Լուսինե Վարդումյան. Լուսավոր տատս ու խոհուն պապս - Mediamax.am

891 դիտում

Լուսինե Վարդումյան. Լուսավոր տատս ու խոհուն պապս


Լուսանկարը`


Շատերի կյանքում երևի տատիկ, պապիկը ծնողներից հետո կարևոր մարդիկ են համարվում, սակայն ինձ համար նրանք գտնվում են ծնողին հավասար դիրքերում:

Պապս շինարար էր՝ դուռ ու լուսամուտ էր սարքում, տուն պատում, տատս տնային տնտեսուհի: Պապիս շատերը գիտեին գյուղում, որովհետև նրանց տներում  կա նրա կատարած աշխատանքը: Կյանքիս մի մասն անցել է գյուղում՝ տատիկիս ու պապիկիս հետ, սիրում էի նրանց հետ ապրել, մանկության հիշողություններիս մեծ մասը կապված է նրանց հետ:

 

Պապիկս իմ կյանքի կարևոր մարդկանցից է, եթե առաջին դասարան գնալու առիթով ծնողներն են գնում շորեր ու գրենական պիտույքներ  գնելու, ապա ինձ տարավ պապիկս:

 

1997 թ. օգոստոսի  քսանութն էր միասին գնացինք սպիտակ վերնաշապիկ, կոշիկներ ու շրջազգեստ գնելու: Մինչև հիմա պահում եմ զգեստներս, որոնք ինձ մոտ քաղցր ու հաճելի հիշողություններ են արթնացնում: Հիշում եմ այդ օրը… Կարծես թե երեկ էր: Երբ երջանիկ գնումներն արած վերադառնում էինք տուն, ճանապարհին պաղպաղակ վաճառողի հանդիպեցինք, նա ձեռնափայտով ցույց տվեց սառանարանն ու  ասաց. «Երեխուն մի պաղպաղակ տվեք», -  վաճառողը մեկնեց ինձ վարդագույն պաղպաղակը: Մինչև հիմա համը բերանիս է:

 

Տարիներ էին անցել ես դեռ երկար ժամանակ փնտրում էի պապիկիս գնած պաղպաղակից, որն այսպես էլ չգտա: Միգուցե կերել եմ դրանից, բայց էլ ոչ մի նմանատիպ պաղպաղակ չունեցավ այդ համը:

 

Սիրում էի պապիկիս հետ շփվել, օգնել նրան:

 

Առաջին դասարան էի հաճախում, պապս ու տատս շատ էին ոգևորվում ինձանով, տատիկս օգնում էր մասնիկներ սովորել, միշտ ուրախանում էին իմ ամեն մի սովորածով: Երբ պառկում էինք քնելու տատս հեքիաթներ կամ էլ իր մանկության տարիներից  էր պատմում: Ես ամենայն ուշադրությամբ էի լսում նրա դժվար կյանքի պատմությունները:

 

Հիշում եմ… պապս հիվանդացավ, երկար ժամանակ պարկեց անկողնում, բժիշկն ասել էր, որ նրան կարճ կյանք է մնացել, բայց նա միշտ ուրախ էր ու ես երբեք չզգացի, որ նա այդքան վատ է: 

 

Սիրեք, հարգեք ու ժամանակ տրամադրեք ձեր տատիկներին ու պապիկներին, միգուցե հետո ցանկանաք խոսել շփվել, լսել նրանց խորհուրդները, բայց արդեն ուշ լինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին