Վիգեն Շիրվանյան. Պապիկս - Mediamax.am

4274 դիտում

Վիգեն Շիրվանյան. Պապիկս


Լուսանկարը`


Երեկ երեկոյան հայտարարեցին, որ մեր թաղամասի ջրամատակարարումը դադարեցվելու է մեկուկես օրով, ու սկսեցինք ջուր հավաքել: Այս իրավիճակն ինձ տարավ 90-ականների սկիզբ, երբ ես օգնում էի պապիկիս ջուր հավաքել ու հետևում, թե ինչպես է այդ կենցաղային գործողությունը վերածվում ընտանեկան ծեսի, որի մեջ կար այնքան հոգատարություն:

 

Պապիկիս տունը հինգհարկանի շենքի հենց 5-րդ հարկում էր: Ջուրը հասնում էր վերևի հարկեր միայն շարժիչի օգնությամբ, ու եթե չկար լույս, ուրեմն՝ վերևի հարկերի բնակիչները ջուր էլ չէին ունենում:

 

Այս ծիսակատարությանը նախ պետք էր պատրաստվել, հետո երբ ջուրը տալիս էին, հարևանները միմյանց ճշտապահությամբ տեղեկացնում էին ու անցնում գործի: Ամեն ինչ մոռացվում ու մի կողմ էր դրվում, քանի որ պետք էր խմելու ջուր հավաքել, լոգարանը լցնել… Միավորող օլիմպիական մթնոլորտ էր ստեղծվում. լողանալ ցանկացողները էստաֆետային ճշգրտությամբ մտնում էին բաղնիք ու «կիպյատելնիկով» տաքացրած ջուրը խառնելով թարմ նոր բերված ջրի հետ, սկսում մի ձեռքով անուշ-անուշ, բայց վայրկյաններն ու ջրի ծավալը մտքում հաշվելով լողանալ, մինչ հերթում հաջորդը սպասում էր բաղնիքի դռան չրխկոցին, որ ներխուժի գոլորշիախառը սենյակը:

 

Պապիկս այս ամբողջ գործընթացի ղեկավարն էր: Ես այդ ժամանակ 12-13 տարեկան էի և անհամբերությամբ էի սպասում խաղ թվացող ծեսին:  

 

Խոհանոցում դրված էին մի քանի 3 լիտրանոց տարաներ, որոնք միշտ շարվում էին նույն հաջորդականությամբ, այնպես, որ թեթև վնասվածները լինեին վերջում: Ինձ համար աննկատ էին այս տարբերությունները, բայց ժամանակի ընթացքում ես էլ սովորեցի զանազանել:

 

Իր պատվավոր տեղն ուներ մեծ թերմոսը, ուր լցվում էր խմելու ջուրը: Պապիկս այն բերել էր Իրանից հայրենադարձվելիս, ու երբ նայում էի բոտեռոյական զինվոր հիշեցնող այդ ցմփորին, միանգամից աչքիս առջև պատկերվում էր Բալզակի կերպարը, որը մի անգամ նկարագրել էր գրականության ուսուցիչը: Պապիկս առաջինն ինձ էր ջուր տալիս, հետո լցնում էր իր բաժակը, խմում ու լավ «ուխաաա~այ» ասում: Ու անցնում էր ջրի պես երկար իր պատմություններին:

 

Ջրի նկատմամբ խնայողությունը աքսիոմա էր տանը, պապիկս՝ այդ օրենքի երաշխավորը: Փորձվեր մեկը անփութորեն թափել ջուրը, պապիկիս հանդարտ կեցվածքը միանգամից փոխվում էր, ու ձայնի դղրդացնող ելևէջներն իջնում էին հինգերորդ հարկից, հասնում բակ, լցնում բակի «բեսեդկան» ու ֆուտբոլի դաշտը, որտեղ եթե ես ֆուտբոլ խաղալիս էի լինում, հիշեցնում էին կարգապահության ու խնայողության մասին: 

 

Մնացել էր մոտ մեկ ու կես ամիս, որ վերադառնայի տուն, երբ իմացա՝ պապիկս մահացել է: Մինչ այդ ամեն շաբաթ խոսում էի հետը հեռախոսով, աչքերն արդեն չէին տեսնում, ձայնն էլ նվաղել էր: Երբ տրտնջում էր, թե շուտով մահանալու է, ասում էի՝ պապի ջան, մի քիչ էլ սպասիր, գամ-հասնեմ և իրար հետ ջուր հավաքենք, լցնենք թերմոսն ու մի լավ սառը ջուր խմենք… Հեռախոսի մյուս ծայրին, զգում էի, որ ժպտում էր։

 

Երբ վերադարձա, իր քառասունօրեքի արարողությունից հետո, եկանք ու նստեցինք տանը, զրուցեցինք, հիշեցինք… Վեր կացա, գնացի խոհանոց ու տեսա, որ ապակյա տարաները չկան, հաստլիկ թերմոսն էլ մի անկյունում էր: Վերցրի, դրի իրեն նույն այն սեղանի վրա, որտեղ, կար ժամանակ, ինձնից էլ բարձր էր: Լցրի նրան սառը ջրով, թողեցի մի քիչ, որ հիշի անցած լավ ժամանակները: Հետո բաժակը լցրի, եկա հյուրասենյակ, նստեցի պապիս սիրելի բազկաթոռին ու նայելով պապիս նկարին, աննկատ բոլորից, խմեցի կում-կում, խնայելով, ապա մտքումս մի լաաաաավ «ուխա~յ»  ասացի ու... Կրկին ժպտացինք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին