Տաթեւ Հարությունյան. Իմ Արարատ պապը - Mediamax.am

1789 դիտում

Տաթեւ Հարությունյան. Իմ Արարատ պապը


Լուսանկարը`


 

 

Պապիս տեսնում էի ամառները` երբ գնում էի գյուղ: Պապս հանդից տուն էր գալիս, տեսնում, որ թոռը քաղաքից հյուր է եկել: Բարի աչքերը փայլում էին: Գալիս էր, գրկում ու ասում.

 

- Բարով ես եկել, բալիկ ջան:

 

Նստում էր տան դիմաց դրած փոքրիկ փայտե աթոռին, իսկ ես նայում էի նրան ու փորձում պատկերացնել` ինչպիսին է եղել նա մինչև այս տարիքին հասնելը: Ինձ հետաքրքիր էր նրա մանկությունը` ինչպես է ապրել պատերազմի տարիներին, երբ ընտանիքի հոգսը մնացել է նրա ուսերին, դպրոցական կյանքը` առանց տետր ու գրիչ, ծառայությունը, տատիս հետ հանդիպումը:

 

Լուռ հանում էր կոշիկները ու գնում մի կտոր հաց ուտելու: Գնում էի նրա հետևից ու ասում.

 

- Պապի՛կ, մի հետաքրքիր բան պատմիր քո կյանքից:

 

Մտածում էի, որ կսկսի պատմել սովից, մանկության ու պատանեկության տարիների դժվարություններից: Սակայն նա ինձ  չէր անհանգստացնի` պարտադրելով լսել իր կյանքի դժվարությունները:

 

Նա ժպտում էր ու սկսում պատմությունը:

 

Ամեն անգամ սրտի թրթիռով սպասում էի` տեսնես այս անգամ ինչ կպատմի իմ քչախոս պապը:

 

Փորձում էի հիշողությանս մեջ դաջել ամեն բառը` որը կասեր նա: Նրա պատմությունները ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել: Իմ սիրած պատմվածքներն անգամ պապիս պատմածների նման դյութիչ չէին: Ես հարստանում էի դրանցով ու գյուղը ավելի էր գեղեցկանում ինձ համար:

 

Ահա այն պատմությունը, որը պապս պատմեց ինձ վերջին անգամ:

 

Ձմռան մի գիշեր պապս ընկերների հետ վերադառնում է գյուղ: Մութն ու ցուրտը անտանելի են դառնում: Պապս առաջարկում է գնալ իր ծանոթներից մեկի տուն, հանգստանալ, տաք ու հարմար քնել, իսկ լուսաբացին շարունակել ճանապարհը:

 

Տանտիրոջ տան միջանցքում մի մեծ հայելի է լինում կախված: Երբ պապս ընկերների հետ ներս է մտնում, տանտիրուհին լուռ դժգոհություն է հայտնում, քանի որ այդ ուշ ժամին հյուրեր չէին սպասում: Հայելու մեջ արտացոլվում է տանտիրուհու դժգոհությունը, որը չի վրիպում պապիս աչքից: Պապս սա տեսնելով անմիջապես ներողություն է խնդրում անհանգստացնելու համար ու ասում, որ իրենք գնում են: Տանտերն ու պապիս ընկերները անակնկալի են գալիս: Տանտերը զարմացած հարցնում է.

 

- Ի՞նչ պատահեց, չէ՞ որ նոր եք եկել:

 

Պապս ասում է.

 

- Հայելուն հարցրու, նա կպատասխանի:

 

Պատմությունն ավարտելուց հետո պապս մի քիչ լռեց ու ավելացրեց`

 

- Բալիկ ջան, եթե ուզում ես մեկին օգնել, քեզ մի քիչ նեղություն պետք է տաս:

 

Այսպիսին էր պապս` նրբանկատ, հումորով, ազնիվ ու արդար:

 

Նրա անունը Արարատ է:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին