Տատյանա Ղուկասյան. Իմ պապիկը - Mediamax.am

888 դիտում

Տատյանա Ղուկասյան. Իմ պապիկը


Լուսանկարը`


- է՜ս  ինչքա՜ն ես նիհարել, ա՛յ բալա, - այսպես է խոսում պապիկս ամեն անգամ ինձ տեսնելիս: Այս խոսքերը հաճախ ծիծաղելի են թվում ինձ, որովհետև դրանք հնչում են մի քանի օրվա տարբերությամբ: Եվ այդ ամենից հետո շատ դժվար է լինում համոզել պապիկիս, որ դա միայն նրան թվում է:

 

Գուցե շատերի համար տարօրինակ թվա, բայց ես սիրում եմ խաղալ պապիկիս նյարդերի հետ: Կարող եմ հպարտորեն ասել, որ ես նրա միակ թոռն եմ, ով կարող է այդպիսի չարաճճիություններով բարձրացնել նրա տրամադրությունը և վերջում ծանր խրատական խոսքեր չլսել: Այդ մի ծիծաղի համար պատրաստ եմ նույնիսկ հատուկ սցենար կազմել ամբողջ օրվա համար:

 

Իմ ամենօրյա «պարտականությունները» կատարելուց հետո հաճախ եմ նայում պապիկիս դեմքին և փորձում նրան պատկերացնել երիտասարդ ժամանակ: Կարող եմ վստահ ասել, որ նա շատ գեղեցիկ և համակրելի տղամարդ է եղել:

 

Նրա ճերմակած մազերի և կնճիռների մեջ եմ տեսնում նրա ապրած կյանքը, որը երևի այնքան էլ հանգիստ չի անցել: Այնքան կուզեի մի քիչ ապրել նրանց կյանքով, տեսնել, թե ինչքան տարբերություն կա անցյալի և ներկայի միջև: Նրա մի ներթափանցող հայացքից անգամ կարելի է շատ բան հասկանալ, որը նույնպես անցյալի հետևանք է:

 

Այնքան հետաքրքիր պատմություններ ունի պապիկս սրտի խորքերում պահված: Դրանցից մի քանիսը նա պատմել է ինձ, ես էլ հիմա ձեզ կպատմեմ:

 

Մի անգամ, երբ սովորականի պես նստած էինք անտառին նայող ճանապարհի եզրին, պապիկս մի դեպք պատմեց իր և տատիկիս կյանքից, որը դեռ լավ տպավորված է իմ մեջ:

 

Տարիներ առաջ, երբ ճաշի ժամանակ տատիկս, պապիկս և էլի շատ հարազատներ համտեսելիս  են եղել տատիկիս պատրաստած համեղ գաթան, որը ես շատ եմ սիրում, մոտեցել են մի քանի թուրքեր և գաթայի դիմաց առաջարկել են ձմերուկ: Նրանց չեն մերժել, և ձմերուկը գաթայի հետ փոխանակելուց հետո թուրքերը հեռացել են:

 

Այս պատմությունը լսելուց հետո այնքան եմ ափսոսում, որ հիմա այդ պարզ հարաբերություններից ոչինչ չի մնացել: Եվ կարծես հասկանում եմ պապիկիս հաճախ մռայլվող և մտազբաղ աչքերի պատճառը: Երևի նա էլ է ափսոսում, որ անցյալի լավ պահերը միայն հուշ են մնացել նրա սրտում:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին