Պայծառ Այվազյան. Իմ Աղվան Պապս - Mediamax.am

970 դիտում

Պայծառ Այվազյան. Իմ Աղվան Պապս


Լուսանկարը`


Ձախ ձեռքին ձեռնափայտը, աջով՝ պարանը շոշափելով հասնում էր այգում կառուցած գյուղական հին զուգարան: Կուրացել էր պապս կյանքի վերջին տարիներին... Չէր նեղվում... ոչ մեկին օգնության չէր կանչում, երևի մտորում էր՝ ամեն մեկն իր գործին է, ո՞ւմ նեղություն տամ: Զուսպ էր պապս. օրվա ընթացքում ինչ ճաշ դնեին սեղանին, լուռ ու մունջ կուտեր. թե երկրորդ կտոր հաց ուզենար, ասեր` տվեք ու չլսեինք, չէր կրկնի, էդպես կիսաքաղց վեր կկենար սեղանից, կքաշվեր իր անկյունը`խավարի մեջ մտորելու անցյալի դաժան օրերի մասին... Իսկ այդ օրերը սկսվեցին 1948 -ի հուլիսի 12-ից, երբ 23-ամյա աշխատավոր պապիս, զրպարտելով անգործության մեջ, աքսորեցին Սիբիր: «Գնացքում հետներս հայեր կային, վրացիներ, թուրքեր... ոչ ոք չգիտեր մեզ ուր են տանում», վերհիշում էր պապս խոր հոգոցով, երբ փորձում էի անցյալից ինչ-ինչ պատմություններ իմանալ: «Գնացքը կանգնում էր միայն ջուր վերցնելու համար. էն էլ մի քանի րոպեով: Ամենքս մեր ուտելիքն ունեինք: Քնում էինք նստած՝ ուտելիքը գրկներիս, որ հանկարծ չգողանան: Թիֆլիսում Աստղիկ հորաքույրս տարբեր տեսակի կերակուրներով տոպրակ տվեց, բայց ո՜նց տոպրակը թռցրին, է՜հ...» Ու պապս, էս պատմությունը հիշելիս, էս հատվածում միշտ լռում էր. ծերունական էհ-ը երկար ժամանակ մնում էր շուրթերին... գուցե դեռ փորձում էր վերհիշել ներկաներին ու իր համար բացահայտել գողին, ով միգուցե մտերիմ ձևացող մեկն էր եղել, որ ճարպկորեն միամտացրել էր իրեն ու ուտելիքը թռցրել... Չգիտեմ, Պապս երբեք չէր խոսում իր կասկածներից, բայց այդ օրերի զգացած քաղցն անջնջելիորեն մնացել էին Պապիս անչափ բարի աչքերում... 

 

Ձմեռային արձակուրդներին թոռներով հավաքվում էինք Պապիս տանը: Գիշերը, երբ վառարանում վերջին կտոր փայտն էր մոխրանում ու պառկում էինք քնելու, խնդրում էինք Պապին, որ պատմի իր աքսորյալ կյանքից, թե ինչպես ճանապարհին քաղցից չմեռնելու համար համագյուղացի ընկերոջ հետ փոխինձ առան, երկու  գդալ յուղ գողացան, շաղախեցին, կերան ու այդ գողության համար դատվեցին՝ երեք օր սոված ու ծարավ փակվելով գնացքի կեղտոտ խցերից մեկում,  թե ինչպես տնից դուրս գալուց 51 օր հետո հասավ Սիբիր ու աշխատանքի անցավ սիբիրյան վտանգավոր անտառներում՝ ամեն առավոտ աշխատանքի գնալիս մտածելով, որ օրը կարող է վերջինը լինել… թե ինչպես հանդիպեց տատիս ու ասաց. «Արի ամուսնանանք, հենց ազատվենք` ես մեր տուն, դու` ձեր »: Այդպես ասաց, որովհետև սեր չկար, որովհետև Պապս ուզում էր դուրս պրծնել տղամարդկանց ընդհանուր բարաքից, իսկ առանձին բարաք տալիս էին միայն ընտանիքներին: «Այդպես էլ ամուսնացանք», կրկնում էր Պապս, ու մենք ամեն մեկս յուրովի պատկերացնում էինք Պապիս ու Տատիս հարսանիքը…

Պապս լռում էր, երևի գգվում էր Տատիս, հիշում երիտասարդության վառ գույները, երբ Տատս արձակում ու սանրում էր երկար վարսերն, իսկ ինքը հիանում ու մտածում էր՝ ինչ լավ է, որ օտար այս երկրում ինքը ունի Տատիս: Հետո Պապս շրջվում էր պատի կողմը, իսկ մենք աղմկում էինք՝ բա հետո՞, հետո ի՞նչ եղավ… Պապիս՝ «դե բոլ ա, քնեք, էն էլ էգուց կպատմեմ»-ը մեզ չէր լռեցնում, ու Պապս շարունակում էր. «Ստալինը որ մեռավ, Ղարիբը, Արարատն ու Լենան ծնված էին: Նամակ ստացա. հերս շատ ծանր էր: Պատասխանեցի. «Ես կազատվեմ, կգամ, իսկ կինս ու երեխաներս՝ հետո»: Սեդրակ Պապը գրել էր տվել. «Երեսդ չտեսնեմ լավ է, քան թե էդ գործը բռնես»: Էդպես էլ հորս չտեսա, բայց տուն հասա երեխեքիս ու ձեր Տատի հետ»:

 

Պապիս աքսորյալ կյանքի բարի ավարտից գոհ՝ մենք վերջապես քուն էինք մտնում, իսկ Պապս շարունակում էր տնքալ ու երազում կռիվ տալ գայլերի ոհմակի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին