Վալտեր Հակոբյան. Իմ տատերը, իմ պապը - Mediamax.am

3452 դիտում

Վալտեր Հակոբյան. Իմ տատերը, իմ պապը


Լուսանկարը`


Ու սլանում էր ճեպընթացը մեր. կտրել անցել էր վիթխարի ժամանակները: Հետեւում էինք թողել Ծիր Կաթինը՝ իր բյուր միլիարդ պատերազմներով: Հաջորդ ու վերջին կանգառը գյուղն էր իմ. ԻՄ մուրազների գյուղը, ուր տունն էր իմ հայրական` երազախաբված տասը միլիարդ անգամ. Ու հասա ես…

 

Տան հետեւում լարից կախված էր լվացքը տատիս. գոգնոցներ էին միայն, հաշվեցի. 27-ն էին, ճիշտ նույնքան տարիքս է: Մոտեցա: Տատս լվացք էր դեռ անում, տաշտի մեջ հրաշքներ էր գործում: Ուզեցի փաթաթվեմ, գլուխը բարձրացրեց, կիսակուրացած, կես խամրած աչքերում ես էի` իմ ողջ աշխարհով: Աչքերում ես էի` իր ծնկներին քնած, ուր ինքը հաշվում էր մազերս հատ-հատ, կարծես ձավարն էր մաքրում իմ մանկությունից: Ու ես քնած էի` գլուխս դրած երազ ծնկներին, գլուխս դրած բախտին այն հեռու…

 

- Բալա, գոգնոցս կախեմ, չորնա: Ի՞նչ գույնով ներկեմ 28-րդը: (Շուտով 28 եմ դառնում):

 

- Ներկիր գույներով պատերազմների, չէ, ավելի լավ է գույնով Սիրիայի, Իրաքի կամ էլ Կորեայի: Տա՜տ, մի վայրկյան, ներկիր գույներով Ղարաբաղի, որ տանեմ հետս, վերցնեմ ճեպընթացս, տանեմ նոր աշխարհը փրկված կրակից: Տատս չներկեց գույնով Ղարաբաղի, փոխարենը ճակատս համբուրեց, հավաքեց գոգնոցներն ու գնաց հորիզոնի կողմը… Անվերջ փոքրացող ժամանակում հորական տատս մեծանում էր միշտ:

 

Հորական պապիս քիչ ճանաչեցի, այդպես էլ չհասցրինք խոսել լույսի մասին, չնայած որ էներգետիկ էր: Ճեպընթացս արագ շարժվեց դեպի կողմը կարոտների: Ու այդ կարոտի միգամածության ու ժամանակի տաք խաչմերուկում գտա մորական տատիս: Նույն հացատունն էր, նույն թոնրի շուրթին ու նույն գոգնոցը: Ախ, այդ գոգնոցները: Ինչքան եմ շնչել գոգնոցի հոտը: Լավաշ էր թխում տատս: Հրաշքներ էր գործում: Ու հանճարեղ էր թոնիրն անգամ`  ենթարկված տատիս: Տատս էր հանճարեղ: Լավաշի հոտը կտրել անցել էր ծիրկաթինները: Ասի` տատ, լավաշ տուր, սոված եմ: Տատս թե` բալա, պատերազմ է դեռ, լավաշը պետք է այնտեղ` Սիրիա ու Իրաք կամ էլ Կորեա, հոն կուղարկեմ: Ասի` տատ, ախր, մի քիչ էլ, մի փոքր էլ թխի, Ղարաբաղ տանենք: Տատս չթխեց Ղարաբաղի համար ոչ մի լավաշ: Համաբուրեց ճակատս, Հայր մերն ասաց ու դառավ դեպի հորիզոնի կողմը: Հորիզոնից այն կողմ տատերս հիմա պայքարում են պատերազմի դեմ: Հացատան կողքը մորական պապս իր վարող մեքենան էր սարքի գցում: Քթի տակ երգում էր, մոտիկից հայտնաբերեցի, որ լաց էր լինում: Ասի` պապ, շուտ արի իմ ճեպընթացը, կտանեմ քեզ քո հոր ու մոր Մուշը: Ասաց` լաո, տրակտորը սարքերիմ, պիտի էրթամ վար ու ցանք էն իմ Սիրիա ու Իրաք, հետո էլ Կորեա, դեռ շատ գործ կա անելու: Ախր, հետ արի, քեզ տանեմ հիմա, քո տրակտորով Ղարաբաղ գնանք, վարուցանք արա Ղարաբաղում: Պապս համբուրեց ճակատս, նստեց տրակտորն իր, գործի գցեց շարժիչն ու գնաց: Հորիզոնից այն կողմ պատերազմը երբ ավարտվի, անվար հողերը սպասում են պապիս:

 

Մնացի մենակ: Տատերս ու պապս իրենց շուրթերով ճակատիս վրա սիրո ու ճշմարտության կնիքը դրին: Ախր, ո՞ւր գնամ ես այդ կնիքով: 21-րդ դարը այլեւս չի հավատում մեզ: Ու քանի որ ջրհեղեղը մոտ էր, որորշեցի ճեպընթացիս մեջ փոխանակ ամեն կենդանուց զույգ վերցնեմ, մտածեցի` հաջորդ աշխարհում ինձ ավելի շատ հարկավոր են տատիս գույնզգույն գոգնոցները` իրենց մեջ սեղմած սիրով, մորական տատիս տաք լավաշները` իրենց մեջ խմորած հոգով, Հայր մերով, ինձ հարկավոր է մորական պապիս` այս անգամ վարուցանք անող մեքենաները: Հաջորդ աշխարհում ջրհեղեղից փրկված Ղարաբաղն իմ կարիքը չունի. տատերս ու պապս հորիզոնից այն կողմ միաձուլվել են հավերժությանը, դարձել քարե վահանը Ազատ Արցախի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին