1542 դիտում

Լեւոն Փանոսյան. Իմ տատիկը, իմ պապիկը



«Ի՞նչ լավ գործեր ես արել այսօր». պապիկի մշտական հարցը

Տատիկ-պապիկի թեման առանձնահատուկ է իմ կյանքում: Մրցույթի վերջին օրը ես էլ որոշեցի մտքերս հավաքել և մի քանի տող գրել: Ափսոսում եմ, որ չեմ տեսել հայրիկիս ծնողներին՝ Ռոզա տատիկին և Լևոն պապիկին, բայց մայրիկիս ծնողների հետ շատ կապված եմ եղել: Մանկուց ավելի շատ ընկերություն եմ արել տատիկի հետ: Նա ինձ հետ եղել է տարբեր «խրամատներում»՝ հիվանդանոցներում, հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերի նկարահանումներին և այլուր: Կրթության հետ կապված հարցերում նույնպես շատ ուշադիր էր: Երբ հագուստ առնելու էինք գնում, վաճառողին ասում էր՝ վառ գույնի  վերնաշապիկ տա, քանի որ ես այն տարիներին շատ ճանաչված «Հայրենիք» հեռուստատեսությանն էի թղթակցում: Ես ամաչում և խնդրում էի չհիշատակել դա: Սեդա տատիկի մասնակցությունն իմ բոլոր գործերում ես միշտ գնահատել և կարևորել եմ: Տպավորություն է, թե տարբեր նախաձեռնություններ ես անում եմ, որպեսզի հետո զանգեմ և կիսվեմ նրա հետ: Նա միշտ ոգևորվում է դրանով: Մի փոքրիկ գաղտնիք բացեմ՝ մեկ-մեկ քննադատում էլ է: Թե՛ հայրական, թե՛ մայրական պապիկներիս անունը Լևոն է: Մայրական պապիկի հետ մեզ միավորում էր նաև լրագրողի մասնագիտությունը: Բայց լրագրող երազել եմ դառնալ շատ փոքրուց, երբ չէի պատկերացնում՝ ինչով է զբաղվում պապիկը: Նա այն ժամանակ դասախոս էր, իսկ լրագրողի մասնագիտության մեջ ինձ առաջինը գրավեց հեռուստատեսությունը: Պապիկը գտնում էր, որ գրելն ինձ մոտ լավ է ստացվում: Լատինական արտահայտություն կա՝ Nulla dies sine linea: Ռուսերեն բառացի դա հնչում է.  «Ни одного дня без линии»: Ավանդաբար թարգմանվում է նաև՝ «Ни дня без строчки» (Ոչ մի օր առանց տողի): Լևոն պապիկն ասում էր՝ այդ արտայհայտությունը կարգախոս դարձնեմ և գրեմ ամենատարբեր բաների մասին՝ տեսածս նոր ֆիլմերի ներկայացումների և ալն: Նա առաջարկեց, որ ընդունվեմ Հայաստանի ժուռնալիստների միության պատանի լրագրողի դպրոց: Ուրախանում էր, երբ զանգում էի մանկապատանեկան խմբագրություններ և համագործակցում: Մի անգամ տեքստիս մեջ գրել էի «ըմբոշխնել» բառը: Պապիկն ասած, որ քչացնեմ պաթոսի չափաբաժինը: Հիմա ես լիովին համաձայն եմ: Այն ժամանակ ես թողեցի այդ բառը: Պապիկին դուր չեկավ, բայց գնահատեց, որ իմ կարծիքն ունեմ: Լևոն Կիրակոսյանը կարևորում էր լրատվական տարբեր աղբյուրների հետ աշխատելն ու անաչառությունը: Նա հետևում էր ռուսական, արևմտյան, իշխանական, ընդդիմադիր ԶԼՄ-ներին: Պապիկի խոսքով՝ ես լեզու սովորելու հարցում շատ ընդունակ եմ: Ինձ մի խորհուրդ էր տալիս. «Եթե ամեն օր մեկ անգլերեն  բառ սովորես, ապա մեկ տարի հետո 365 բառ կիմանաս: Քեզանից ոչինչ չի գնում»: Իհարկե դա մինիմումն էր: Ինձ միշտ սիրում էր հարցնել. «Դե պատմի՝ ի՞նչ լավ գործեր ես արել այսօր»: Պապիկին այցելելիս, երբ մոտենում էի շքամուտքին և վերելակին, սկսում էի վերհիշել գործերս, որ հետո պատմեմ: Պապիկի մասին այսքանը գրեցի, որովհետև, եթե լավ կամ վատ թերթում կամ կայքում որևէ մեկի մասին գրում եմ, դա նաև Լևոն Կիրակոսյանի նրբանկատության, հեռատեսության, խորհուրդների արդյունքն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am