Լիաննա Արզանյան. «Իմ տատիկը, իմ պապիկը» - Mediamax.am

1281 դիտում

Լիաննա Արզանյան. «Իմ տատիկը, իմ պապիկը»


Լուսանկարը`


 

Տատիկս հիշողությանս սնդուկի մեջ  նկարվում է սպիտակ մազերով՝ գլխաշորի տակ հավաքած, տխուր դեմքին բարի ժպիտ նկարած, գոգնոցով ու գոգնոցի գրպաններում անպայման մի քանի կոնֆետ, չիր կամ ընկույզ պահած՝ հանկարծ չլիներ, թե թոռին մի բան չունենար տալու: Փոքր տարիքում հագնում էինք մեր տատիկի գործած փափուկ ու հաստ գուլպաներն ու բլուզները:

 

«Մարդին դոշն ու թիկունքը, մեկ ալ  ոնդերը վեր տաք ինի, հիվնդանալ չի...»

 

Տարիների խորքից հենց նոր ականջիս մեջ լսվեց տատիս ձայնը: Տատիս ձա՜յնը... Գուրգուրող ու շոյող, նուրբ ու երգեցիկ: Այնքան սեր ու ջերմություն կա այդ ձայնի մեջ:

 

Տատս ողջ կյանքում լաց եղավ քեռուս բաճկոնը գրկած,չորս աղջիկներից հետո, վերջապես ծնված տղան 22 տարեկան հասակում  պատերազմի ժամանակ անհետ կորավ: Տատս այդ օրից մազերը չկտրեց, ու խոստացավ մինչև տղան չգա չի կտրելու: Էդպես էլ չեկավ…

 

Իսկ այ պապս, իր մեջ թաքցրեց ցավը, երբեք չարտահայտվեց, բայց թոռնուհու (քեռուս միակ աղջկա) համար կյանքն էլ կտա: Ցավից բարկանում է, գոռում, բայց երբեք պատճառը չի ասում:

 

Տատս դարդ արեց չորս երեխաներից յուրաքանչյուրի բախտի համար լաց եղավ, բայց երբեք ակնոց չդրեց` սեփական աչքի լույսով մինչև հիմա իր ասեղը ինքը թելում է: Մազ չկտրեց, բայց և չցուցադրեց՝ խնամքով սանրում, հյուսում ու թաքցնում է գլխաշորի տակ: Ոտքերը երբեք չմերկացրեց, հագուստի գույնը միայն սևը դարձրեց, բարձր չխոսեց, չծիծաղեց, ոչ մեկիս վրա մի կարգին չբարկացավ, ձեռք չբարձրացրեց: Երբեք մեջքը կռացած չքայլեց, իր ձեռք ու ոտքով, իր քրտինքով, աշխատանքով ապրում է իմ ուրցահոտ, իմ դաղձահոտ, իմ խնկահոտ տատը, իր գյուղի շողոտ-շաղոտ, իր բոստանի քարոտ-հողոտ ԱՐԴԱՐ տատը:

 

Թե տատիկիս, թե պապիկիս բոլորն անխտիր սիրում են գյուղում, հարգում,թե բան պետք եղավ, արագ օգնության հասնում: Մարդ ու կին, իրենք  երկուսով, իրենց ուժերով մեկ հարկանի տուն կառուցեցին, շատ տանջվեցին, բայց սարքեցին: Տղան ծնվեց, մեկ հարկ էլ ավելացրեց՝ էլի միայնակ, էլի նեղություն չտալով: Տատս բոլոր չունևորներին, հաճախ պապիցս թաքուն, սնունդ, հագուստ էր  տալիս: Հենց էդպես էլ դաստիարակեց իր երեխաներին՝ հյուրասեր, բարի, հոգատար, օգնող…      

 

Աննկարագրելի բարություն… աննկարագրելի ուժ, որ որդու մասին այդպես էլ լուր  չունենալով, միևնույն է, ժպտաց, ապրեց, պայքարեց ու չչարացավ…                                                                                           

 

ՏԱՏԻԿ լինելը կոչում է, կենսակերպ, պատիվ...

 

Սիրում եմ Ձեզ տատ,պապ …

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին