Մարիամ Մկրոյան. Հուշեր - Mediamax.am

2856 դիտում

Մարիամ Մկրոյան. Հուշեր


Լուսանկարը`


Երբ թերթում եմ անցյալիս էջերը…

 

Իմ մանկության մեջ են ապրում պապս ու տատս, այն ազնիվ ու պարկեշտ մարդիկ, ովքեր ասես կամուրջ են գցում մեր և իրենց սերնդի միջև և հարթում այն անջրպետը, որ բաժանում է մեր երկու սերունդներին։ Այդ կամրջի միջոցով նրանք մեզ են փոխանցում իրենց կյանքի փորձը, իրենց դարի գույները, յուրովի մեզ պատրաստում գալիքին։ Այդպիսով նրանք դառնում են մեր ամենալավ խորհրդատուները, մեր ընկերներն ու պաշտպանները։

 

Տարիներն անցնում են, և այդ կամուրջը մագնիսական մի հզոր ուժով ձգում է մեզ, միաձուլում, ու այդ ժամանակ չես զգում տարիքդ, նրանք էլ չեն զգում իրենցը. դու մեծանում ես, նրանք՝ մանկանում։ Պապս ու տատս իմ ամենահամբերատար խաղընկերներն էին։ Նրանք միշտ փորձում էին բավարարել իմ բոլոր ինչուները և չէին զլանում նույն հարցին պատասխանել նորից ու նորից։

 

Այն մութ ու խավար տարիներին, երբ մի կտոր հացի համար գոյության պայքար էր մղվում, նրանք մեր կյանքը դարձնում էին անհոգ, սնում էին մեզ իրենց անսահման սիրով, որը ոչ մի խանութում չի վաճառվում և գին էլ չունի։ Եվ նրանց մեծ սերն է, որ առկայծում է անցյալի հուշերում և լուսավորում իմ կյանքի ուղին։ Նրանք իմ հարստությունն էին, բարոյական բարձր արժեքների կրողը, նրանք զերծ էին ձևից ու ձևականությունից, հավանաբար այն պատճառով, որ հասուն էին արդեն ու կյանքի բովով անցած։ Նրանք հասցրել էին հասկանալ, որ ամենակարևորը կյանքում բովանդակությունն է։ Սիրում եմ ձեզ, իմ լուսավոր մարդիկ, ինձ գունագեղ ու բազմաբույր մանկություն պարգևող մարդիկ։

 

Հիշողություններս տակնուվրա են անում սիրտս, և միտքս սկսում է դեգերել հուշերիս օվկիանում։ Երբ դեռահաս օրիորդ էի՝ հույզերի ալեկոծ ծովում հայտնված, պապս զգում էր ինձ, զգում էր սրտիս ամեն մի բաբախյունը։ Զգում էր և շատ նրբորեն հանդարտեցնում իմ ալեծուփ ներաշխարհի ալիքները։ Սիրելի՛ իմ պապ, կարոտով եմ հիշում մեր զրույցները, երբ բացահայտում էի նորը, չերևացողը, երբ սովորում էի ճախրել երկնքի անծայրածիր կապույտում, սուզվել անհատակ ծովի խորքերը։ Այնքան սեր կար քո տված կրթության մեջ և այնքան մեծ հոգի...

 

Հիմա, ամեն անգամ, երբ կյանքի հորձանուտը կանգնեցնում է ինձ տարբեր որոշումների առաջ, քո ձայնն է ականջիս հնչում, իմ աչալուրջ պապ, իմ հավատարի՛մ ընկեր։

 

- Մայրո ջան, ուշադիր եղիր, թոռնի՛կս։

 

Սիրելի՛ տատիկներ ու պապիկներ, լույսով լցրեք ձեր թոռնիկների աշխարհը, նրանց տվեք աշխարհի ամենահամեղ և ամենաառողջարար սնունդը՝ ձեր անմնացորդ սերը, և այն, որպես անգնահատելի ժառանգություն, կշարունակի ապրել նրանց լավագույն հուշերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին