. «Չի կարող պատահել»:

 

- Էս ինչ մարդ ես, կասկածամի՛տ:

- Ա՛յ անհավատ զառեցի: 

 

Զառը տատիս ծննդավայրն է, իսկ պապիս համար՝ հայհոյանք ասեմ, անեծք…, բայց միայն արտաքուստ: Իրականում Ջուլիկն ու Մերուժն առավոտյան միասին են սրճում ու կարեւոր հարցերում մեկը մյուսի «ասեղն է թելում»: Իսկ վերոնշյալ դիմելաձեւն իրենց սիրո տեսակն ու դրսեւորումն է: «Իսկական» խոսքեր կամաչեն ասել: «Հիմա էտ ինչ են անում իրար: Մենք, որ նշանված էինք, ես մի մայթով էի քայլում, ինքը՝ էն մյուս», - տատս իրենցն է ճիշտ համարում:  

 

Հ.Գ. Տողերը գրելիս, դռան դիտանցքում նորից պապիս «պեխերը» երեւացին խոշոր պլանով: Ու էլի. «Տատդ ու՞ր է»: Ինքն իրեն էլ պատասխանեց. «Երեւի «սրճարան ա» գնացել (հարեւանի տուն): Ազիզնե՛ր ջան, ինձ էլ սուրճ դրեք՝ մարադոնայով  (նկատի ունի մադոննա տեսակի բաժակով): Տատդ էլ որ գա, թող «հո» անի: Խմած եղավ, տուն չթողեք»: Մենք ծիծաղում ենք, իսկ տատս նման դեպքերում ասում է. “Դու հումոր մի՛ արա, հումորից զուրկ ես»:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին