Տիգրան Դանիելյան. Տատիս պուլովերը - Mediamax.am

3185 դիտում

Տիգրան Դանիելյան. Տատիս պուլովերը


Լուսանկարը`


Տատս՝ Ժենյան, արդեն 4 տարի է՝ չկա: Բայց, դե, նա էնպիսի կերպար էր, որ ուզես էլ՝ չես մոռանա: Ասում էր, թե նախ բժշկական է ընդունվել, հետո՝ պոլիտեխնիկ, բայց երկու տեղից էլ պապս ստիպել է, որ դուրս գա: Կրթական լեգենդների մեջ էր մտնում նաև դպրոցի ավարտական ոսկե մեդալի խորհրդավոր անհայտացումը 70-ականների կեսերին: Ու չնայած դրամատուրգիայի դասական կանոններով հորինված այս պատմություններին՝ շատ խելացի կին էր ու գլուխ էր հանում թե́ բժշկությունից, թե́ ճշգրիտ գիտություններից:

 

Պապս՝ Սուրիկը, մեր տան հպարտությունն էր, ու երկուսով ամենից շատ սիրում էին մեծ եղբորս՝ Սուրեն «ջունիորին»: Իսկ ես դրանց էի ավելի նման (մորական կողմին) ու միշտ երկրորդ պլանում էի։ Բայց ես էլ «դրանց» կողմից ժառանգել էի հնարամտությունս ու, թոշակից իմ հասանելիքը չստանալու դեպքում, եղբորս էի ուղարկում. բոլոր քայլերը նախապես բացատրում էի, և 25 րոպե անց բաղձալի 5000-անոցը հայտնվում էր գրպանումս ու ծախսվում` բոլոր հնարավոր քաղցրավենիքները տնեցիների աչքից հեռու ուտելու նպատակով:

 

Մոտ երեսուն տարի առաջ տատիս կուրծքը հեռացրել էին, բայց նա չէր վհատվել ու գտել էր այդ ժամանակների համար ամենաօպտիմալ լուծումը՝ կտավատի ու ոսպի հատիկներից իր համար արհեստական կուրծք էր կարել, հետևի մասում՝ թաքուն գրպաններով: Ժամանակի ընթացքում բոլորս էլ իմացանք դրանց գոյության ու սրտին մոտ պահվող «գանձերի» մասին: Տատս հազվադեպ էր օգտվում այդ գրպանների պարունակությունից։

 

Մի անգամ հիվանդանոց տեղափոխեցին, տանը գումար չկար ու տատս գործի դրեց հոգեպահուստը: Եթե թոշակից ինձ երբեմն բաժին էր հասնում, ապա պահոցի պարունակության մասին միայն երազել կարող էի:

 

Ամուսնությունից 20 տարի անց մերոնք բաժանվեցին, տատս բոլորից ծանր տարավ այդ փաստը: Հայրս տեղափոխվեց արտասահման, ավագ եղբայրս առանձնացավ, ես ու մայրս էլ միասին էինք ապրում: Պապս արդեն մահացել էր, ու տատս ազգականների հետ էր ապրում։ Եթե ասեմ՝ հաճախ էի նրան հանդիպում՝ կստեմ, ու մինչև հիմա էլ ինձ չեմ ներում դրա համար: Ամեն տոնի ու պատահակայն այցի ժամանակ նրան տանում էի սիրելի մենթոլով կոնֆետները, իր համար կոնֆետ դարձած կատվախոտի դեղին հաբերն ու տարբեր համեղ բաներ:

 

Հիշում եմ՝ ծննդյանս օրն էր, նշեցի, ու հաջորդ օրը տատս զանգեց.

 

-Ո՞ւր ես, արի, քեզ հետ խոսելու բան ունեմ:

 

Երեկոյան գործից հետո գնացի մոտը: Նստեցինք, երկար խոսեցինք, իսկ վերջում բազմոցի հետևից հանեց մի գեղեցիկ տոպրակ, բացեց ու ինձ տվեց ծննդյանս նվերը: Գիտեմ, որ ինքը չէր գնացել ու գնել, բայց միանգամից զգացվում էր, որ դեղին պուլովերը իր ճաշակով է: Հազվադեպ եմ լաց լինում, բայց այդ պահին ինձ համար ավելի թանկ ու նաև սպասված նվեր չկար, գիտեի՝ իր հոգեպահուստի իմ բաժինն է: Իր աչքի առաջ փորձեցի, ստացա հավանությունն ու գնացի:

 

Այդ օրվանից մեկ ամիս հետո հանդիպման էի ու որոշեցի՝ վերնաշապիկիս վրայից ուսերիս կգցեմ տատիս նվիրած պուլովերը:

 

Ստացված հանդիպումից հետո ընկերներով հավաքվել էինք, ու անծանոթ համարից զանգ՝ հայրս էր։

 

Հուսալքված ձայնից հասկացա՝ տատս էլ չկա։

 

Իր հիվանդանոց տեղափոխվելու մասին ոչ մեկիս տեղյակ չէր պահել։ Երկու օր այնտեղ մնալուց հետո իմ կապուտաչյա Ժենյան չկար, իսկ հոգեպահուստն արդեն ծախսել էր արարողությունները կազմակերպելու համար:

 

Հիմա տատիցս ինձ մնացած ամենաթանկ հուշը այդ դեղին պուլովերն է, որը հագնում եմ ամեն տարի երկու անգամ՝ իր և իմ ծննդյան օրերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին