Վահե Մակարյան. «Մինչև չամուսնանամ, քեզ «ճամփու դնող» չկա» - Mediamax.am

1916 դիտում

Վահե Մակարյան. «Մինչև չամուսնանամ, քեզ «ճամփու դնող» չկա»


Լուսանկարը`


Ինձ համար տատիկի կերպարն ամբողջանում է մի փոքրիկ, բայց շատ քաղցր դրվագով։ Ինձ թվում է՝ իսկական տատիկը պիտի փեշի տակ պահած կոնֆետ ունենա իր թոռան համար։ Իսկական թոռն էլ պիտի ջղայնացնի տատին, մի չարաճճիություն անի, հետո մի լավ բանով սիրտը շահի։ Քանի որ մանկությունս տատ ու պապից կտրված է անցել (նրանք՝ Վրաստանում ու Ռուսաստանում, ես՝ այստեղ), հազարից  մեկ նրանց տեսնելիս նույնիսկ մեծ տարիքում փորձում էի անգամ դիտմամբ մի չարություն անել, տատիս հոգու հետ խաղալ, որ տատ ունենալու հավեսս հանեմ։ Ինձ թվում էր՝ իրենց տանը ապրող տատ ու պապ ունեցողները ամենահարուստ մարդիկ են։ Ու քանի որ պապի երես գրեթե չեմ տեսել, ամեն անգամ որևէ տատիս տեսնելիս չէի կարողանում համակերպվել այդ փաստի հետ, որ ես էլ նման ճոխություն ունեմ։

 

Այսօր տատ ունենալու քաղցրությունը պարտադրված եմ վայելել միայն ռուսական կուրորտային քաղաք Էսենտուկիում բնակվող մորական տատիս՝ Մաքո մամիս գոյությամբ։ Էսենտուկիում իմ գլխավոր «կուրորտը» հենց տատս է, ում, ցավոք, ուշ-ուշ եմ տեսնում։  Գիտեմ, որ մինուճար տատս ինձ շատ է սիրում։ Ամեն անգամ ինձ տեսնելիս փորձում է իր հավաքած թոշակից, փեշի տակ պահած կոնֆետներից անպայման բաժին հանել ինձ։ Ես էլ, չնայած որ արդեն վաղուց մանկության տարիքում չեմ ու էդ ես պիտի տատիս կոնֆետ ու քաղցրավենիք տանեմ, տատիս խաթրը չկոտրելու համար վերցնում եմ, որ ինքն իրեն տատ զգա, ես էլ՝ թոռ։ Ամենաջերմ հիշողություններից մեկը տատիս հետ երաժշտական դուետ կազմելն էր, որը պիտի կրկնեմ հաջորդ այցիս ժամանակ։ Մի քանի տարի առաջ երկար ընդմիջումից հետո գնացի Էսենտուկի՝ հարազատներիս, այդ թվում և տատիս այցելության։ Ազատ ժամերս անցկացնում էի տան բակում տատիս հետ զրույցներով․ խրատներ էր տալիս, տարբեր պատմություններ պատմում բարեկամներից, գյուղից, Օնես պապիցս, ով մեծ հարգանք վայելող, անվանի ու հարուստ մարդ էր Ջավախքում։ Բայց ամենահաճելին «մինի կոնցերտն» էր, որ կազմակերպում էինք երկուսով։ 80-ն անց տատս մինչ օրս էլ լավ երգում է։ Գիտեր, որ շվի եմ նվագում, բայց երբեք չէր լսել։ Վերցնում էի շվին, ինքը երգում էր, ես՝ նվագում։ Շերամ, Սայաթ-Նովա, Ջիվանի, Հավասի․․․ տատիս ռեպերտուարը հարուստ էր, ես էլ ստիպված էի հետը «գնալ» ու «պռավալ» չտալ։ Ռուս հարևանները հաճախ զարմանքով էին նայում պարսպից այսկողմ, թե էս ինչ են անում էս հայերը։

 

Վերջին անգամ Մաքո մամիս այցելեցի այս տարվա օգոստոսին։ Երկար ճանապարհ անցնելուց հետո գիշերվա կեսին մտանք Էսենտուկի՝ քեռուս տանը մի բերան շունչ քաշելու ու նորից ճանապարհը շարունակելու։ Ամենաշատ ու ամենաջերմ զգացումով երևի թե այդ անգամ եմ վազել տատիս սենյակ՝ նրան տեսնելու։ Քնած էր։ Գիտեի, որ շուտ է քնում։ Բայց չէի կարող չարթնացնել, վստահ էի՝ կուրախանար ինձ տեսնելիս։ Տարօրինակ զգացում էր մոտս, երբեք ինքս իմ մեջ այդքան շատ չէի գնահատել այն, որ տատ ունեմ։ Ուրախացա, որ մի բուռ դառած տատս դեռ ոտքի վրա է, դեռ կարողանում է ուրախանալ իր թոռներով, արդեն ծոռներով, «տատիկություն անել» նրանց համար։ Ու երբ խոսում է «ճամփա ընկնելու» մասին, վրան «հարաքյաթ» եմ գալիս՝ մինչև չամուսնանամ, իմ երեխուն չտեսնես, քեզ «ճամփու դնող» չկա։ Մեկ ժամ անց տատիս հրաժեշտ տվինք ու դուրս եկանք՝ մեր ճամփան շարունակելու։ Երկար ժամանակ մեքենայի մեջ ուզում էի նրանից խոսել, չգիտեի՝ ինչից սկսեմ, ինչպես սկսեմ։  Միակ միտքն այն էր, որ հաճախ պիտի տատիս այցելեմ, տատով հարուստ լինելու վերջին թրթիռները որքան հնարավոր է՝ երկար վայելեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին