Վանիկ Վարդանյան. Կարոտ - Mediamax.am

1950 դիտում

Վանիկ Վարդանյան. Կարոտ


Լուսանկարը`


Պապիս բարի աչքերի մեջ կար մի կարոտ, անսահման մի կարոտ իր ծննդավայրի հանդեպ: Նա Գարդման աշխարհում էր ծնվել ու մեծացել, տուն սարքել ու ընտանիք կազմել: Տասը տարեկան էր, երբ հայրը մեկնեց պատերազմ ու զոhվեց այնտեղ: Ընտանիքի հոգսը մնաց նրա ուսերին: Հետո 1988 թվականին ճակատագիրը նրան նետեց Լոռվա քարքարոտ աշխարհը, որտեղ նորից քարը քարին էր դրել ու տուն սարքել:

 

- Վըրդեղա վեր եկել եմ, հունի, մոշի, թզնի, ճղոպուրի երկիր էր, - ասում էր պապս:

 

Իր այգում ամեն ինչ էլ ցանել ու աճեցրել էր, բայց թուզը ոչ մի կերպ չէր կարողանում աճեցնել:

 

- Էս թուզը իրա հողնա ուզում, իրա արևնա ուզում ու իրա երկինքը:

 

Աշխարհում ամենքից շատ իր թոռներին էր սիրում: Մենք էլ նրան էինք շատ սիրում: Նա տանն իր անկյունն ուներ ու իր սահմանած կարգն ու օրենքը: Նահապետական խիստ դիմակի տակ մի բարի, անչափ բարի սիրտ կար թաքնված, ու այդ սրտի մեջ այնքան սեր կար, որը կբավականեցներ ամբողջ աշխարհին ու դեռ էլի շատ կլիներ: Օգնում էր բոլորին ու փոխարենը ոչինչ չէր ուզում: Իր տան վերջին կտոր հացը կտար սովածին ու կարիքավորին ու չէր խնայի:

 

Պապս բազմաթիվ բանաստեղծություններ գիտեր, որոնք ոչ մի գրքում չես գտնի, ոչ մի տեղ չես կարդա: Ինչ էլ պատմեր, ինչի մասին էլ խոսեր, իր ուշքն ու միտքն էլի իր թողածն էր, Իր կորցրածը:

 

Պապս միշտ ասում էր, որ մարդը էս աշխարհից ոչինչ չի տանում, բայց անունն է թողնում, ու պետք է ԼԱՎ անուն թողնի: Պապս թողեց իր ԼԱՎ անունը, որով այժմ ես հպարտանում եմ: Ու թեպետ պապս ասում էր, որ մարդն իր հետ ոչինչ չի տանում, բայց նա իր աչքերի  մեջ տարավ իր Գարդման աշխարհի կարոտը, իր հող ու ջրի կարոտը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին