Նազելի Բադալյան. «Ապրված օրեր. մանկությունից երիտասարդություն» - Mediamax.am

2051 դիտում

Նազելի Բադալյան. «Ապրված օրեր. մանկությունից երիտասարդություն»


Լուսանկարը`


Իմաստուն ու խորունկ աչքերդ միշտ խոսուն են եղել,

Խոսել են դեռևս չարտասանած քո բառերը,

Խոսել են ու կխոսեն...

 

Արդեն երկու տարի է որոնում էի անսահման սիրով ու անչափելի բարությամբ լի ձերհայացքները, սպասում, որ շատ շուտով նորից լսելու եմ հոգեհարազատ դարձած իմաստուն խոսքեր, սպասում, որ ահա նորից ու նորից տեսնելու եմ, թե ինչպես է տատիկս իր անհանգիստ խառնվածքին բնորոշ փութկոտ քայլերով ճաշ պատրաստում իր սիրելի թոռների համար, հաշվում րոպեներն ու փողոցով անցնող մեքենաները, մինչև մոտենանք մենք, որ ինչպես ինքն էր ասում «աշխարհն իրենն է լինում», որ մեզ տեսնում է ու «մենք էլ իր հարստությունն ենք», «առանց մեզ իր կյանքն իմաստ չունի»...

 

Մոտեցանք տանը, ա՛հ, վարագույրը շարժվե՜ց, տատիկս էր, անդադար նայում էր պատուհանից ու պապիկիս հարցնում. «Միշա՛, քանի՞ րոպեից կլինեն գյուղում», թեպետ և ինքը գերազանց գիտեր թե ժամանակը, և թե հեռավորությունը, ուղղակի ուզում էր պապիկիցս լսեր, որ քիչ է մնացել, շուտով, շատ շուտով կհասնեն։

 

Տուն մտնելուն պես տեսնում էինք թե ինչպես են փայլում պապիկիս ու տատիկիս աչքերն ուրախությունից. «համալսարանականներ ջան, ի՞նչ են ձեզնից ասում դասախոսները, գոհ են չէ՞», «ձեզնից պետք է միշտ գոհ լինեն»։

 

Երանի թե այդ օրերը լինեին, երանի նորից հանդիպեինք ու նորից նստեինք մեր բակի խնձորենու ծառի տակ, անձրևից խունացած փայտե նստարանին ու լսեինք ձեր ապրված կյանքի մասին, այն կյանքի, որի մասին վկայում էին տարիների հոգսերից ճաքճքած ու ծռմռված ձեր ձեռքերը։

 

Ու շարունակ որոնելով ձեզ՝ քայլում եմ գրապահարանի կողքով, բացում շատ անգամ ընթերցանությունից մաշված գրքերի էջերը, ու աչքի անցկացնելով Վախթանգ Անանյանի, մեծն Թումանյանի, Շիրազի խոսքերը, շունչս պահած նորից վերապրում ձեզ հետ անցկացված ամեն մի վայրկյանը։

 

«Բնությունը նրա տարերքն էր, իսկ բնության մեջ ապրելն ու արարելը՝ նրա կյանքի աղբյուրը»։ Այսպիսին էր պապիկս՝ խելացի, զգուշավոր, իմաստուն ու ազնիվ։ Այսօր եմ հասկանում ինչու հենց բնությունը, որովհետև բնության մեջ միայն կարելի է գտնել իսկական ազնվությունը, մաքրությունն ու կենսատու խաղաղությունը։

 

Այսպես միասին անցանք կյանքի մի մեծ ճանապարհ՝ մանկությունից պատանեկություն, պատանեկությունից երիտասարդություն ու ... բաժանվեցին կյանքի մեր ճանապարհները։

 

Մի պահ կանգառ... մտորում... ու կյանքը նորից վերաիմաստավորվեց։

 

Այո՛, ես ձեզ նորից գտա, գտա ձեր սերը, ջերմությունը, ձեր նվիրած յուրաքանչյուր պահն ու դաստիարակությունը, որոնք տարիներ շարունակ ուղղորդել են ինձ իմ կյանքում։ Գտա եղբորս հայացքում, ձեր սերունդը շարունակողների՝ զավակների, թոռների ու ծոռների հայացքներում... Երբ տատիկս մարմնի տկարությունից արդեն գանգատվում  էր՝ մեջբերելով Ֆրիկի խոսքերը՝ «Է՛խ ֆալաք», չէր պատկերացնում, որ իր սիրելի փոքրիկ թոռնիկի՝ Միքայելի համար, ում մանկությունը զարդարում էր երգեցիկ օրորոցայիններով, երգը մի օր կդառնա ճակատագրական, իսկ ես՝ որպես կյանքի մի ճամփորդ, լուսավոր կանթեղի փոխարեն ինձ հետ վերցրեցի պապիկիս ու տատիկիս սիրով սերմանած խրատները, ազնվությունն ու բարությունը և ճանապարհ ընկա՝ ստեղծելու իմն ու իմ աշխարհը...

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին