Նոռա Գրիգորյան. Բացակայության մասին - Mediamax.am

2517 դիտում

Նոռա Գրիգորյան. Բացակայության մասին


Լուսանկարը`


Միշտ չեմ սիրել շարադրություն գրել: Նախ որովհետև երբեք չէի կարողանում գրել ընդունված, պաթետիկ արտահայտչամիջոցներով: Կարծում եմ՝ բառերին արհեստական ծավալ հաղորդելու հարկ չկա: Եվ հետո գրելը մի քիչ նեղ անձնական եմ համարում: Բայց քանի որ չեմ զլացել գրել շարադրություններ հարևան, ծանոթ, բարեկամ ճժերի համար, ինձ թույլ եմ տալիս մի անգամ էլ գրել ինքս ինձ համար և այնպիսի բաների մասին, որոնք երբեք չեմ քննարկել, դրել-վերցրել:

 

Պստիկ աղջիկ էի: Դպրոցական: Երեկոյան հովին նստած էինք այն ժամանակ դեռևս բարձր ու մեծ թթենու տակ, ընկերուհիս ասաց՝ դե լավ, գնամ արդեն: Ասացի՝ ի՞նչ ես անելու, որ գնաս, մի քիչ էլ մնա: Նա՝ չէ, տատին որ տուն ա գալիս, պետք ա տանը լինեմ: Հետո էլ վրա բերեց՝ երևի լավա՞ չէ, որ դու տենց չես անում: Վստահ չէի՝ լավ ա թե չէ, բայց ասացի՝ ըհըն: Եվ որովհետև չգիտեի, իրոք չգիտեի՝ լա՞վ ա որ չունեմ տատիկ կամ պապիկ, թե՞ չէ: Հստակ չեմ հիշում՝ դպրոցում ոնց էի հաղթահարում այս թեմայով քննարկումները կամ շարադրությունները. իմ հոգատար տատիկը, իմ բանիմաց պապիկը և այլն: Բայց թաքուն մտածում էի՝ եթե ես էլ տատիկ ունենայի երևի իր սիրելի թոռնիկը կլինեի (որովհետև ամենափոքրն էի ու թարթիչներս շատ երկար էին), կամ գուցե ամենաչսիրածը լինեի (որովհետև սաստիկ համառ էի և բորշչի միջից հանում էի հա՛մ կանաչիները, հա՛մ սոխերը, համ էլ բազուկները): Կամ գուցե ավելի վաղ տարիքից ստիպված լինեի պատրաստել, երբ բոլորը աշխատանքի կլինեին, իսկ պապին՝ քաղցած, կամ ամառը կանցկացնեի մյուս տատիկիս տանը՝ Սյունիքում, ու հետ կգայի մի քիչ լցված, մի քիչ արևահարված ու տատիկի համբերատարությունը տասն անգամ չափած: Ես իրոք չգիտեի՝ լա՞վ էր թոռնիկական պարտականություններից ազատված լինելը, թե՞ չէ:

 

9 տարեկան էի, երբ հորեղբայրս մահացավ: Միշտ փակ եմ եղել զգացմունքներ ցույց տալու ու դրանց մասին խոսելու համար: Բայց պապիի պես էի սիրում հոպարիս: Ինձ կրկես էր տանում, ընդմիջմանը փոփ-քորն էր գնում, վերջում՝ քաղցր բամբակ: Ես էլ ամառվա տոթ ցերեկներին օդափոխիչն էի միացնում, հով պատշգամբում շաշկի էինք խաղում, բլբլում էի, դեղերը շարում էի ափիս մեջ ու միշտ նախապես մտածում՝ սկզբից ջուրը մեկնեմ, թե ափս: Գիտեինք հոգ տանել իրար մասին: Երևի այնպես, ինչպես սովորական պապիկ-թոռնիկները: Հիշում եմ ամառվա իմ սիրած ժամերը՝ 7-ից հետոն: Խաբուսիկ նրբությամբ, բայց եռանդով տեղից պոկում էի երկակնանի հեծանիվս, ինձ ընթացք ու շարժում էի զգում, կտրում էի մայթը անիվների մեկ պտույտով ու ամեն անգամ փրկվում ասֆալտահար լինելուց, որովհետև ճիշտ տեղում և ճիշտ պահին հոպարը հասցնում էր ձայնել՝ Նոռա՛, վերև-ներքև նայիր նոր կտրիր փողոցը:

 

Հիմա երբ հաճախ երազում տեսնում եմ այդ սիրելի մարդուն ու ողջն օրն անցկացնում ապահովության զգացումով, բռնում եմ ինձ այն մտքի վրա, որ բոլոր տատիկ-պապիկներիս որոնց չգիտեի, չէի տեսել, ամբողջացրել էի մի մարդու մեջ, ում հետ ինձ թոռնիկ էի զգում: Չեմ հավակնում ոչ մի տեղի, որովհետև գործնականում չունեմ ոչ մի հիշողություն, ոչ մի պահ, ոչ մի դեպք: Եվ գուցե սա ավելի շատ երևույթների և մարդկանց մասին էր, որոնց մեջ իմաստներ ենք դնում,փոփոխում, հավատում իմաստներին և մարդկանց, որոնց դրա կրողն ենք դարձրել:

 

Լավագույն մարդկանց մասին, որոնք կան կամ չկան, բայց միշտ ունես, միշտ զգում ես նրանց (պակասը):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին