Արմինե Արմենակյան. Պապս կարոտի հոմանիշ - Mediamax.am

1552 դիտում

Արմինե Արմենակյան. Պապս կարոտի հոմանիշ


Լուսանկարը`


Ամենաների  մասին խոսքեր գտնելը նույնքան բարդ է, որքան զգացմունքները վերարտադրելը։ Արցունքներն են գրոհում բառերի փոխարեն, իսկ ասելիքը խեղդում է կոկորդդ։

 

Պապս իմ ամենաներից ամենան էր։ Մանկությունս անցել է նրա գրկում, այնուհետև նրա ձեռքը բռնած և կողքին նստած՝ շաշկի և շախմատ խաղալիս, պատմություն քննարկելիս։

 

 Կոնյակը եղել է իմ և պապիս միջնորդ ընկերը։

 

- Արմինե՜ կխմե՞ս կոնյակ, - ամեն սեղան նստելիս այս հարցն էր տալիս և առանց պատասխանը լսելու վերցնում էր մեր միջնորդ ընկերոջը և խմում ու զրուցում էինք, զրուցում և խմում, պատմում իրար նշանավոր մարդկանց մասին պատմություններ։

 

Այսօրվա հանդիպմանը սակայն միայն միջնորդ ընկերն է  ներկա, և ես կենացներ չեմ ասում, սակայն կպատմեմ երևելի մարդու մասին՝ Հարություն-Տուշպայի,  էրգրից եկած այդ զարմանալի անձնավորության, ով  իր ողջ կյանքը նվիրեց հայոց հարցի լուծման սպասմանը։ Եվ սա լոկ խոսք չէ, նա իր անձնական բարօրությունից առավել երազում էր կորուսյալ հայրենիքի մասին, Մասիսի մասին։ Ամեն առավոտ նա իր աղերսագին  հայցաքն էր նետում առ Աստված և Արեգակ։ Եվ զուր չէ, որ իր կյանքի վերջին խոսքերում միայն ու միայն Արևմտյան Հայաստանն ու Զորավար Անդրանիկն էին։

 

Վերջին տարիներին ծերությունը արդեն նկատելի էր պապիս մոտ, դժվարությամբ էր հիշում տարեթվերը, անունները, սակայն ծերությանը զուգահեռ կյանքով լեցուն էր, ֆիզիկական վարժություններ էր կատարում և անգամ գիրք էր կարդում հայոց ցեղասպանության մասին։ Գիրք, որը իր ողջ գիտակից կյանքում կարդացած կլիներ հարյուրից առավել։

 

Ամեն անգամ  քաղաք գալիս, երբ գնում էի պապիս հրաժեշտ տալու, պապս հեկեկում էր։ Ատում էի հրաժեշտի ակնթարթները։ Վերջին հրաժեշտին պապս լուռ էր, իսկ ինձնից մի մասնիկ էր պոկվել, սրտիցս մի բեկոր, կարոտ բառը նոր հոմանիշ ձեռք բերեց պապիս անունով, իսկ գիտակից կյանքս ունեցավ իր ամենամեծ կորուստը։ Ատում եմ հրաժեշտի ակնթարթները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին