Անահիտ Բաղրամյան. Հյուսված հեքիաթ - Mediamax.am

650 դիտում

Անահիտ Բաղրամյան. Հյուսված հեքիաթ


Լուսանկարը`


1997-ի փետրվարն էր, սովորական մի գիշեր, որը հետո պիտի վերածվեր արտասովորի: Պապս այդ օրը մի լավ խմել էր. դե՛ հասկացեք, ե՛ս էի ծնվել… Տատս՝ Մարիամը, ձեռքերն էր պարզել գրկելու երազած «ապագա բժշկին», են բժշկին, որն այդպես էլ մնաց կիսատ հեքիաթում, իսկ մյուս տատս… Մյուս տատուս հետ հանդիպումը հորինված հեքիաթի սկիզբը պիտի լիներ. չգիտեր, որ ծնվել եմ: Երեք օր էր անցել, երբ մայրս կազմակերպեց երկու տարբեր սերունդների հանդիպումը… Մեկ էլ թնդոց, խելահեղ բարձրության հասնող ճիչեր. ամբողջ գյուղը մի քանի վայրկյանում հավաքվեց՝ բան պատահած չլինի:   

 

- Ռայա՛, Ռայա՛, Եղիազարյա՛ն, ձե՛ն հանի, Ռայա՛, հա՛ , ի՛նքն ա, թո՛ռդ ա, առաջնեկդ ծնվե՛լ ա, Ռա՜…

 

Ու հենց այդ պահին գրվեց ի՛մ գիրքը, ի՛մ կյանքի գիրքը…    Մարդիկ ծնվում են հիվանդանոցում, շատերը տանը, ոմանք… ոմանք ծնվում են ուրիշ տիեզերքում. հա՛, հա՛, տիեզերքում, այն տիեզերքում, որը հյուսում են ծնողներիդ լույս աշխարհ բերածները: Տարիներն անցնում էին, տիեզերքս՝ լցվում ու գունավորվում: Շատ ժամանակ չէր անցել, երբ տիեզերքս քանդվեց: Պապս էտ օրը մի լավ խմեց էլի, դե՛ հասկացեք, տա՛տս էլ չկար, Մարիամս չկար. ինքն արդեն տիեզերք էր կիսատ մնացած հեքիաթիս խորքում… Տա՛տս, անու՛շս, իմ լու՛յս ու լուսի՛ն… կներե՛ս ինձ, ՏԱ՛Տ…

 

Գրքիս հերոսներն արդեն երկուսն էին՝ Անուլն ու Ռայան, երբեմնի տեսածս լավագույն ուսուցիչը, լավագույն մայրն ու լավագույն տատը: Տատուս աչքերում առաջին անգամ արցունքներ տեսա, երբ Մարիամս չկար. հասակակցի ու մտերիմի մահը ստիպել էր աշխարհին ուրիշ կերպ նայել, մի քայլ ավելի մոտ կանգնել անդունդին, շուրթերին զգալ մահվան համը, բայց թոռներն հենց այդ պահի համար են, որ բռնեն ձեռքդ ու էլի տանեն արևոտ աշխարհ:

 

Մարդիկ ապրում են այնտեղ, որտեղ ուզում են, որտեղ կարող են, ոմանք ապրում են ապրելու համար, ոմանք՝ ապրեցնելու, իսկ տատս, ՏԱՏՍ ապրում է թոռան հեքիաթին շունչ տալու համար:

 

- Անուլ ջան , գիտե՞ս՝ ծերությունն ինչ ա:

 

 - Հա՛ տատ, ծերությունն են ա, որը բերում է մի քանի կնճիռ, բայց հպարտ զգալու, հպարտ քայլելու լիքը առիթներ: Տա՛տ, երազում եմ՝ ես էլ մեծանամ ու տատի դառնամ, ու հենց քո՛ նման, որ ասեն՝ տեսեք՝ Եղիազարյանի թոռը ինչ լավ տատի ա…   

 

- Հմմմմ, դե պիտի սկզբում մայր դառնաս հե… չնայած ասա՝ ում եմ ինչ ասում: Քո գիրքը դու ես գրում, բայց էնպես գրի, որ երկնքից քեզ նայող հրեշտակները նույնիսկ երկնքում հպարտանալու առիթ ունենան:

 

Մարդիկ ծնվում են հիվանդանոցում, շատերը տանը, ոմանք… ոմանք ծնվում են ուրիշ տիեզերքում…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին