Անահիտ Մկրտչյան. Տատս - Mediamax.am

5572 դիտում

Անահիտ Մկրտչյան. Տատս


Լուսանկարը`


- Տա՜տ, տատի՜, Արեգնազանը կպատմե՜ս... Մոլլի հեքիաթը կպատմե՜ս... Չէ՜,  Զանգի- Զրանգին...

 

Այսպիսի խոսքերով էին սկսվում մեր գիշերները և տանում մեզ Տատիս հեքիաթների աշխարհում շրջագայելու։ Տատս միշտ ենթարկվում էր թոռների ամենօրյա ցանկությանը և իրեն, միայն ու միայն իրեն բնորոշ հոգատարությամբ և ոգևորությամբ մեզ ուղեկցում երևակայության ու իրականի այդ սահմանագծում։ Զարմանալի է՝ այդ հայտնի պատմությունները Տատիս կողմից յուրօրինակ էին պատմվում. ամեն անգամ մի նոր ձև էր ընտրում, նոր ուղով էր տանում մեզ, բայց միշտ վերջը նույնն էր. երկնքից ընկնում էր հայտնի պտուղը, իսկ այդ ժամանակ մենք արդեն մեր երևակայական աշխարհում էինք, մեր երազներում։

 

Մանկական հեքիաթներին փոխարինելու եկան Տատիս ու իր ընտանիքի պատմությունները։ Հասմիկ տատս տան կրտսերն էր։ Ծնողները Ղարսից էին։ Աչքերն արցունքոտվում էին ամեն անգամ, երբ պատմում էր՝ ինչպես փրկվեցին ծնողները, ինչպես հանգրվան գտան մի փոքրիկ գյուղում։ Գյուղ, որը հենց իրենք շենացրին, որը պիտի հերոսներ ծներ հետագայում։ Ի հեճուկս Հայ մարդուն աշխարհիս երեսից ջնջելու ջատագովների՝ Տատիս գյուղը սկսեց ապրել նոր ոգով. մանուկների ճիչը ապրելու և արարելու ուժ տվեց։

 

Ծնվեցին մանուկներ, որոնք հետագայում պիտի տեսնեին պատերազմի սարսափներ. պատերազմ, որը խլեց իրենցից եղբորը, հորը, իրենց ծնողներից՝ զավակներին: Պատերազմ, որը Տատիցս իր մանկությունը խլեց։ Հիշում եմ՝ ինչպես էր զսպված արցունքներից խեղդվող ձայնը նկարագրում ընտանիքի հոգսն իր ուսերի վրա կրող, միայն մեկ տասնամյակը բոլորած աղջկա ճանապարհը դեպի դպրոց, դեպի տուն, դեպի կյանք, իր ու հարազատների լավ ու վատ սպասումները։ Իսկ դպրոցն ավարտել այդպես էլ չհաջողվեց. վերջին տարին էր արդեն, մի քանի ամսից Տատս էլ կստանար ավարտական  վկայական, սակայն մի անգամ ձյան շերտի տակ թաքնված ջրափոսի մեջ ընկնելուց հետո այլևս հրաժարվում է հարևան գյուղի միակ դպրոցից էլ։

 

Տատս կյանքի ավելի հասուն շրջանում նորից պետք է ապրեր  պատերազմի արհավիրքը՝ պայքարելով  արդեն զավակների ու թոռների համար։

 

Ամեն անգամ Տատս պատմում էր՝ հույս ունենալով, որ մեզնից գոնե մեկը հետագայում գրի կառնի, որ չի մոռացվի իր ծնողների պատմությունը, հետո կարծես ինքն իր համար բացահայտում էր ու ավելացնում, որ քանի դեռ մենք կանք, ինքն էլ, իր ծնողներն էլ ապրում են՝ ամեն մեկն իր պատմությամբ հարստացնելով կյանքը։

 

Կյանքի փորձն էր, թե բնությունն էր այդպիսին կերտել Տատիս, չգիտեմ, բայց նրա մեջ մեկտեղված իմաստնությունը, բարությունը, համեստություն ու հայացքի հանգստությունը այնքա՜ն հատուկ էին իրեն ու միայն իրեն։ Նա այդպես էլ չսովորեց բողոքել. յուրաքանչյուր ծանր իրադրության համար ուներ մեկ պատասխան. «Հարմար է»։

 

Նույնիսկ մահվան դեմ կանգնեց նույն հանդարտությամբ, սիրող հայացքով, ժպտաց իր մորը, ում միշտ պահել էր սրտում ու միացավ նրան՝ թողնելով ամեն մեկիս մեջ իր հսկա սրտից մի կտոր։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին