Լիլիթ Մանուչարյան. Մեծ ծնողներս - Mediamax.am

1180 դիտում

Լիլիթ Մանուչարյան. Մեծ ծնողներս


Լուսանկարը`


Պապիկս՝ Ռուբենը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բնավորությամբ զուսպ, բայց բազում հարցեր տվող մարդ է։ Հիսուն տարվա դասախոսական կյանքը թուլացրել է նրա լսողությունը, և մենք  հետը ստիպված բարձր ենք խոսում։

 

Երիտասարդ տարիներին ջութակի դասեր է վերցրել, իսկ հետո նվագելու այդ կարողությունը օգտագործում էր ինձ ու չորսը քույրիկներիս զվարճացնելու նպատակով։

 

Տուն էր գալիս, հարցնում. «Որտե՞ղ է իմ ջութակը»։  Ճիշտ է, նա պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, բայց կարողանում էր կախարդական մթնոլորտ ստեղծել։ Մեկ էլ հանկարծ անտառային կենդանիների ձայներ էինք լսում. գաղտագողի աղվեսն էր անցնում, գայլն էր ոռնում,  էկզոտիկ թռչունների ճռվողյունը տարածվում էրսենյակով մեկ։ Մենք էլ պապիկին շրջապատած՝ զարմացած հետևում էինք նրա մատների խաղին։

 

Երեք բան կա, ինչից պապիկը երբեք չի հոգնում։ Առաջինը սպասն է, երկրորդը՝ ֆուտբոլ նայելը, երրորդն էլ՝ շախմատ խաղալը։ Վերջին զբաղմունքի նկատմամբ թոռնիկերի մեջ առանձնահատուկ սեր սերմանելու նպատակով նա շախմատի դասեր էր տալիս։ Տախտակի վրա շարում էր ֆիգուրները և ամենայն լրջությամբ սկսում բացատրել խաղի կանոնները։

 

Այսօր տատիկս նրա համար ամեն ուրբաթ թխվածքաբլիթներ է պատրաստում, որպեսզի պապիկը իր ընկերների հետ միասին ամբողջ օրը այգում շախմատ խաղա։

 

Պապիկը Բրյուսովի անվան համալսարանում ռուսերեն լեզվի դասախոս էր։ Աշխատանքը նրան ոգեշնչում էր, և այդ խանդավառությունը փոխանցվում էր նաև ուսանողներին։

 

Որոշ ժամանակ անց նա նկատեց կանաչաչյա մի օրիորդի, ով կլանված լսում էր նրա վարած դասախոսությունները։

 

Ռուբենի ուշադրությունը գրավեցին պարտաճանաչ Ալևտինայի կոկիկ տետրերը, գեղեցիկ ձեռագիրը։ Գրավոր աշխատանքները գրագետ էին։

 

Օրեր հետո Ռուբեն Ստեփանովիչը սիրահարվեց, ու նրանք սկսեցին հանդիպել։

 

Ալևտինան իմ ապագա տատիկն էր։

 

Եվ հիմա՝ շուրջ կես դար միասին ապրելուց հետո, նրանք զրուցելու ու, պատահում է, վիճելու պահերին իրենց խոսքում այնքան համով-հոտով ասացվածք ութևավոր խոսք են օգտագործում, որ մնում է միայն լուռ նստել՝ փորձելով դրանք ընկալել ու մտապահել։

 

Տատիկս մեծ ձեռքի շնորհ ունի՝ կարում է, մեկ-մեկ գործում։ Երբ փոքր էինք, նա և մեզ էր հագցնում, և մեր  տիկնիկներին։

 

Նրբաճաշակ է։ Շատ է սիրում լայնեզր գլխարկ կրել, որը կատարելապես լրացնում է վառ դեղին հագուստի ու ալ կարմիր շրթներկի համադրությունը։

 

Բացի այդ նա լավ խոհարար է։ Երբ մեզ՝ երեխաներին, պետք է եկեղեցում կնքեին, տատիկը 250 հատ մանթի էր փաթաթել, որ վերջում բոլորս միասին ուտեինք։

 

Բացի տոլմայից, քյաբաբից, նա բազմաշերտ պիցայանման մի այնքան համով ուտեստ է պատրաստում, որ մեկ անգամ փորձելուց հետո համը բերանից դուրս չի գալիս։  Ունի խնձորի հանրահայտ թխվածք, որը միշտ չորեքշաբթի օրերին տանում է աշխատանքի վայրը՝ իր գործընկերներին հյուրասիրելու։

 

Տատիկը որդիներ է դաստիարակել ու, բնական է, նրանց համար «աղջկական» խաղալիքներ երբեք չի գնել, չնայած որ ցանկությունը մեծ էր։

 

Եվ հենց այս ձգտման շնորհիվ մենք՝ քույրիկներս,  բազմապիսի խաղալիքներ ունեինք։ Նա, ինչպես և շատերը այդ ժամանակ, բնավ, մեծ կարողությունների տեր մարդ չէր, սակայն շարունակում էր մեզ ուրախացնել՝ իրականացնելով նաև սեփական վաղեմի ցանկությունը։

 

Տատիկը ծայրահեղ անհանգիստցող է, սիրում է բարձրաձայնել մտավախությունները։ Չափազանցնելու և ժամանակից առաջ ընկնելու մեծ վարպետ է։ Այնուամենայնիվ, դա հաճախ օգնում է տարբեր անախորժություններից խուսափել։

 

Ինչ խոսք, բարեկամներ ունենալը՝ հզոր  ընծա է։ Նրանք ծառի արմատներին են նման, որոնք սնուցում ու կերտում են բույսը։ Մարդը էությամբ սերտ կապված է ծնողի հետ։ Զարգացման համար անհրաժեշտ և կարևոր առաջին փուլի ընթացքում  նա առանց ուրիշների հոգատարության ու խնամքի չի կարող նույնիսկ ուղղահայաց դիրք ընդունել։ Եվ երբ  այդ ուրիշը՝  նրա արյունակիցն է, հարաբերակցությունների շղթան առավել ամուր է ու զրնգուն։

 

Շնորհակալ եմ հարազատներիս, որ կան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին