Տաթեւիկ Շատյան. «Իմ տուրիստ, տնտեսուհի, խոհարար, գաղտնապահ Մամիկը» - Mediamax.am

1916 դիտում

Տաթեւիկ Շատյան. «Իմ տուրիստ, տնտեսուհի, խոհարար, գաղտնապահ Մամիկը»


Լուսանկարը`


Ամեն ամիս իրեն հատուկ ծաղիկն ունի...

 

Աստրաներն աշխարհին ժպտում են սեպտեմբերին ու իրար հերթ  չտալով   ծաղկում են...

 

Տատիկս աշնան 11-րդ օրն էր ծնվել: Ո՜նց էր ուրախանում, որ ծնունդին աստրաներ էինք նվիրում... Ասում էր  40 օր դիմանում են:

 

Կրկին ծնունդդ է… Ես ծաղկավաճառի մոտից մտովի ընտրել եմ աստրաների ամենալավ, ամենափարթամ փունջն ու անձայն շնորհավորում եմ  տոնդ… միայն ափսոս, որ  այն առանց քեզ է անցնում…

 

Իմ Մամիկ...

Հա՜, իրեն էդպես էինք ասում…

 

Երբեք  չեմ մոռանա, երբ առաջին անգամ տատիկիս  դիմահարդարված տեսա։ Իմ զարմացած դեմքին ի պատասխան ասաց. «Ի՞նչ ես տենց նայում, կռասկա չե՞ս տեսել, կռասկա եմ քսել»։ Ավստրալիա էր գնալու, դրա համար էր սիրունացել իմ տատիկը: Բա որ «մանիկյուռը» տեսնեիք` կաս-կարմիր: 

 

Մի հարցում հաճախ էր հետս կռվում. «Բա աղջիկը իրա սիրուն հոնքերը կփակի՞, էդ չոլկեն ինչա՞, որ գցել ես ճակատիդ, ա՛յ ախչի։ Գնում եմ ախպորս մոտ, եթե իմանամ չոլկեդ կտրելու ես, քեզ մի հատ սիրուն  տիկնիկ կբերեմ, չես կտրի՝ չեմ բերի»։ Տիկնիկի անունը լսելով,  խոստացա  ազատվել ավելորդ մազափնջից ու գրկելով իմ տուրիստ տատին, ճանապարհեցի դեպի Ավստրալիա։ Ինչ եղավ հետո՞։ Ռոզի անունով ավստրալուհի տիկնիկին  մամիկս բերեց, իսկ ե՞ս… ամոթ ինձ… պարզապես  չստացվեց նրան առանց այդ «չոլկայի» դիմավորել, չէր սազում։

 

Սահմանափակվեցինք տատիկական «կորի աչքիցս»-ով ու այդ պատմությունն այդքանով ավարտվեց։

 

Մի անգամ էլ մամիկն ասաց, որ մեկ լիտրանոց բանկայում փող է հավաքում։ Շատ էի ուզում իմանալ, թե ինչ է անելու հավաքված գումարով, բայց ամաչում էի հարցնել։ Մտածում էի մեզ համար սիրուն շորեր է առնելու։ Երբ վերջապես ապակե տարրան լցվեց, մամիկը   մետաղադրամները շարեց սեղանին և սկսեց հաշվել: Ասեցի չխանգարեմ ու գնացի սենյակից։ Անցավ որոշ ժամանակ, եկա հարցնեմ, թե ինչքա՞ն գումար էր հավաքվել։ Այն, ինչ եղավ հետո, հա՛մ հուզիչ էր, հա՛մ էլ մի լավ ծիծաղեցինք: Ուրեմն տատիկս մի քանի անգամ հաշվել էր գումարը, ամեն անգամ տարբեր թվեր ստացել, հետո խառնել  էր բոլոր հաշիվներն  ու… մի խոսքով գումարն այս անգամ լցրել էր երկու լիտրանոց բանկայի մեջ ու նորից փակել՝ մինչև նորից հավաքվելը։ Դե իսկ հետո իմացա, որ խնայած գումարով մի արկղ կարագ էր գնել  իմ տնտեսուհի տատիկը։

 

Ասել, որ համեղ էր պատրաստում, նշանակում է ոչինչ չասել: Սիրում էր արևելյան ճաշատեսակներ պատրաստել և բոլորիս մի սեղանի շուրջ հավաքել: Այդ համով ճաշերը հիմա չկան, չկան նաև ընտանեկան սպասված հավաքույթները, որը հրաշալի կազմակերպում էր իմ խոհարար տատիկը…

 

Ինձ համար վարդագույն զգեստ էր գործել: Էնքան սիրուն էր, որ ափսոսում էի հագնել: Մինչև հիմա պահում եմ այն: Իմ երեխաներին ցույց եմ տալու, թե ինչքան գեղեցիկ էր կարողանում հյուսել իմ ձեռքի շնորհք ունեցող տատիկը…

 

Դուք կերել ե՞ք դոշաբով ձյուն: Հա, հա ճիշտ լսեցիք… Փորձե՜ք: Տատիկս  ասում էր, որ իսկական յոգուրտը էսա:

 

Իսկ ծիրանի կորիզներից պատրաստված աղանդերի համը ես երբեք չեմ մոռանա… Անունը «լովզ»  էր: Մի անգամ բաղադրատոմսը ուզեցինք` չտվեց, ասեց, որ դեռ չի պատրաստվում մահանալ: Էդպիսին էր իմ գաղտնապահ տատիկը: Իսկ խմորեղենի  խանութներում վաճառվող ոչ մի թուլումբա քո սարքածի համը չունի սիրելի մամիկ…

 

Էէէէէ, հիշեցի` տխրեցի…

Աստրաներն էլի ծաղկել են…

Շնորհավոր ծնունդդ Մամիկ ջա՜ն…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին