Անի Հովհաննիսյան. Անձրևը հայրենիք չունի - Mediamax.am

1177 դիտում

Անի Հովհաննիսյան. Անձրևը հայրենիք չունի


Լուսանկարը`


Երբեք չմեռնես՝ ահա թե ինչ կասեմ քեզ,

- խնդրեց հայրս վերջին անգամ

և փակեց աչքերը:

Հովհաննես Գրիգորյան

 

Երբ մայրս ծնվել է՝ բուժքույրը պապիս հայտնել է լուրը, պապս բորբոքվել, թքել է գետնին ու հայհոյել բուժքրոջը: Եվ հայհոյել է կյանքում առաջին ու վերջին անգամ:

 

Տատս միշտ պատմում է էդ պատմությունը, մայրս թե՝ էդ կնիկը էլի՞ հիշեց հին ու նորը, ուրիշ բան չունի՞ խոսելու: Տատս շատ բան ունի ասելու: Կողքին նստես՝ Պապ թագավորի, Մխիթար Սպարապետի ու Նժդեհի կենսագրության ու էն բաների մասին կպատմի, որ անգամ էդ հերոսներն իմացած չեն լինի իրենց մասին: Տատս  թերթեր է կարդում, էդ մեծ տարիքում էլ կարդում է առանց ակնոցի: Ասում եմ.

 

- Տա՛տ, դու ակնոց չե՞ս դնում:

 

Ու միշտ նույն պատասխանը.

 

- Չէ՛, չեմ դնում, բայց արդեն պիտի դնեմ, էլ առաջվանը չեմ:

 

Էլ առաջվանը չէ տատս, ոչ ոք էլ առաջվանը չէ: Քաղաքականությունից է խոսում, հետո՝ մուրաբաներից, վերջում էլ՝ հոդացավերի, հիպերտոնիայի ու առհասարակ իր հիվանդությունների մասին: Նա սիրում է կյանքը: Մեռնել չի պատրաստվում: Համենայնդեպս՝ հիմա: Պապս շատ խոսեց գնալու մասին ու գնաց:

 

Պապս տղա երեխա էր սիրում: Հավերին էլ միայն նրա համար էր սիրում, որ ձու են ածում: Երևանից գալիս էր գյուղ, որ մորս գործը հեշտանա: Ասում էր.

 

- Վահագին բոլորից շատ եմ սիրում:

 

Կատաղում էի: Իր բաժին բոլոր շոկոլադները եղբորս համար հավաքում էր պահարանի մուգ բաժակի մեջ: Էդ բաժակին, որ նայում էի՝ նախանձից քիչ էր մնում պայթեի:

 

Եղբորս հետ հաճախ էի վիճում: Նա մանկությանս ամենամեծ հակառակորդն էր, պապս՝ նրա Զևս-Հովանավորը: Պոսեյդոնի պես փրփրելով՝ փորձում էի Տարտարոս ուղարկել այդ չար կիկլոպին:

 

Տատս բոլորի անունները տալով կանչում էր.

 

- Արայի՛կ, Ստյոպի՛կ, Աշո՛տ, Անո՛, երեխեն կատաղեց, հասի՛:

 

Անո մամաս հասնում, մի բան էլ ինձ էր մեղադրում: Լացում էի ինչպես երբեք, էնպե¯ս էի լացում:

 

- Էլ մեր տուն չգա՛ս, - ասում էի պապիս…

 

Պապս ամեն գիշեր ծածկում էր մեզ: Ու դրանից ավելի տաքուկ էր դառնում աշխարհը:

 

Ժամանակի հետ պապս թողեց տղա երեխաներ սիրելու իր նախասիրությունը, ժամանակի հետ նա ամենամոտը դարձավ ինձ, ժամանակի հետ ես էլ եղբորս սկսեցի սիրել ինձնից շատ ու  պահարանի մուգ բաժակի մեջ սկսեցի նրա համար պահել իմ բաժին կոնֆետները:

 

Պապս ինձ սովորեցրեց սիրել…

 

Է՛լ չեկավ մեր տուն: Հիվանդ էր: Ուսանող էի ու արդեն ես էի ապրում նրանց տանը: Խոսում էինք իր հայրենի Նախիջևանի մասին: Մտովի քայլում էինք իր գյուղի փողոցներով ու առնում պապիս հայրենիքի հոտը: Նրա հայրենիքից թարմ դաղձի հոտ էր գալիս: Բարձրանում էինք Կապուտջուղ լեռնագագաթը ու մինչև թոքերի ծայրը երգում էինք գողթան երգերը: Պապս սարից իջնելով՝ աղբյուրից ջուր էր խմում ու հովացնում տաք սիրտը: Նրան հետ վերադարձնողը սուր ցավերն էին:  Մամա էր գոռում:

 

- Մամա մի գոռա, մամադ չի օգնի, Աստված կանչի, պապի՛:

 

Էն օրը, որ պապս Աստված կանչեց՝ անձրև էր գալիս:

 

Անձրևը հայրենիք չունի: Տեսնես պապիս հայրենիքում անձրևն ի՞նչ գույն ունի:

 

Պապս գիտեր աշունների լեզուն: Գիտեր ցրտից ուրիշ երկիր չվող թռչունի վիշտը:

 

Նա ապրեց, որ ապրեցներ ինձ: Ամենավերջում հիշեց միայն Աստծուն ու հայրենիքը: Կարոտեց: Վերջին անգամ:

 

Կրծում եմ օդը: Ինչ-որ դառնություն կա կոկորդումս խրված: Իզուր չէր պապիս տղա երեխա  սիրելու մոլուցը: Տղաս, ու շատ ուրիշ մամաների տղաներ հետ են բերելու պապիս կորցրած հայրենիքը…

 

Գիշերներն այլևս ծածկող չկա ինձ: Անտանելի մրսում եմ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին