Վիկտորյա Գևորգյան. Իմ տատիկը - Mediamax.am

1184 դիտում

Վիկտորյա Գևորգյան. Իմ տատիկը


Լուսանկարը`


Նա, ում միշտ թվում է, որ դու նիհար ես ու անգույն, ով քեզանից շատ է անհանգստանում, երբ ջերմում ես, ով միշտ ասում է՝ ամուսնուդ տանը քեզ էդպես պահես, դուրս կշպրտեն:

Լավ  է, որ ամուսնացած չեմ…

 

Շորերիցդ շատերը ուղղակի աղբամանը կնետի, «այս ի՞նչ սերունդ է», բայց գիտի, որ հենց դրանք ես սիրում ու իր համեստ թոշակից միշտ գումար է տալիս, որ աղբամանի շորեր գնես, իսկ ինքն էլ ասի՝ այս ի՞նչ սերունդ է…

 

Մոռանում է իր ծննդյան օրը, բայց քոնը՝ երբեք. Քոնին ներկա է եղել, արտասվել է ու գրկել դեռ հալից չընկած ձեռքերով, սիրել է դեռ ինն ամիս առաջ, պաշտել է ու երես տվել, բարկացել է ու մեծական մի երկու անգամ էլ խփել… Հետո իր վրա է բարկացել ու քեզ սիրել էլ ավելի շատ:

 

Ամենահամեղ պատառը միշտ քոնն է, ամենամեծը՝ նույնպես, ամենամսոտ ափսեն էլ միշտ քո դիմաց է դրված… Չսիրած ուտելիքներդ՝ սեղանի ծայրին…

 

Ծաղիկներ ստանալիս  աչքերը թացությունից փայլում են, ճակատը՝ ուրախությունից կնճռոտում ու միայն մի քանի րոպե հետո՝ ինչքա՞ն փող ես տվել, ափսոս չէ՞ր:

 

Երբ ասում ես՝ ինչքա՜ն գեղեցիկ ես…

 

- Բա որ աղջիկ ժամանակ տենայիր, մեր գյուղի բոլոր տղաները ինձ էին սիրահարվում, ո՞նց պապուդ առա:

 

Բացում է հիշողությունների տուփը ու խրվում անցյալի մեջ, մինչև վերջ, առանց ներկայի որևէ ուղեցույցի, աչքերից մի պահ ցրվում է ծերության փոշին, ու աչքիս առաջ 17-18 տարեկան աղջնակ է, ով երազել էր մեծ ու պոետիկ սիրո մասին, բայց ստացավ սովորական, ավանդական ընտանիք, ու նաև այդպիսի մի սեր՝ սովորական ու ավանդական… Նա դեռ չգիտի դրա մասին: Նստած է իմ առջև՝ ոտքը ոտքին գցած՝ մատները կոկետորեն սահեցնելով կարճ ու սպիտակած մազերի վրայով, սպասում է, իսկ սպասում են նրան, ինչը մի օր լինելու է, շուրթերի կողքերին հավաքված կնճիռները հանկարծ անհետանում են, իսկ դրանք անհետանում են, երբ մարդ երջանիկ մոռացության մեջ է, մարմինը ձգվում է, իսկ մարմինը չի ձգվում ֆիզիկական վարժություններից, այլ՝ չգիտեմ ինչից, բայց երբ ես էլ նստեմ թոռանս հետ այ այսպես, ինպես հիմա, երևի իմանամ…

 

Զանգն է, տան զանգը. այս անգամ այն Չհնչեց սովորականի պես, կարծես ասում էր, «հերի՛ք է հիշես, դիմանալո՞ւ է ծեր սիրտդ, փակի՛ր շուտ այդ տուփը դողացող մատներովդ ու դի՛ր այն դարակդ, որտեղ աղջկական մաշված շորերդ ու երազանքներդ ես պահում, կամ… թոռանդ տո՛ւր. լավ կպահի. բոլոր գաղտնիքներդ նրան ես վստահել, սա էլ վստահի՛ր,  ի վերջո նրա ներկան հենց քո անցյալն է... նույն բույրով ու բնավորությամբ…»

 

- Եկե՛ք, հացն արդեն պատրաստ է, շո՛ւտ, կսառչի… Հիմա… գոգնոցս հանեմ, գամ…

Աչքով արեց. գիտեի նրա այդ ժեստը՝ «Ոչ մեկին չասե՛ս»: Ու միայն ես չգիտեի, տանեցիներն էլ գիտեին, գիտեին, որ ինչ-որ բան ենք թաքցնում, հերթական ինչ-որ «դավադրությունն» ենք կազմակերպել, բայց չգիտեին, որ տատիս՝ ծնողներիցս թաքուն վաղուց չէր տալիս իմ սիրած շոկոլադից, որից ալերգիա ունեի ու չէր թաքցնում ցեղոտած շորորս, երբ բակի տղաների հետ կռիվ անելուց հետո վերադառում էի տուն… Մենք ավելի լուրջ գաղտնիքներ ունեինք, գաղտնիքներ, որոնք կարող են ունենալ միայն տատն ու թոռը, ու միայն տատն ու թոռը կարող են այդպես հասկանալ իրար, որովհետև նրանց բաժանում է ավելի քան հիսուն տարի… Ընկերուհիների լավագույն տարիքային տարբերությունը:

 

Վերջապես սեղան նստեցինք…Ամենամեծ կտորը նորից իմ առջև էր, իսկ բրինձն ու թթու դրած լոլիկները՝ սեղանի մյուս ծայրին…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին