Տիգրանուհի Մարտիրոսյան. Պապիս սպիտակ խրիզանթեմը - Mediamax.am

1395 դիտում

Տիգրանուհի Մարտիրոսյան. Պապիս սպիտակ խրիզանթեմը


Լուսանկարը`


Տատիս ինձ քնելուց առաջ հեքիաթներ չէր կարդում: Նա համեղ կարկանդակներ էլ չէր պատրաստում, ոչ էլ ինձ Մանկական երկաթուղի էր տանում, նա ինձ հետ մուլտֆիլմեր չէր դիտում ու քնելուց առաջ չէր համբուրում:

 

Որպես կանոն տատիս հետ ամիսը մեկ կամ երկու անգամ էինք հանդիպում:  Նա մենակ էր ապրում, մեկ սենյականոց կոկիկ, փոքրիկ տան մեջ:

 

Ավանդույթի համաձայն նախ միասին թեյում էինք: Նա սիրում էր պարծենալ իր արծաթյա բաժակներով ու մոսկովյան կոնֆետներով: Ամեն անգամ պատմում էր, թե ոնց իր ընտանիքը Լենինգրադի շրջափակումից փախավ եկավ Երևան ու ափսոսանքով, համարյա արցունքն աչքերին, հիշում էր, թե չեխական ճենապակյա ինչ եզակի սպասք թողեց այնտեղ:

 

Նա ասում էր, որ Լենինգրադում բոլոր աղջիկները լեդի են ու ինձ սովորեցնում էր սեղանի շուրջը նստելու, դանակ-պատառաքաղից օգտվելու կանոնները:

 

Ինձ հիացնում էր, թե ինչպես է սպիրալաձև ձայնապնակով դասական երաժշտություն լսում. աչքերը փակում էր, կնճռոտ, բայց խնամված մատները օդում թափահարելով՝ կարծես դիրիժորի դերն էր կատարում: Հետո մենք գնում էինք  զբոսանքի:

 

Նա հագնում էր իր 35 համարի բարձրակրունկ սև կոշիկները, սպիտակ երկար վարսերը հավաքում էր վերև, արծաթյա զարդատուփից հանում էր  մարգարտյա շղթան, գցում վզին, շուրթերն ալ-կարմիր ներկով էր պատում ու նոր միայն տանից դուրս էինք գալիս:

 

Տատս չէր ամաչում, որ 80 տարեկան է. նրան կնճիռները չէին վախեցնում, որովհետև իր միայնակ ու ինքնանփոփ կյանքում հազար ու մի  դժվարություն հաղթահարած կնոջ համար կնճիռը գեղեցիկ տեսք ունենալու համար խոչընդոտ չէր: Նա իրեն երիտասարդ էր զգում ու հմայիչ, ինչպես տարիներ առաջ, երբ հանդիպեց պապուս:

 

Զբոսնելու ժամանակ տատիս հիշում էր միայն պապուս, պատմում էր, թե ոնց են թևանցուկ քայլել, համբուրվել այս նստարանին նստած, այն ծառի կողքին կանգնած, թե ինչպես է պապս իրենց առաջին ժամադրության ժամանակ հարևանի բաղից գողացած սպիտակ խրիզանթեմներ նվիրել, իսկ հետո ասել, որ տատիս հենց այդ սպիտակ խրիզանթեմներին է նման՝ դրանց պես նուրբ է ու թեթև:

 

Իմ ծնվելուց մեկ տարի առաջ գրող-լրագրող պապս գնաց պատերազմ, որ նկարի կռիվն ու իր հերթական հոդվածներից մեկը գրի: Հոդվածը լույս չտեսավ, որովհետև պապս հետ չեկավ, անհետ կորավ:

 

Բայց տատս շարունակ պնդում էր, թե պապս չի կորել, շուտով հետ կգա, դրա համար ուզում էր, որ միշտ լավ տեսք ունենա, որ պապս գա ու տեսնի, որ իր սպիտակ խրիզանթեմը դեռ նախկինի պես նուրբ է ու թեթև:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին